«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին
Thu, 08 Oct 2026 09:15:07 +0400
2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքը ղեկավարող, հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը կրկին գլխավորող Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քարոզարշավը մեկնարկեցինք Հաղարծնի վանական համալիր այցելությամբ, որից հետո Դիլիջանում ծաղիկներ խոնարհեցինք Հայրենիքի պաշտպանների հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հայրենակիցների հիշատակին»։
2,5 տարի առաջ՝ 2024 թ․ մայիսին, Դավիթ Սարգսյանը Հաղարծին վանական համալիրի հետ այլ առնչություն է ունեցել։ Այն ժամանակ Դիլիջան համայնքից մեզ պատմել էին, որ Դիլիջանի համայնքապետ, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանի հարազատ եղբայրը` Սասուն Սարգսյանը, հավանաբար համայնքապետ եղբոր հորդորով, 2024թ․ մայիսի 5-ի առավոտյան մեկնել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի պարզի, թե Դիլիջան համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման երթին, որն այդ օրը մեկնարկել էր Հաղարծինից։ Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում եւ Դիլիջան քաղաքում մի քանի խանութի եւ արտադրական օբյեկտների սեփականատեր է, 40 հազար դոլար արժողությամբ մեքենա ունի, սակայն Հաղարծին մեկնել էր հին, մաշված, ապակիները մգեցված «Ժիգուլիով», որպեսզի իրեն դիլիջանցիները չտեսնեն, չճանաչեն, սակայն նրան տեսել էին ու ճանաչել։
Համայնքապետ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը նրա հայրենի գյուղի՝ Հաղարծինում 2025թ․ սեպտեմբերի 7-ին վերածնված Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկերն է։ Սարգսյանը հոգեւոր այդ կառույցի վերանորոգման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել։ Իսկ շուրջ 17 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, համայնքի ավագանու որոշմամբ` համայնքի հոգեւոր-մշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար քաղաքապետարանի ոսկե մեդալին արժանացած Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը տարիներ շարունակ հոգեւոր արարողություններ է կատարում ժամանակավոր եկեղեցու վերածված «Հին Դիլիջան» համալիրի սենյակներից մեկում:
Խորհրդային Միության փլուզումից հետո Դիլիջանում պարբերաբար փորձել են եկեղեցի «հիմնել», սակայն՝ անհաջող: 2013 թվականին Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ դնելով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ։ 2015 թվականից Դիլիջան քաղաքի Ծատուրյան փողոցում, Աղստեւ գետի աջ ափին սկսվել է ՀԱԵ Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը․ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն այն նախագծել է վաղ միջնադարյան հայկական ազգային ոճով։ Եկեղեցու շինարարությունը մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու նրա ընտանիքի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ 2021 թվականին Դիլիջանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատողները գումար էին նվիրաբերում՝ եկեղեցու կառուցման համար քար գնելու նպատակով։
Սակայն հարց է ծագում` Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն ինչպե՞ս է համատեղում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող, Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման գործը եւ հակաեկեղեցական պատարագներին իր մասնակցությունը․ նա 2025թ․ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած, կաթողիկոսի անվան զեղչումով պատարագին էր մասնակցում։
Նախընտրական քարոզչությունը Հաղարծին վանական համալիր այցով սկսած, եկեղեցում մոմեր վառող Դավիթ Սարգսյանի ղեկավարած համայնքապետարանը, հիշեցնենք, դատի է տվել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ընկերություններին` փորձում է հետ վերցնել տարածքները եւ խզել պայմանագրերը: Այն Ռուբեն Վարդանյանի, որը Դիլիջանում եկեղեցի է կառուցում։ Սա հայ քրիստոնյային վայե՞լ արարք է։