Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․Իրենք իրենց մշակած սցենարի ձեռքը կրակն են ընկել

«Հրապարակ»․Իրենք իրենց մշակած սցենարի ձեռքը կրակն են ընկել

Thu, 15 Oct 2026 09:45:42 +0400


Հոկտեմբերի 14-ին Գյումրու ավագանու նիստում հերթական թեժ քննարկումն էր՝ Ամանորի տոնակատարությունների կազմակերպման եւ տոնածառ տեղադրելու հարցով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քննադատեցին քաղաքային իշխանությանը, թե ինչու է կրկին բարերարը հոգում ամանորյա տոնակատարությունների ծախսերը։ Խոսքը «Տաշիր գրուպ»-ի մասին է, որն այս տարի ֆինանսավորում է նաեւ հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու օրվա տոնակատարությունը։

Իշխանությունը սա բացատրում է համայնքի ֆինանսական բեռը թեթեւացնելու անհրաժեշտությամբ՝ նշելով, որ բյուջեի գումարները հնարավոր կլինի ուղղել այլ նպատակների։ Այս անգամ եւս քննարկումը վերածվեց թեժ բանավեճի՝ քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանի եւ ՔՊ խմբակցության անդամների միջեւ։ Նրանք պարզաբանում էին պահանջում՝ Ամանորի ծախսերն է՞լ են հոգալու բարերարի միջոցներով։ Առաքելյանն առաջարկեց՝ եթե ՔՊ-ականներն ունեն իրենց բարերարը, իրենք էլ կարող են նրան ներգրավել։ Ի պատասխան՝ ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Գեւորգյանն ասաց, որ իրենց միակ բարերարը կառավարությունն է։
Ինչո՞ւ են ՔՊ խմբակցության անդամները պարբերաբար լարվածություն ստեղծում ավագանու նիստերում, ո՞րն է նպատակը։ Գյումրիում շարունակ խոսում են իշխանափոխության մասին, սակայն խոսքը գործի չի վերածվում, իշխանափոխության գործընթացը չի մեկնարկել՝ կենտրոնական իշխանությունը ձեռնպահ է մնում արտահերթ ընտրություններ կազմակերպելուց։ Այդ հայտարարությունների նպատակն իշխանափոխության հասնե՞լն է, թե՞ այլ խնդիր են հետապնդում։ Զրուցել ենք Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի հետ։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ոչ մի վայրկյան չի հրաժարվել Գյումրին զավթելու մտքից։ Նրանք ամեն օր, կարելի է ասել, քնում-արթնանում են այդ մտադրությամբ՝ շարունակաբար թմբկահարելով նույն խոսույթը, թե Գյումրին օր առաջ պետք է ազատագրել ներկայիս քաղաքային ընդդիմադիր իշխանությունից։ Սակայն այն, ինչ կատարվում է ավագանու նիստերի ընթացքում, երբ ՔՊ խմբակցության անդամները փորձում են թեժացնել մթնոլորտը եւ խնդիրներ բարձրացնել, իրականում ամբողջությամբ չի արտացոլում իրավիճակը։ Այն, թե ինչպես է «Քաղպայմանագիրն» իրեն պահում նիստերի ընթացքում, ֆեյք է։ Լրագրողների ու տեսախցիկների հեռանալուց հետո նրանք այլ են։ Ամենահետաքրքիրը հարցուպատասխանն է, որի ընթացքում իրենք իրենց այլ կերպ են պահում։ Այսօր էլ ունեինք հարցուպատասխան, մենք հարց բարձրացրինք, իրենք առաջարկ արեցին։ Ի վերջո, Գյումրին փոքր քաղաք է, այստեղ բոլորս իրար երես ենք տեսնում։ Ոչ միայն հարցուպատասխանի ընթացքում, այլեւ հանձնաժողովների նիստերի ժամանակ ու տարբեր քննարկումներում մթնոլորտն ավելի հանդարտ է, հանգիստ եւ կառուցողական»։

– Իսկ ինչո՞ւ, ըստ Ձեզ, իշխանությունը չի կարողանում հասնել Գյումրիում իշխանափոխության։

– Դուք տեսաք, որ Մարտուն Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակնկալիք կար, որ մեր թիմը, հատկապես Մարտուն Գրիգորյանի թիմը, ամբողջությամբ կթուլանա։ Իշխանությունը, թերեւս, կարծում էր, որ այս ճանապարհով ինչ-որ արդյունքի կհասնի, բայց հակառակը եղավ։ Տեսնում են, որ շարունակում ենք առավելագույնս աշխատել, պատրաստված ու գրագետ ենք, չենք ընկճվել։ Մարտուն Գրիգորյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Վերջին դատական նիստում անգամ տեսանք` մեղադրող դատախազն իր խոսքում ինքնախոստովանություն արեց, հնչեցրեց այն միտքը, որ Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքի պատճառներից մեկը նրա հասարակական հնչեղությունն ու հանրային նշանակությունն են։ Գյումրեցիների համար գաղտնիք չէ, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքային իշխանության շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Սակայն այն սցենարը, մարտավարությունը, որն իրենք որդեգրել են, չի հաջողվում։ Արդեն մեկուկես տարի է՝ զգում են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում։ Մարտուն Գրիգորյանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց, ինչն անհիմն էր։ Պարզ ասեմ՝ իրենք իրենց մշակած սցենարի ձեռքը կրակն են ընկել։ Մեզ հարվածում են, բայց մենք թեւածում ենք, թեւաթափ չենք լինում։ Նորից եմ ասում՝ նրանք քնում-արթնանում են Գյումրին զավթելու նպատակով, եւ կարծում եմ՝ իրենց մտադրությունն իրականում չի փոխվել։ Պարզապես փորձում են ժամանակ շահել։ Թերեւս այժմ զբաղված են նաեւ Շիրակի մարզի մյուս համայնքներում ընտրական գործընթացներով, եւ դա նույնպես իր ազդեցությունն ունի։ Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, նրանց չի հաջողվում իրականացնել իրենց ծրագիրը։ Հենց դա էլ պատճառներից մեկն է, որ Գյումրիում իշխանափոխության ծրագիրը չեն կարողանում օր առաջ կյանքի կոչել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով