Եկեք տարանջատենք
Tue, 13 Oct 2026 09:00:20 +0400

Մեր հասարակությունը պետք է կարողանա տարբերել, թե իր կյանքում առկա որ փոփոխություններն են պայմանավորված կառավարության լավ կամ վատ աշխատանքով եւ որ փոփոխությունները՝ ոչ մի կապ չունեն կառավարության, այսինքն՝ իշխանությունների գործունեության հետ։ Օրինակ այն, որ Հայաստանում անշարժ գույքի վարձակալության, առքուվաճառքի գներն աճում են, եւ շինարարական բում կա, շատ քիչ առնչություն ունի կառավարության հետ, դրա հիմքում աշխարհաքաղաքական իրողություններն են, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը եւ այլն։ Աշխարհում ապահով չէ, եւ հայության մի մասը, նաեւ որոշ օտարազգիներ, ապաստան են փնտրում Հայաստանում։ Թեեւ Հայաստանն էլ, իհարկե, ապահով երկիր դժվար է համարել։ Բայց շինարարական բումն ու գույքի գնաճը նաեւ թանկացումներ են առաջացրել, օդն են աղտոտել, Երեւանը դարձրել քաղաք-պետություն, որտեղ այսօր ապրում է հանրապետության մոտ կեսը, եւ դա վտանգավոր է՝ բազում իմաստներով։ Այս իրավիճակը խոսում է այն անփույթ ու չմտածված քաղաքականության մասին, որը վարում է գործող կառավարությունը, ինչպես այս կառավարության վատ աշխատանքի մասին են խոսում Շաքիի միջադեպը, բանակում դժբախտ պատահարների աճը, տրանսպորտային խցանումները, հոսանքի համատարած անջատումները, այն, որ կրթական համակարգն անկում է ապրում, բժշկական հիմնարկներում ահռելի հերթեր են։ Այս կառավարության իրավասության ներքո է նաեւ սննդի, մեր օգտագործած մթերքների, գնած ապրանքների, մեր ստացած ծառայությունների որակի ստուգումը։ Հիվանդությունների նման աճը նաեւ մեր շնչած օդի, մեր օգտագործած սննդի որակով է պայմանավորված։ Հազարավոր հարցեր կարելի է թվարկել, որոնք պետական մարմինների պարտականությունների մեջ են մտնում եւ որոնք թերի են կատարվում կամ առհասարակ չեն կատարվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր