Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Անհնարինը՝ ակնհայտ

Անհնարինը՝ ակնհայտ

Thu, 08 Oct 2026 16:15:11 +0400


Ժամանակին, երբ «Սասնա ծռերը» խոսում էին Հայաստանում եւ Արցախում ազգային ազատագրական շարժում սկսելու մասին, ես չէի հասկանում, թե ինչպես էին նման շարժում հաջողացնելու Հայաստանում կամ Արցախում, երբ հայտնի էր, որ Հայաստանը՝ 99, իսկ Արցախը 100 տոկոսով բնակեցված են հայերով: Այսինքն ի՞նչ, հայը հայի դեմ ազգային ազատագրական շարժո՞ւմ սկսեր… Է՛լ ավտոերթեր, է՛լ բան՝ ժողովրդին ազգային ազատագրական շարժման մղելու համար: Չէի հասկանում, եւ վերջ… Քաղաքացիական պատերազմների պատմությունից գոնե մեկ դրվագ չգիտեմ, երբ վրացին վրացու դեմ ազգային ազատագրական պայքարի ելնի, ռուսը՝ ռուսի, թուրքը՝ թուրքի, ֆրանսիացին՝ ֆրանսիացու: Սա՝ ինչպես ազգը ազատագրես նույն ազգից:

Հիշո՞ւմ եք՝ ռուսական (նաեւ ԽՍՀՄ) հեռուստատեսությամբ հաղորդաշար կար, կոչվում էր «Անհնարինը՝ ակնհայտ»: Ես այսօր փաստի առաջ եմ կանգնած: Այսինքն այն, ինչն ինձ համար անհնարին էր թվում ընդամենը մի քանի տարի առաջ, այլեւս դարձել է ակնհայտ: Ակնհայտ է, որ հայը հայի դեմ ազգային ազատագրական պայքարի արդյունքում մենք կորցրինք Արցախը, իսկ այսօր արդեն փորձում ենք կորցնել Հայաստանը: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում այս պահին, եթե ոչ ազգային ազատագրական պայքար, ես կասեի՝ պատերազմ, որտեղ հայերի մի խումբ պայքարում է հայերի մեկ այլ խմբից ազատագրվելու համար: Մինչդեռ այս կռիվը, որ սկսվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, խմբերից եւ ոչ մեկի համար հաղթական ավարտ չունի: Կզարկենք իրար, կզարկվենք, եւ ի՞նչ: Ո՞վ է լինելու հաղթող հայը, ումի՞ց է նա ազատագրվելու` պարտված հայի՞ց:

Ազգային ժողովում տեղի ունեցածն ի՞նչ էր, եթե ոչ ազգային ազատագրական պատերազմ: Ակնհայտ էր, չէ՞, որ հայերը (իշխանություն, թե ընդդիմություն) միմյանց տանել չեն կարողանում: Դահլիճի 99,9 տոկոսը հայեր էին, չէ՞: Եվ ուրեմն ինչո՞ւ էին զարկում ու զարկվում: Իսկ մինչ այդ քանի նման դեպք է եղել նույն դահլիճում: Նախկինում նման բաների համար գոնե ներողություն էին խնդրում «սիրելի հայրենակիցներից», թե բա՝ քաղաքական վեճ, ֆլան, ֆստան… Իսկ ԱԺ-ում վերջին տուրուդմփոցը սկսվեց հենց ազգային հարցի քննարկման ժամանակ: Իշխանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելու հանձնաժողով էր ստեղծում, փախչում էր Շաքիի դեպքի եւ հայ կնոջ կրած տառապանքների համար պատասխանատվությունից: Դա, բնականաբար, առաջացրեց ընդդիմության զայրույթը եւ… Սկսվեց: Իրար ինչ ասես՝ ասին, ընդհուպ` թուրք: Իսկ ուրիշ ասելու բան կա՞, երբ երկու հայ իրար դեմ ազգային ազատագրական շարժում են անում:

Այս իրավիճակի կնքահայրը մեր երկրում Նիկոլ Փաշինյանն է: Նա է մեր հասարակությունն այսպես պառակտել, հային հանել հայի դեմ: Նրա օրոք, որ հայերը քաղաքական հարցեր բարձրացնեն, բանավեճ ծավալեն, հանունի ճանապարհ ու գործիքներ առաջարկեն, չի եղել: Ով էլ փորձել է շտկել իրավիճակը, լռեցրել են, հետապնդել, բանտ նստեցրել: Եվ «Ապո՛ւշ… Ապուշը դո՛ւ ես» ոճի մեջ արդեն 9 տարի գզվռտվում ենք ու եղած պարտություններին նորերն ավելացնում:

Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ հանրության մեջ կարծիք կա, որ «սրանք հայ չեն»: Մարդիկ նկատի ունեն Նիկոլին եւ նրա թիմը, որ, տիրանալով իշխանությանը, այսօր ամեն ինչ անում են համազգային կառույցները ոչնչացնելու, հայի ազգային ինքնությունը խեղաթյուրելու, պատմությունը մոռացության տալու, ազգային ու պետական խորհրդանիշներն աղավաղելու, Ցեղասպանությունն ուրանալու, ՀՀ սուվերեն տարածքներն օտարելու համար: Այսպես մեզ հետ թուրքն է վարվել հարյուրամյակներ շարունակ… Ի՞նչ ասել այս իշխանությանը, եթե ոչ՝ թուրք: Եվ այստեղից էլ սկսվում է հայ ժողովրդի գիտակից հատվածի ազգային ազատագրական պայքարը Հայաստանի թուրք-ադրբեջանական դրածո իշխանության դեմ:

ՀԳ. Թալանը, ընտրակեղծարարությունը, բռնի ուժի գործադրումը, արդարադատության բացակայությունը, սահմանադրության դեմ ոտնձգությունները, մարդու իրավունքների խախտումները… այլեւս փոքրիկ չարաճճիություններ են, որ մեր ապազգային իշխանությունը թույլ է տալիս իրեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը նորից նահանջել է․ այս անգամ՝ Կոմորյան կղզիների ու Գամբիայի արանքում

Հայաստանը նորից նահանջել է․ այս անգամ՝ Կոմորյան կղզիների ու Գամբիայի արանքում Thu, 08 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով