Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան
Tue, 13 Oct 2026 21:36:43 +0400

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան գերբեռնված է լինում, որ անգամ ոտք դնելու տեղ չի մնում։ Նույն իրավիճակն է նաև Երևանի մետրոպոլիտենում։ Եվ այսպես՝ ամեն օր, ամեն ժամ։
Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն։ Մարդիկ ստիպված են ժամեր կորցնել խցանումներում՝ ուշանալով աշխատանքից, ուսումից և իրենց առօրյա գործերից։
Կանգառներում ու հանրային տրանսպորտում չես տեսնի այս իշխանության որևէ ներկայացուցչի։ Հետաքրքիր է՝ փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները ևս պարտավոր են անձամբ օգտվել հանրային տրանսպորտից՝ տեղում արձանագրելով այն խնդիրները, որոնք հետևանքն են ոլորտի վատ կառավարման։ Մինչդեռ, վերջիններս երթևեկում են կամ սեփական ավտոմեքենաներով, կամ քաղաքապետարանի տրամադրած հատուկ ավտոբուսով։
Հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը որևէ կերպ չի լուծել առկա խնդիրները։ Ավելին՝ գերբեռնվածության հետևանքով քաղաքացիները հաճախ չեն կարողանում տեղավորվել ավտոբուսներում, իսկ երբեմն էլ՝ ստանում են մարմնական վնասվածքներ։ Սա անարժանապատիվ և նվաստացուցիչ իրավիճակ է։
Երևանցիների հանդեպ սերը պետք է դրսևորվի ոչ թե տոնակատարություններով, այլ այս խնդիրների լուծման ուղղությամբ իրական ջանքեր գործադրելով։
Եվ այս ամենի ֆոնին՝ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։
Երևանն իսկապես հայտնվել է ճգնաժամի մեջ, որը հաղթահարելու համար իշխանափոխությունը խիստ հրամայական է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր