Տարկետում ստացածների համար նոր կարգավորու՞մ
Thu, 08 Oct 2026 11:23:11 +0400

Հայաստանում տարկետում ստացած քաղաքացիների որոշ խմբերի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմը կարող է բարձրացվել՝ հասնելով 32 տարեկանի։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած համապատասխան նախագիծը։
Գործող կարգավորմամբ՝ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։ Սակայն նոր նախաձեռնությամբ նախատեսվում է առանձին դեպքերում այդ սահմանը բարձրացնել։
ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ որոշ քաղաքացիներ, հատկապես արտասահմանյան բուհերում սովորողները, ուսումնական գործընթացը չեն հասցնում ավարտել գործող ժամկետներում։ Պատճառը տարբեր բուհերում կրթության կազմակերպման, մասնագիտության կամ հետազոտական աշխատանքի առանձնահատկություններն են։
Խնդիր է առաջանում նաև այն քաղաքացիների դեպքում, որոնք մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո պետք է առնվազն երեք տարի Հայաստանում աշխատեն կառավարության սահմանած ոլորտում՝ համապատասխան տարկետումից օգտվելու պայմանով։ Նրանց մի մասը չի կարողանում օգտվել այդ հնարավորությունից, քանի որ ուսումը ավարտելու պահին արդեն հասած է լինում զորակոչի ենթակա լինելու օրենքով սահմանված տարիքային շեմին։
Նախարարության գնահատմամբ՝ խնդիրը հատկապես ակնհայտ է ասպիրանտների դեպքում։ ԿԳՄՍՆ-ի տվյալներով՝ նրանք ուսումն ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում, մինչդեռ նախատեսված տարկետումից օգտվելու համար անհրաժեշտ է, որ դրանից հետո ևս առնվազն երեք տարի պահպանվի զորակոչի ենթակա լինելու հնարավորությունը։
Նախագծի ընդունմամբ այս խմբի քաղաքացիների համար նախատեսվում է լուծել այդ տարիքային սահմանափակման խնդիրը՝ զորակոչի շեմը որոշ դեպքերում հասցնելով մինչև 32 տարեկանի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր