Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն

Wed, 14 Oct 2026 16:45:52 +0400


Նախորդ օրը «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը news.am-ին ներկայացրեց մի պատմություն, ինչը պայթած ռումբի ազդեցություն կթողներ մեզանում: Եվ գործող իշխանությունն անմիջապես հրաժարական կներկայացներ: Եթե, իհարկե, Հայաստանը լիներ ոչ թե ոստիկանապետություն, այլ իրապես ժողովրդավարական երկիր: Բայց քանի որ մեզանում գործում են ոչ թե օրենքներ, այլ ընդամենը մեկ անձի ցանկությունները, ապա այն դժվար թե նույնիսկ խաղալիք ռումբի ազդեցություն ունենա: Ու ես հերթական անգամ հիշեցի 2018 գարնանային իրադարձությունների օրերի այն գաղափարը, թե Սերժին մերժենք, իսկ եթե Նիկոլը չարդարացնի մեր հույսերրը՝ նրան մերժելն ավելի հեշտ կլինի: Սակայն պարզվեց, որ իրողությունները ճիշտ հակառակ զարգացում ունեցան: Սերժին մերժելը շատ հեշտ ստացվեց, չափից ավելի հեշտ, իսկ Նիկոլին մերժելը՝ անհնար: Գոնե դեռևս անհնար:

Ինչևէ, անցնենք վերնագրում նշված՝ 420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմությանը: Ինչն ավելի նման է դետեկտիվ պատմությանը, որում քննիչը հանդես է գալիս ոչ թե քննիչի, այլ չգիտեմ ինչ գործող անձի դերում: Իսկ դատավորն էլ… Չէ, չասեմ, մեր օրենքներով դատավորին չի կարելի նույնիսկ քննադատել՝ ո՜ւր մնաց, թե բնորոշել: Այս տարվա ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի Շիրակի մարզում կազմակերպել հանրահավաք: Ընթացքում կուսակցության ղեկավարությանը հայտնի է դառնում, որ ինչ-որ մարդ (անուն չի տրվում) բանկից (անվանում չի տրվում) 420 հազար դրամի վարկ է վերցրել, որպեսզի այն «Ուժեղ Հայաստան»-ի անունից բաժանի իր ծանոթներին՝ նրանց հանրահավաքի տանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ դոլարային միլիարդատիրոջ անունից հիմնված կուսակցության անդամը կամ համակիրը բանկից վերցնում է (±) 1150 դոլարի վարկ՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով:

Դրա հետ միաժամանակ մարզի Մանթաշ գյուղի բնակիչ ինչ-որ տիկին կրկին նույն քաղաքական ուժի անունից մարդկանց է զանգում՝ գումարի դիմաց առաջարկելով մասնակցել նույն այդ հանրահավաքին: Ղեկավարությունում պարզում են, որ այդ անձինք կապ չունեն տեղական կուսակցական կառույցի հետ: Եվ, բնականաբար, սադրանք կասկածելով՝ դիմում են փաստաբանին՝ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում ներկայացնելու խնդրանքով: Վերջինս դա կատարում է, իսկ ընթացքում պարզվում է, որ իգական սեռի «մեր հակահերոսը» դրա նախորդ օրը գնված հեռախոսահամարից (մինչ այդ արդեն 2-ն ուներ) 2 ժամվա ընթացքում հասցրել է զանգել 88 անձի: Թե ինչքան գումար է ստացել՝ չգիտեմ, բայց որպես նախկինում հեռախոսային հարցում կատարած անձ ասեմ, որ 81.81 վայրկյանում (կամ 1 րոպե 21 վայրկյանում) մեկ զանգ կատարելը՝ խոսելն էլ հետը, կարելի է բնորոշել որպես պրոֆեսիոնալի աշխատանք:

Ինչևէ, Տիգրան Հայրապետյանը ներկայացնում է հաղորդում և փորձում է քննիչին համոզել, որ որպես տուժող ներկայացվի կուսակցությունը, որի շահերն ինքը պաշտպանում էր: Քանի որ դա հստակ հարված էր «Ուժեղ Հայաստան»-ի հեղինակությանը: Քննիչն, ընդհակառակը, փորձում էր կուսակցությանը ներկայացնել որպես մեղսակից: Դա նրա մոտ չի ստացվում, բայց քաղաքական ուժը չի ներկայացվում նաև որպես տուժող: Ի դեպ, նույն երևույթը կրկնվել է նաև դատավորի մոտ՝ դատաքննության ժամանակ: Ինչևիցե, ըստ վերը նշված դրվագների՝ քննչականի կողմից նախաձեռնվում է 2 վարույթ: Մեղադրանք է հարուցվում 7 անձի նկատմամբ: Եվ երբ պարզվում է, որ մեղադրյալները որևէ կապ չունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, քննիչի որոշմամբ դադարեցվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Բնականաբար, դա արվում է, որպեսզի փաստաբանին թույլ չտան հարցաքննելու մեղադրյալներին: Իսկ վերջիններիս ցանկությամբ էլ իրականացվում է արագացված դատաքննություն՝ ընդունում են մեղքը: Բայց այդ մեղքը երևի անձնական էր, քանի որ առաջին ավարտված դատավարությամբ այն կուսակցության հետ չի կապվում:
Չմոռանամ հիշատակել, որ 9-րդ գումարման Ազգային ժողովում ՔՊ-ականների և հատկապես ՔՊ խմբակցության քարտուղար Հովհաննիսյան Արթուրի կողմից շահարկվել են ընտրակաշառքի վերաբերյալ դատական գործերը: Հունիսին ԱԺ-ում հնչել է նույնիսկ «գլուխը 5000 է ստանդարտ գինը» արտահայտությունը: Ի դեպ, վերը նշված դրվագներում ստանդարտ գին է եղել ոչ միայն «գլուխը՝ 5000», այլև 10 հազարը՝ ըստ տարիքային տարբաժանման: Հիշենք նաև, որ ՔՊ-ի ձայները վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ասած՝ «100 տոկոս օրգանիկ քվե էին», իսկ «այն մյուս ուժերը 100 տոկոսով ընտրակաշառքով քվե էին»: Ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքը, վստահաբար, հիմնված է եղել հենց այսպիսի պատմությունների վրա: Խոսելով քրեական այդ դրվագների մասին՝ փաստաբանը դրանք բնորոշում է որպես «հանցագործության պրովոկացիա կա՛մ պետության և կա՛մ մեկ այլ քաղաքական ուժի կողմից»: Իմ կարծիքով տվյալ դեպքում առկա է երկուսի միացումը, միայն պարզ չէ, թե գործը վարող քննիչը տեղյակ է եղել դրանից, թե ոչ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ այս գործերով դիմելու է թե՛ տեղական և թե՛ եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ: Նա ավելացրեց, որ 10 դրվագներով պետական կամ համայնքայի իշխանությունների կողմից մատուցված ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդագրություններ է ներկայացել իրավապահներին, սակայն ընթացք չի տրվել որևէ մեկի առումով: Չնայած քրեական գործ է հարուցվել, օրինակ, մի խոսակցության հիման վրա, որում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչին հարց է տրվել, թե իշխանության գալուց հետո իրենք կօժանդակեն, արդյոք, Ռուբեն Վարդանյանի գործի առաջմղմանը, ինչին հետևել է պատասխան, որ, իհարկե, ամեն ինչ կանեն: Եվ քաղաքական այդ խոստումը քննիչների կողմից դիտարկվել է որպես ընտրակաշառքի խոստում: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի հայտարարությունները վկայում են, որ իրականությունը լրիվ հակառակն էր. այն մյուս ուժերը ստացել էին 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ ՔՊ-ինը, ընդհակառակը, 100 տոկոսով ոչ օրգանիկ քվեներ էին: Դրանց մի մասն ընտրակաշառքով էր, մյուս մասը՝ անգրագիտությամբ, երրորդները՝ պատերազմի վախով պայմանավորված և այլն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի քան 275 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի կուսակցությանը

Ավելի քան 275 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի կուսակցությանը Tue, 13 Oct 2026 21:30:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով