«Հրապարակ»․ Ծնողներն ասում են՝ չի սովորում` թող չսովորի, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխային դաս հարցնելու

«Հրապարակ»․ Ծնողներն ասում են՝ չի սովորում` թող չսովորի, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխային դաս հարցնելու

Sat, 10 Oct 2026 12:15:58 +0400


Վերջին օրերին հանրությունը բավականին վրդովվեց Գեղարքունիքի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած բռնության դեպքից, երբ ուսուցիչը ծեծի էր ենթարկել երկրորդ դասարանի աշակերտուհուն: Բարձրացված աղմուկից հետո մանկավարժը ձերբակալվեց, նրա նկատմամբ տնային կալանք կիրառվեց: Իսկ երեկ տեղեկություն տարածվեց, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել Սիսիանում: Ուսուցիչը հարվածել է աշակերտին, աշակերտի եղբայրը նկարահանել է պրոցեսը եւ այն տրամադրել իրավապահներին: Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին «Հրապարակը» զրուցել է Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի գրականության երկարամյա ուսուցչուհի Լուսիկ Գասպարյանի հետ:

– Վերջին տարիներին շատ են քննարկվում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները: Աշակերտները նկարահանում են, թե ինչպես է ուսուցիչը դպրոցում դիմում բռնության մեթոդների, իսկ ծնողներն իրավապահներին են դիմում, եւ ողջ հանրությունն օրեր շարունակ քննարկում է այդ հարցը՝ հիմնականում դատապարտելով մանկավարժին, սակայն գաղտնիք չէ, որ նոր սերունդն էլ բավականին ագրեսիվ է, աշակերտները երբեմն հայհոյում են ուսուցիչներին, ծաղրում, թաքուն նկարահանում նրանց, բայց այդ մասին քիչ է բարձրաձայնվում: Ի վերջո` ո՞րն է այսօրվա մանկավարժի առաքելությունը: Ինչպե՞ս եք վերահսկում բարդ իրավիճակները:

– Իմ աշակերտները կփաստեն, ես նրանց դիտում եմ որպես իմ կրտսեր ընկերներ: Ես միշտ իմ տարիքից իջնում եմ, ու կարծես իմ աշակերտները լինեն իմ տարեկիցները: Ցանկացած իրավիճակում, ցանկացած պարագայում ես դեմ եմ բռնությանը, դեմ եմ տգեղ բառապաշարին եւ տգեղ արտահայտություններին: Ուսուցիչը դաստիարակող չէ, ամեն բան սկսվում է ընտանիքից, ուսուցիչը կրթող է, սակայն երբեմն լինում են պահեր, երբ ուսուցիչը ստանձնում է նաեւ դաստիարակողի դեր: Երեխաները բջջայիններից դուրս չեն գալիս, փողոցային երեւույթները շատացել են, եւ դրանք իրենց կնիքն են դնում երեխաների վրա: Ուսուցիչները պետք է աշակերտներին նայեն որպես ընկերոջ, հաճելի բարեկամի, որպեսզի աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները լինեն բարիդրացիական: Պետք է հասնել նրան, որ երեխան հասկանա` դպրոցում իրեն սիրող սրտեր են սպասում: Աշակերտը պետք է սիրով ստանա գիտելիք:

– Դուք տասնյակ տարիներ մանկավարժությամբ եք զբաղվում, տարբեր սերունդների հետ եք աշխատել: Սերունդների մեջ ի՞նչ տարբերություններ եք տեսնում:

– Նախորդ սերունդների եւ այսօրվա սերնդի միջեւ կա մի մեծ անջրպետ: Նախորդ սերնդի ծնողներն այսօրվա ծնողների պես չէին մտածում: Ես անհարմար եմ զգում, բայց պետք է ասեմ, որ այսօրվա աշակերտներին դաստիարակելուց առաջ պետք է այն սկսենք ծնողներից: Ծնողներն իրենց տեղում չեն: Եթե ծնողն իր տեղում լինի, երեխան անպայման իր տեղում կլինի: Իմ մայրը վաստակաշատ մանկավարժ էր: Երբ նա ծնող էր հրավիրում դպրոց, ծնողն ամոթից շիկնում էր, երեխային կշտամբում էր: Այսօրվա ծնողներն ասում են` չի սովորում երեխաս, թող չսովորի, դու ի՞նչ իրավունք ունես իմ երեխային դաս հարցնելու: Մի թարմ դեպք պատմեմ․ իմ դասարանում մաթեմատիկայի ուսուցիչն աշակերտին բազմապատկման աղյուսակից հարց է տվել, ասել է` չորս անգամ չորս ի՞նչ է անում։ Աշակերտը, նայելով ուսուցչի աչքերի մեջ, հարցին հարցով է պատասխանել` ինչո՞ւ եք ինձ աղյուսակ հարցնում։ Ուսուցիչը պատասխանել է` հարցնում եմ, որ սովորեմ…. պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել, սա կենդանի անեկդոտ է:

– Ձեր կարծիքով՝ մերօրյա երեխաներն ինչո՞ւ են հայհոյախոս ու այսքան ագրեսիվ դարձել:

– Դա պայմանավորված է նրանով, որ համացանցում ամեն վատ բան կա: Վատը երեխան շատ արագ է ընդօրինակում, քան լավը, բայց, ինչու չէ՝ ընտանիքները եւս նպաստում են այդ ամենին: Եթե ընտանիքներում գռեհկաբանություն չկիրառվի, եթե ծնողներն իրենց լեքսիկոնի վրա ուշադրություն դարձնեն, ինձ թվում է` մենք լավ աշակերտներ կունենանք: Երեխաները խոսում են ժարգոնով, փողոցային բառապաշարով, ինչն ընդունելի չէ: Երեխաները շատ են հեռացել գրքերից: Գիրքը մեզ համար արժեք էր, այսօր` ոչ: Տարիներ առաջ գրախանութներում հերթեր էին, այսօր գրքերը տրցակներով դուրս են նետվում:

– Փոխվել են ժամանակները, ասում են` մեթոդները նույնպես պետք է փոխվեն, որպեսզի երեխաները հետաքրքրություն ունենան գրականության հանդեպ:

– Մեթոդները թող փոխվեն: Հազար տեսակ մեթոդ ենք կիրառում, բայց գիրքն ի՞նչ մեղք ունի, որ տրցակներով աղբամանն են նետում: Հոգիս մղկտում է: Վերջերս մի տատիկ հատակի վրա Պարույր Սեւակի հատորներն էր վաճառում` հատը 200 դրամով: Գնեցի գրքերը, որպեսզի դրանք գետնի վրա չտեսնեմ:

– Երբ Ձեզ բարկացնում են աշակերտները, ինչպե՞ս եք նրանց սաստում:

– Իմ աշակերտներն իրենց չափը չեն անցնում: Դա ինձնից էլ է գալիս: Ես չեմ հիշում նման դեպք, որ ես աշակերտին ապտակած լինեմ: Գուցե ձայնիս տոնը բարձրացնեմ, բայց իմ աշակերտներն իրենց չափն իմացող երեխաներ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը Sun, 01 Nov 2026 21:45:12 +0400 Իրանը մտադիր չէ սպասել…

15 րոպե ago

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում Sun, 01 Nov 2026 21:30:16 +0400 Ավանդական…

30 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Sun, 01 Nov 2026…

41 րոպե ago

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար Sun, 01 Nov 2026 21:00:17 +0400…

60 րոպե ago

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400 Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք…

1 ժամ ago

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

1 ժամ ago