Ճանաչել զվարչապետս, իմանալ զբանս նորա
Fri, 09 Oct 2026 18:45:13 +0400

Եթե սա է քաղաքականությունը, ապա կարելի է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարության հատուկ դպրոցներում սովորում են ամենազիլ քաղաքական գործիչները: Այդ ի՞նչ են անում ԱԺ մշտական եւ շաբաթը մեկ ԱԺ այցելող քաղաքական գործիչները, որ նշված դպրոցների սաներն ու նրանց խնամատար ուսուցիչները չեն անում: Լեզու չե՞ն հանում իրար վրա, վատ խոսքեր չե՞ն ասում, չե՞ն գզվռտվում, կռիվ-կռիվ չե՞ն խաղում, Նապոլեոնների պակա՞ս կա նշված դպրոցներում: Էհ, խնդրեմ, նույն վիճակն էլ ԱԺ-ում է, ի՞նչ տարբերություն: Ինչ է, թե այդ շենքի անունը ԱԺ է, ուրեմն այնտեղ կապիկություն անողներին պիտի ասենք քաղաքական գործի՞չ: Նույն գժանոցն է՝ ոչ մի տարբերություն… Վերջին քառօրյան ու կառավարության հետ հարցուպատասխանը՝ վկա: Վարչապետ մարդ՝ կանգնել է ամբիոնի մոտ՝ անկապ ծափահարում է, իշմարներ է անում, շուռ է գալիս ու մի իշմար էլ ԱԺ նախագահին է անում… Բա անկապ ու անհոդաբաշխ խո՞սքը, բա ճղճիմ մանիպուլյացիանե՞րը, բա թշնամուն յուրայինից չտարբերե՞լը, իրեն արդարադատության Նապոլեոն եւ Ֆեմիդա երեւակայե՞լը:
Կառավարության գժերի շաբաթական այցերը ԱԺ մշտական գժերին՝ վերածվել են մի տեսակ վատ ավանդույթի: Վաղուց ժամանակն է այս մասին օրենքը փոխելու: Հարցուպատասխանի այդ երեկոները, ի վերջո, մեզ են գժանոց հասցնելու, եթե այսօրվանից միջոցներ չձեռնարկվեն: Ես, օրինակ, կառաջարկեի ՀՀ ԱԺ-ն եւ ՀՀ կառավարությունը ներառել առողջապահության նախարարության հիմնարկների մեջ՝ որպես հոգեկան առողջության վերականգնողական կենտրոններ: Հավատացեք, այստեղ հենց այդ պրոֆիլի պացիենտներ են:
Ներողություն խնդրելով ընդդիմությունից՝ ասեմ, որ պատգամավորական մանդատներն ու նախարարական «ուդոներն» այսօր ոչնչով չեն տարբերվում, այսպես կոչված, «գժի թղթից»: Ով դրանցից ունի, կարող է հանգիստ «գիժ» խաղալ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում՝ իշմար տալ, ծափահարել, ցատկել աթոռներին, ձեռքն ընկած բանը տալ հակառակորդի գլխին, լեզու հանել, ծամածռություններ անել, անհոդաբաշխ բղավոցներ արձակել… Խնդրում եմ, ինձ բացատրեք՝ Հայաստանի էլ ո՞ր հիմնարկում, եթե ոչ գժանոցում, կարելի է Եկեղեցու գործերին միջամտող հանձնաժողով ստեղծել, Հայաստանի էլ ո՞ր հիմնարկում, եթե ոչ գժանոցում, կարելի է ծափահարել թշնամու զինվորի հանցագործությանն ու ձեռ առնել իր երեխաների համար անձնազոհության գնացած հայ կնոջը: Սիրելի ընդդիմադիրներ, առնվազն մի մասնակցեք հարցուպատասխանի այդ ապուշ երեկույթներին, բոյկոտեք եւ ձեր ներկայությամբ լրջություն մի հաղորդեք այդ ծաղրուծանակին:
Իսկ հիմա՝ երկու խոսք թիվ 1-ի մասին: Այս երեւույթը, ի դեպ, ժամանակին ասել է, որ պատրաստ է իրեն նույնիսկ գժի տեղ դնել, եթե դա պահանջի Հայաստանի շահը: Հայաստանի շահը մինչ օրս հակառակն է պահանջում՝ լրջացիր, մինչդեռ նա ամեն անգամ մի նոր «օյինբազություն» է մոգոնում հանուն սեփական շահերի եւ իր աթոռին մնալու: 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունը, մարդկային հազարավոր կյանքերի կորուստը, տարածքների եւ պատմամշակութային արժեքների հանձնումը, Արցախի հայաթափումը, Սեւ լճի, Կիրանցի, Գորիս-Կապան ճանապարհի, Ջերմուկի բարձունքների բռնակցումն Ադրբեջանին, այդ երկրի կողմից նոր անեքսիաների սպառնալիքը եւ ներքին չոռուցավը հրաշալի պայմաններ էին ստեղծել, որ նա իրեն գժի տեղ դներ ու վերանար ասպարեզից: Բայց կանգնեց ու ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ինքը ոչինչ չի զիջել… Հիմա կա՛մ ես եմ գիժ, կա՛մ նա է իրեն գժի տեղ դնում… Արցախն ո՞ւր է, այ ընկեր, տղերքն ո՞ւր են, մեր վանքերն ու դպրոցներն ո՞ւր են, ինչո՞ւ է թուրքը մեր հողում, ո՞ւր է ձեր բերած խաղաղությունը, ինչո՞ւ է ադրբեջանցի զինվորը հայկական գյուղում կրակում հայ կնոջ ու նրա երեխաների վրա… Բայց ինքը գալիս է ամբիոնի մոտ, ծափահարում է, նշմարներ է տալիս: Վաղը գազ ու լույս չենք ունենա, իսկ նա եկեղեցին քանդելով է զբաղված… Այստեղ կա՞ ադեկվատության որեւէ նշույլ:
Մեր օրենքները, եթե չեմ սխալվում, թույլ չեն տալիս այս երկու գժանոցը՝ ԱԺ-ն եւ կառավարությունը միաժամանակ ցրել: Դրա համար, կարծեմ, պետք է վարչապետը մեռնի, կառավարության անդամները մեռնեն, ԱԺ իշխող մեծամասնությունը մեռնի, որից հետո իրավիճակն իր ձեռքը վերցնի նախագահն ու նոր ընտրություններ նշանակի: Բայց, որպեսզի մարդ չմեռնի (կուշտ ենք մահերից), ես Անահիտ Ավանեսյանին առաջարկում եմ օրինագիծ բերել՝ ՀՀ ԱԺ-ն եւ կառավարությունը միառժամանակ առողջապահության համակարգում ներառելու մասին: Այո, գիտեմ՝ ԱԺ-ն ու կառավարությունը կատաղի կդիմադրեն, բայց չմոռանանք, որ մեր երկրում ժողովուրդն է վերջնական վճիռը կայացնողը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր