Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Ես ակնկալում եմ հարգանք իմ որդու սխրանքի նկատմամբ

Ես ակնկալում եմ հարգանք իմ որդու սխրանքի նկատմամբ

Thu, 15 Oct 2026 11:34:59 +0400


Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատից որդու նկարը հեռացնելուն։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ մտահոգ հայրենակիցներ, լրագրողներ:

Ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների, հարցերի և մտահոգությունների՝ հարկ եմ համարում հստակեցնել հետևյալը։

Ես՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, սեպտեմբերի 26-ին հրապարակային գրառում արեցի՝ Հաղթանակ զբոսայգու պատից որդուս հերոսական ու խորհրդանշական նկարը ջնջելու անընդունելի փաստի առթիվ։ Հաջորդեցին բազմաթիվ հարցազրույցներ, բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին մտահոգություններ։

Բայց դրանից հետո՞… Լռությո՛ւն։

Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։

Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք։

Մի՞թե այս երկրի համար իր կյանքը զոհաբերած հերոսի անունը, դեմքն ու հիշատակը պետք է մնան անպատասխան հարցերի ու լռության մեջ։

Ես ոչ արտոնություն եմ խնդրում, ոչ էլ անձնական բարեհաճություն։ Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ։

Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում։

Հ.Գ.

Եվ այսուհետ թող ոչ ոք ինձնից չակնկալի բարեհամբույր վերաբերմունք կամ հանդուրժողականություն այս հարցում։ Երբ խոսքը որդուս՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատվի, սխրանքի և հիշատակի մասին է, լռելու, զիջելու կամ անվերջ համբերելու ակնկալիք թող ոչ ոք չունենա։ Իմ համբերությունն անսահման չէ, իսկ որդուս հիշատակի հարցում զիջումներ չեն լինելու։

Հանրային պահանջը կա՛ և կմնա այնքան ժամանակ, մինչև այս հարցը ստանա իր արժանի լուծումը։

Եվ թող ոչ ոք չսխալվի՝ կարծելով, թե հանրությունը, հարգելով իմ խոսքը, համբերատար սպասում է կամ պատրաստ է անվերջ սպասել։

Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ։

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։

Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։

Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման։ Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է

«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Thu, 15 Oct 2026 08:15:43 +0400 Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ն իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով