«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում
Sat, 10 Oct 2026 10:45:50 +0400
ՄԳԻՄՕ-ի (MGIMO) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ Միջազգային միտումների վերլուծության, Կովկասյան համագործակցության տնօրեն Նիկոլայ Սիլաեւի հետ զրուցել ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին:
– Լուրեր են պտտվում, թե դեկտեմբերին է գլխավոր հարցը լուծվելու, այսինքն` դեկտեմբերն այն վերջնաժամկետն է, երբ Հայաստանը պետք է հստակ ասի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների այլ ձեւաչափ է նախընտրում: Նաեւ՝ հստակ պատասխանի ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության մասով:
– Որքան ես գիտեմ, ՀԱՊԿ-ի մասով ոչ մի վերջնաժամկետ չի դրվել, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա մայիսյան սամիթի ժամանակ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը կա, որտեղ ասված է, որ դեկտեմբերին, այսինքն՝ հերթական բարձր մակարդակով հանդիպման ժամանակ կդիտարկվի ԵԱՏՄ-ի՝ Հայաստանի հետ պայմանագրի դադարեցման դեպքում հնարավոր հետեւանքների ներկայացումը։ Այսինքն՝ խոսք չի գնում պայմանագրի դադարեցման մասին, այլ գնահատական կտրվի, թե ինչ իրավական, տնտեսական կամ այլ հետեւանքների կհանգեցնի, եթե դադարեցվի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի պայմանագիրը: Կարծում եմ՝ սա չի նշանակում Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործունեության դադարեցում, բայց պարզ է, որ նման հեռանկարին գնահատական կտրվի տարբեր տեսանկյուններից: Կարո՞ղ են, օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշել կանգնեցնել, սառեցնել Հայաստանի հետ ԵԱՏՄ պայմանագրի գործունեությունը: Պայմանագրի կետերի համաձայն կարելի՞ է այդպես անել` ոչ, սակայն բովանդակության առումով կարող են նույն մոտեցումը ցույց տալ, ինչպես վարվեց Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին իր անդամակցության մասով, երբ ՀՀ-ն հայտարարեց, որ իր մասնակցությունը սառեցնում է, չնայած որ իրավական առումով նման հնարավորություն չկա: Ի՞նչն է խանգարում ԵԱՏՄ-ի չորս երկրների լիդերներին՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, նմանատիպ որոշում կայացնել, բայց այս անգամ՝ ԵԱՏՄ-ի մասով: Հնարավո՞ր է․ իհարկե՝ հնարավոր է, դա տեղի կունենա դեկտեմբերի՞ն․ կարող է լինել եւ կարող է չլինել:
– Ի՞նչ է նշանակում պայմանագրով գործողությունների դադարեցում:
– Դա նշանակում է, որ առեւտրի, փոխադարձ ճամփորդությունների եւ այլն, վերադառնում են առաջնային կարգավորումներին, այն կարգերին, որ կային մինչեւ ԵԱՏՄ-ի ստեղծումը՝ ԱՊՀ կանոնակարգի համաձայն: Իսկ որքան ես եմ հիշում, ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հայտարարություններ Հայաստանից դեռեւս չեն հնչել, գոնե ես այդ մասին չեմ լսել: Իհարկե, վատ է լինելու, եթե դա լինի:
– Պուտինի ու Փաշինյանի՝ Ռուսաստանում հանդիպման մասին վաղուց է հայտնի, սակայն գոնե մոտակա ժամկետներում հանդիպում կայանալու մասին որեւէ հայտարարություն չի եղել: Ռուսաստանը Երեւանից որոշակի քայլե՞ր է ակնկալում, որպեսզի Փաշինյանին հրավիրի Մոսկվա:
– Ոչ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է: Պուտինի ասածը փաստացի հրավեր էր Մոսկվա, որպեսզի քննարկեին ներկայիս խնդիրները: Երբ Փաշինյանն ընդունի այդ հրավերը, այն ժամանակ էլ կգնա Մոսկվա, բայց, մեծ հաշվով, ի՞նչ է Փաշինյան Նիկոլն իր հետ Մոսկվա տանելու՝ ամեն ինչ ասված ու ամեն ինչ հասկանալի է: Այս մասով Երեւանում պետք է որոշում կայացնեն, ի վերջո՝ կողմնորոշվեն․ գնո՞ւմ են Եվրամիություն, թե՝ մնում են Եվրասիական տնտեսական միությունում:
– Ռեֆերենդո՞ւմը նկատի ունեք:
– Ոչ, Մոսկվա կարելի է գալ առանց ռեֆերենդումի էլ, բայց իմաստը գալու ո՞րն է՝ ասել մի բան, որ արդեն բազմաթիվ անգամներ ասվել է, ու ի պատասխան լսել մի բան, որը վաղուց հայտնի՞ է: Ուրեմն պետք է առաջարկել ինչ-որ լուծում: Ինձ թվում է՝ այստեղ կա տարբերակների սպեկտր, օրինակ, կարելի է առանց աթոռից բարձրանալու` չեղարկել Հայաստանի ԵՄ անդամակցության մասին օրենքը, դա անիմաստ փաստաթուղթ է, որի մեջ ոչինչ չկա, բացի քաղաքական դեկլարացիայից:
– Փաստաթուղթը կարող է իրենից ոչինչ չներկայացնել, բայց մենք չգիտենք, թե ՀՀ իշխանություններն ինչ պայմանավորվածություններ ունեն ԵՄ ղեկավարների հետ:
– Երեւի կան ինչ-որ պարտականություններ` եվրոպացիների առաջ, ուրիշ հարց է, որ եվրոպացիներն այդքան էլ չօգնեցին վերջին շրջանում, բայց պարտականությունը կա: Կարող են հրապարակային դա չասել, բայց ոչ հրապարակային ստիպված են լինելու ասել, որ մենք ինչ-որ բան խառնել ենք իրար, որովհետեւ դա իսկապես այդպես է: Այդ ամբողջ պատմությունը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրինագիծն ի սկզբանե սխալ էր, սխալ էր մտահղացման մասից, անհաջող իրականացվեց, երբ ասում են, որ ոչ, մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, իսկ հաջորդ օրը նման օրինագիծ են ընդունում՝ ԵՄ գնալու մասին: Հետ գնալու ուղիներ պետք է փնտրեն, իսկ դա անելը միշտ չէ, որ հաճելի բան է: Կան քաղաքական գործիչներ, որոնք շատ փափուկ ձեւով ընդունում են իրենց սխալները, եւ կան քաղաքական գործիչներ, որոնք դա ընկալում են սուր դանակի պես, չեն կարողանում ընդունել իրենց սխալը: Նիկոլ Փաշինյանը դասվում է երկրորդ տեսակի քաղաքական գործիչների շարքը:
– Բայց Փաշինյանի մոտ լավ է ստացվում հետո արդարանալը, օրինակ՝ ասում է՝ դուք ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի:
– Այդ արդարացումը շատ լավ աշխատում է ներքաղաքական օրակարգում, հատկապես երբ դու երկրի մեդիադաշտի վրա վերահսկողություն ունես, եթե ոչ վերահսկողություն, ապա գոնե՝ դոմինանտ վիճակ, իսկ Փաշինյանը դա ունի: Բայց դիվանագիտության մեջ դա ընդհանրապես չի աշխատում, ոչ մի ձեւ չի աշխատում: Ինձ թվում է, որ խնդիրներից մեկը, որին բախվում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցվում է ներքին քաղաքականության օրինակով: Դիվանագիտական հարաբերություններում բոլորը գիտեն, թե երբ ինչ ես ասել, բոլորը հետեւում են, բոլորը հասկանում են ասված խոսքերի իմաստն ու հետեւանքները, հնարավոր չէ այսօր մի բան ասել, իսկ վաղը՝ դրա հակառակը: Ներքաղաքական դաշտում դա աշխատում է, իսկ արտաքին քաղաքականության մեջ բացարձակապես չի աշխատում: