Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները
Wed, 14 Oct 2026 12:52:35 +0400

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որին մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քննիչները:
Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցի կազմավորման 12-ամյակի հանդիսավոր նիստում ներկայացված վիճակագրական տվյալներին, որոնց հաջորդել են կադրային փոփոխությունները:
Արթուր Պողոսյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնատար անձանց՝
• Աշոտ Ժամկոչյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ,
• Դավիթ Մանուչարյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
• Էդվարդ Կարապետյան՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
• Ռաֆայել Վարդանյան՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա փորձառությունն ու նվիրվածությունը՝ շեշտելով նրանց կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:
Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ նորանշանակ ղեկավար կազմն իր մասնագիտական ներուժով կնպաստի վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և քննության արդյունավետության բարձրացմանը:
Կոլեգիայի նիստում Քննչական կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև մարզային ստորաբաժանումների ղեկավարների նշանակումներին՝
• Հրաչիկ Պողոսյան՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,
• Դավիթ Բաղդասարյան՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ,
• Արթուր Մնոյան՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ,
• Սիսակ Հայրապետյան՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ:
Նիստի ավարտին Քննչական կոմիտեի նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին և քննիչներին տվել է հանձնարարականներ՝ կապված քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատավարական ժամկետների խիստ պահպանման ու քննության որակական հատկանիշների բարելավման հետ:
Արթուր Պողոսյանն ընդգծել է ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հատկապես՝ նախորդ տարիներին կատարված և չբացահայտված սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներով:
Արթուր Պողոսյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների հետ շփումներին՝ հանձնարարելով խստորեն պահպանել ծառայողական էթիկայի կանոնները դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ընթացքում: Նա ընդգծել է, որ քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու հարգալից վերաբերմունքը կառույցի նկատմամբ հանրային վստահության գլխավոր նախապայմանն են:
ՀՀ քննչական կոմիտե
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր