Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Անվտանգության երաշխիքը, որը ՌԴ-ն տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի

«Հրապարակ»․ Անվտանգության երաշխիքը, որը ՌԴ-ն տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի

Thu, 08 Oct 2026 09:45:26 +0400


Մեր զրուցակիցն է ՄԳԻՄՕ-ի (MGIMO) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ Միջազգային միտումների վերլուծության, Կովկասյան համագործակցության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը։

– «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովն այցելեց Հայաստան, հանդիպեց Փաշինյանի հետ, առաջարկ ներկայացրեց՝ նոր ատոմակայան կառուցելու։ Ռուսական կողմը եւս մեկ հնարավորությո՞ւն է տալիս Փաշինյանին, որ ճգնաժամային վիճակում գտնվող ռուս-հայկական հարաբերությունները կարգավորվեն։

– Կարծում եմ՝ խնդիրն այստեղ շանս տալու մեջ չէ։ Պարզապես ատոմակայանը, որ կարող է կառուցել «Ռոսատոմը», թե՛ տնտեսական, թե՛ բոլոր այլ առումներով ավելի շահավետ է, քան մյուս բոլոր առաջարկները։ «Ռոսատոմն» աշխարհում լավագույն ընկերությունն է՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մասով, բացի այդ` Հայաստանի հետ աշխատանքի փորձ ունի։ Այնպես որ, գնի եւ որակի համադրությամբ սա լավագույն առաջարկն է, ու այստեղ հարցն այն չէ` Փաշինյանին շանս տալիս են, թե՝ ոչ։ Սա Փաշինյանի հարցը չէ, այլ Հայաստանի հարցն է: Ատոմակայանը կաշխատի 100 տարի, իսկ ՀՀ վարչապետը, ամենայն հարգանքով իր հանդեպ` հաստատ 100 տարի չի աշխատի։

– Այս առաջարկի մեջ քաղաքական բաղադրիչ չկա՞։

– Ռուսաստանը խուսափում է այս հարցի քաղաքականացումից, «Ռոսատոմը»` նույնպես։ Այս քննարկումները պահանջում են հստակ, շատ պրոֆեսիոնալ մոտեցում, դա քաղաքական հարց չէ։

– Ամեն դեպքում, մեզ մոտ դա դիտարկում են քաղաքական փոխհարաբերությունների կոնտեքստում։ Գուցե ատոմակայանի դիմաց, որեւէ այլ հարցում ՀՀ իշխանությունների կողմից քա՞յլ է ակնկալում Ռուսաստանը։

– Ոչ, ես կարծում եմ, որ ռուսական կողմը հարցն այդ տեսանկյունից չի դնի, որովհետեւ եթե ատոմակայանի վերաբերյալ բանակցություններին ավելացվի քաղաքականությունը, բանակցությունները կձախողվեն։ Ընդհանրապես, սա հարց է, որը պետք չէ քաղաքականացնել, ու դա չի լինի ինչ-որ առեւտրային մոտեցմամբ բանակցությունների առարկա, որովհետեւ Հայաստանի հարաբերությունները Եվրասիական միության հետ առանձին հարց են, ատոմակայանը՝ առանձին հարց։ Բազմաթիվ երկրներում, որոնք ԵԱՏՄ կազմում չկան, «Ռոսատոմը» կառուցում է ատոմակայաններ։ Սրանք որեւէ կերպ ո՛չ իրավական, ո՛չ պրակտիկ առումով իրար հետ չփոխկապակցված բաներ են։ Այնպես որ, ես դա նույն հարթության մեջ չէի դնի՝ ԵԱՏՄ, Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը եւ այլն։ Տարբեր հարցեր են։

– Պուտինն ակնարկեց, որ Հայաստանին անհամեմատ էժան են գազը վաճառում, քան նույն Եվրոպային։ Ինչ-որ բան հուշո՞ւմ է այս ակնարկը։

– Ես այստեղ ակնարկ չեմ տեսնում` իսկապես Հայաստանում գազն ավելի էժան է, քան Եվրոպայում, ո՞րն այստեղ ակնարկը։

– Ակնարկ, որ այս քաղաքականության շարունակության պարագայում Հայաստանին սկսեն գազ վաճառել Եվրոպային վաճառվող գնով։

– Եթե Հայաստանը դադարեցնի Ռուսաստանի հետ այսօր գոյություն ունեցող հարաբերությունները, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի։ Ուրիշ ո՞նց։ Գազը կապ չունի ԵԱՏՄ-ի հետ, դրանք լրիվ առանձին, տարբեր բանակցությունների առարկա են։ Մի բան է, երբ Հայաստանը մեր դաշնակիցն է, վաղեմի գործընկերը` բազմաթիվ ուղղություններով։ Մեկ այլ բան է, երբ Հայաստանն ասում է՝ չէ, ինձ պետք չեն դաշնակցային, գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Նման դեպքում տարօրինակ կլինի գազի համար նախկին գները սահմանել։ Վերջին հաշվով, դա որոշելու են Ռուսաստանի իշխանություններն ու գազ մատակարարող կողմը, առաջին հերթին` մատակարարողը։

– Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց՝ երկաթուղու կոնցեսիոն իրավունքը երրորդ երկրին վաճառելու մասին` ՌԴ-ի թույլտվությունը հայցելով։ Ռուսաստանը մինչեւ վերջ պայքարելո՞ւ է երկաթուղու համար, թե՞ կարող են զիջումներ լինել։

– Ռուսաստանը չի պայքարում երկաթուղու համար, մենք ունենք կոնցեսիա, այդ համաձայնությունը լրանում է կոնկրետ ժամկետում, եթե ուզում եք այդ համաձայնությունը դադարեցնել մինչեւ սահմանված ժամկետի ավարտը, ապա եկեք համատեղ հաշվարկներ անենք ու տեսնենք, թե կոնցեսիայի ընթացքում «ռուսական երկաթուղին» որքան ներդրում է արել երկաթուղում, եթե կոնցեսիան ընդհատվում է, ապա այդ փողերը պետք է վերադարձնել։ Սա է ասվում։ Չգիտեմ` դա նշանակո՞ւմ է բոլոր ուժերով կառչած մնալ, թե՝ ոչ։ Թե՞ Ռուսաստանը պետք է ուղղակի ասի՝ դե լավ, վճարել` վճարել ենք, հիմա չեք ուզում, մենք էլ կպտտվենք ու կգնանք։ Ի վերջո, այդ կազմակերպությունը որոշակի պարտավորություններ ունի բաժնետերերի նկատմամբ:

– 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը Հայաստանում մեկնաբանեցին, թե Պուտինը ՀՀ իշխանություններին հասկացրեց, որ այդ հարցով շանտաժն այլեւս չի հաջողվի։ Մոսկվայում է՞լ են այդպես մեկնաբանում: Հայաստանը Ռուսաստանի համար այս տարածաշրջանում, որպես ազդեցության գոտի, այլեւս հետաքրքրություն չի՞ ներկայացնում։

– Եթե Ռուսաստանին հետաքրքիր չլիներ Հայաստանի հետ պահպանել ու ունենալ այն հարաբերությունները, որ մենք ունենք հիմա, դա ե՛ւ ռազմաքաղաքական դաշնակցությունն է, ե՛ւ տնտեսական ինտեգրացիան է եւ այլն, ապա Ռուսաստանը դա ուղղակի կդադարեցներ։ Կարեւոր է իրավիճակը չընկալել այնպես, թե Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների կարիքն ունի միայն Ռուսաստանը։ Դրա անհրաժեշտությունը միայն մենք չէ, որ ունենք՝ ահա թե ինչ էր ուզում ասել նախագահը, իմ կարծիքով։ Եթե Երեւանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու, զարգացնելու հեռանկարով, ապա` խնդրեմ, եթե` ոչ, մենք չենք կարող, չէ՞, որեւէ մեկին պարտադրել, դա, ի վերջո, Հայաստանի խնդիրն է։

– Այսինքն, եթե մեր իշխանությունների օրակարգում չկա ռազմաբազան ՀՀ տարածքից դուրս բերելու հարցը, ուրեմն դրա առկայությունը նրանց անհրաժե՞շտ է։

– Որքան ես գիտեմ, ոչ ոք այդ մասով հարց չի դնում։ Բայց ավելի լավ է` դուք իրենց հարցրեք, թե ինչու այդ մասին չեն խոսում։ Հասկանալի է, որ Հայաստանի հանրությունը հիասթափված է Ռուսաստանից, դժգոհ է Ռուսաստանից` բազմաթիվ պատճառներով։ Դա ֆիքսել են սոցհարցումներով, քաղաքական կուսակցությունների հռետորաբանությամբ՝ դա հասկանալի է, այդպես լինում է։ Մի դաշնակիցը կարող է դժգոհ լինել մյուս դաշնակցից, բայց իրավական անվտանգության երաշխիքը, որը Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին, դեռ այլընտրանք չունի։ Հնարավոր է, որ մեկ ամսից կամ մեկ տարուց, չգիտեմ, ԱՄՆ-ն Հայաստանին այնպիսի երաշխիքներ տա, որոնք ՌԴ-ն է տալիս Հայաստանին, բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Եվ այդ իրավիճակում, իհարկե, մի քիչ ռիսկային է դաշնակիցներից հրաժարվելը։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, չի դադարեցնում երկկողմանի հայ-ռուսական ռազմաքաղաքական միությունը, ՀՀ-ից դուրս չի բերում ռուսական 102-րդ ռազմաբազան։ Իսկ նախագահի հայտարարություններն ուղղված էին նրան, որ թեման դուրս բերվի Հայաստանի ներքաղաքական օրակարգային կոնյունկտուրայից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի սրճարաններն ու ռեստորանները ռուսական տեխնոլոգիաներ են ներդնում․ եկամտաբե՞ր է

Հայաստանի սրճարաններն ու ռեստորանները ռուսական տեխնոլոգիաներ են ներդնում․ եկամտաբե՞ր է Thu, 08 Oct 2026 10:53:48 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով