«Բարեգործները կալանավորված են»․ Գյումրու ավագանու նիստում կրքերը թեժացան
Wed, 14 Oct 2026 14:05:59 +0400
Այս պահին ընթանում է Գյումրու ավագանու հերթական նիստը, որի քվորումն ապահովվեց։ Ինչպես ակնկալում էին ավագանու ընդդիմադիր անդամները, այս անգամ ևս, ինչպես նախորդ նիստին, ներկա են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։
Նիստը մեկնարկելուն պես մթնոլորտը լարվեց, երբ քննարկման ներկայացվեց ամանորյա միջոցառումների և դրանց հետ կապված ծախսերի վերաբերյալ նախագիծը։
Երբ համայնքապետարանի պաշտոնյան փորձեց զեկուցել հարցը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Գևորգյանն առիթը բաց չթողեց՝ կրկին լարվածություն ստեղծելու համար։ Նա դիմեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին՝ հարցնելով.
«Միայն թե ճիշտն ասեք՝ սա բերել եք նախագիծ ներկայացնելու՞, թե՞ կրկին, ինչպես Գյումրու տոնի ժամանակ, երբ բարերարն էր տոնելու, այս անգամ էլ եք բարերարին դիմելու»։
Ի պատասխան՝ Ավետիս Առաքելյանն ասաց.
«Ուղիղ պատասխանում եմ՝ դիմում ենք ձեր բարեգործներին, թող իրենք անեն»։ Շավարշ Գևորգյանն էլ հակադարձեց, թե իրենք բարեգործներ չունեն, իրենց բարեգործը կառավարությունն է։
Փորձելով հանդարտեցնել իրավիճակը՝ Ավետիս Առաքելյանը հորդորեց հարցին լուրջ վերաբերվել։ Նա նշեց, որ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է ամանորյա տոնածառի հարցը քննարկել նախապես, ոչ թե սպասել մինչև դեկտեմբերի վերջը, երբ տոնածառը դեռ տեղադրված չէր, ամանորյա զարդարանքները պատրաստ չէին, և դրա հետ կապված խնդիրներ ու խոսակցություններ էին առաջացել։
Հենց այս հանգամանքով էլ նա բացատրեց, որ ամանորյա տոնածառի վերաբերյալ նախագիծն արդեն ներկայացվել է ավագանու քննարկմանը։
Հարցի շուրջ պարզաբանում ներկայացրեց նաև համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Չադրյանը։ Նրա խոսքով՝ անհասկանալի է բարձրացված աղմուկը, քանի որ քննարկվող հարցը ոչ թե ամանորյա զարդարանքներն են, այլ միայն տոնածառի կարկասի, դրա մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները։
Բարեգործների թեմային կրկին անդրադարձ եղավ, երբ ավագանու անդամ, Մարտուն Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը տեղից արձագանքեց.
«Բարեգործները կալանավորված են, նստած են այս պահին»։ Այս արտահայտությունը ևս խոսակցության առիթ դարձավ։ Շավարշ Գևորգյանն իր հերթին տեղից հակադարձեց՝ նշելով, որ ոչ ոք անտեղի կալանավորված չէ։
Գևորգյանի այս խոսքերից հետո ներկաները նրան հորդորեցին զգույշ լինել ձևակերպումներում և հարգել անմեղության կանխավարկածը՝ թույլ չտալով, որ քննարկումը հանգեցնի անձանց մեղավորության վերաբերյալ կանխակալ պնդումների։