Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Mon, 12 Oct 2026 14:15:11 +0400


Մի քանի ամիս մարդու կալանքի պատճառ դարձած այս պատմության ամենաուշագրավ մասը 14,5 միլիոն դոլարի ճակատագիրը չէ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, պաշտպանության կողմի ներկայացրած փաստերի համաձայն, սեփական միջոցները ներդրած, գործընկերոջը բաժնեմաս տրամադրած և վերջում իր գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրած Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ նրան գումար վերադարձնելու պարտավորություն ստանձնած անձինք ներկայացվում են որպես տուժողներ։

Այսինքն՝ բիզնեսի նոր հայկական մոդելը, կարծես, հետևյալն է. դու ներդրում ես անում, գործընկերոջդ բաժնեմաս ես տալիս, գումար ես տրամադրում, հետո երբ պահանջում ես վերադարձնել այն, որպես բոնուս՝ ստանում ես մեղադրյալի կարգավիճակ։ Շատ հարմար համակարգ է․ ներդրողը կորցնում է և՛ գումարը, և՛ հանգիստը, իսկ պարտապանը ստանում է տուժողի կարգավիճակ։

Փաստաբանների այսօրվա հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ Ծառուկյանը բիզնեսում ներդրել է 14,5 միլիոն դոլար՝ 7 միլիոնը բանկից վերցված վարկով, ևս 7,5 միլիոնը՝ սեփական միջոցներից։ Գործընկերը՝ Արման Օլամային նույնիսկ մեկ դրամ չի ներդրել, բայց ստացել է ընկերության 50 տոկոս բաժնեմասը։
Այսինքն՝ Ծառուկյանը ոչ միայն գումար է ներդրել, այլև գործընկերոջը բաժին է տվել այն բիզնեսից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ ինքն է ապահովել, իսկ գործընկերները հետագայում իրենց վրա վերցրած պարտավորությունները չեն կատարել։ Եվ երբ գումարների ճակատագրի շուրջ հարցեր են առաջանում, պատմությունը հանկարծ շրջվում է 180 աստիճանով։ Վերջում պարզվում է, որ հնարավոր է՝ հենց ներդրողն է խարդախություն կատարել։

Բայց այստեղ մի փոքր անհարմար հարց կա, որից դժվար է խուսափել։ Եթե Գագիկ Ծառուկյանի նպատակը սկզբից իսկ գումար հափշտակելն էր, ապա ինչո՞ւ էր նա սեփական միջոցները ներդնում, ինչո՞ւ էր մյուս կողմին տրամադրում ընկերությունների 50 տոկոս բաժնեմասը, և ինչո՞ւ էր պահանջում վերադարձնել իր ներդրած գումարները։

Սրանք հանգամանքներ են, որոնք իրավական գնահատման ժամանակ պահանջում են հստակ, փաստարկված և համակողմանի քննություն։ Եթե առկա են փաստաթղթեր, որոնցով մյուս կողմը ճանաչել է գումարների վերադարձման պարտավորությունը, ապա դրանք չեն կարող անտեսվել միայն այն պատճառով, որ քրեական գործով արդեն ձևավորվել է մեղադրանքի որոշակի հրահանգված վարկած։

Առավել ուշագրավ է հրապարակված զրույցի այն հատվածը, որտեղ, պաշտպանության ներկայացմամբ, Հաջիալի Օլամային ընդունում է, որ Ծառուկյանի ներդրումները կատարվել են պատշաճ մակարդակով, և վստահեցնում, որ նրա գումարները չեն կորչի։ Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց․ ինչպե՞ս են այս հայտարարությունները համադրվում այն մեղադրանքի հետ, թե Ծառուկյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախությամբ հափշտակել մյուս կողմի գումարները։ Սա արդեն ոչ թե սովորական բիզնես պատմություն է, այլ իրավական ֆանտաստիկայի ժանր։
Ահա այստեղ է, որ հարցը դուրս է գալիս մեկ գործարարի և նրա գործընկերների վեճի շրջանակներից ու վերածվում արդարադատության նկատմամբ հանրային վստահության հարցի։

Միակ բանը, որ դեռ պետք է պարզել, այն է, թե Հայաստանում ներդրողն ինչպե՞ս պետք է վարվի, որպեսզի վաղը սեփական գումարները կորցնելուց բացի չկորցնի նաև ազատությունը։

Եթե սա բիզնեսի նոր կանոններն են, ապա թերևս արժե դրանք պաշտոնապես հրապարակել։ Որպեսզի հաջորդ ներդրողը նախապես իմանա՝ գումար ներդնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն ֆինանսական, այլև քրեաիրավական տեսանկյունից։ Իսկ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք վաղը այդ բաժնեմասը չի՞ դառնալու սեփականատիրոջ դեմ ներկայացվող մեղադրանքի մասը։
Գուցե հաջորդ անգամ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ պետք է ոչ թե բիզնես ծրագիր կազմել, այլ նախապես ճշտել՝ արդյոք այդ գործարքի վերջում ներդրողը պատահաբար մեղադրյալ չի՞ դառնալու։

Որովհետև եթե ներդրողը դառնում է մեղադրյալ, պարտապանը՝ տուժող, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն, ապա գուցե խնդիրը ոչ թե միայն մեկ գործի մեջ է, այլ այն նպատակի, որով այդ գործը ներկայացվում է։

Այսքանից հետո, առաջիկա դատական նիստին դատավորին մնում է միայն մեկ բան՝ անհապաղ լուծել Ծառուկյանի ազատության հարցը։ Հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Դա է պահանջում այս անհասկանալի գործի և ԵԽԽՎ զեկույցի տրամաբանությունը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում

Մի մոռացեք, թե որտեղից է նա սկսել և ինչ մակարդակի է հասել այս տարիների ընթացքում…

13 րոպե ago

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է Mon, 12 Oct 2026 15:00:28…

28 րոպե ago

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ

Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ Mon, 12 Oct 2026 14:59:19 +0400 ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՂԾՄԱՆ…

29 րոպե ago

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները Mon, 12 Oct 2026 14:45:24 +0400…

43 րոպե ago

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է Mon, 12 Oct 2026 14:30:23 +0400…

58 րոպե ago

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ Mon, 12 Oct 2026 14:07:01 +0400 Latest news…

1 ժամ ago