Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան
Wed, 07 Oct 2026 20:49:37 +0400

Դիմում եմ ձեզ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։
Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։
Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։
Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։
Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։
209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։
Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։
Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։
Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։
Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՆՁԱՄԲ և ՄԻԱՅՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։
Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։
Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։
Հարգելի՛ գործընկերներ,
Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։
Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։
Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղութան գործընթաց։
Շնորհակալություն։
7 հոկտ․ 2026, Անդորրա
Լիլիթ Գալստյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր