Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Հիմա էլ մարզերից եկող մարդիկ են մեղավոր

«Հրապարակ». Հիմա էլ մարզերից եկող մարդիկ են մեղավոր

Thu, 15 Oct 2026 12:15:54 +0400


Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Երեւան մտնող ավտոմեքենաների ուղեւորները ստիպված կլինեն մեքենաները կայանել հատուկ կայանատեղիներում, իսկ մայրաքաղաքում երթեւեկությունը շարունակել հանրային տրանսպորտով։ Երեկ, տեղի տալով աղմուկին, քաղաքապետարանն ու փոխքաղաքապետը նահանջեցին իրենց հայտարարությունից՝ ասելով, որ ոչ մի բան դեռ որոշված չէ, դա ընդամենը մտադրություն է եւ այլն։ Բայց հանրությունը քննարկում է այս թեման եւ վստահ է, որ առաջիկայում այն փորձելու են կյանքի կոչել։

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանը հարցին, թե մարզերից Երեւան եկող մեքենաների մուտքն արգելելով կարո՞ղ են լուծել քաղաքում բեռնաթափման խնդիրը, նշեց․ «Այսօր չեմ ուզում պատասխանել այս հարցերին, բայց ժամանակին՝ Կարեն Կարապետյանի ժամանակ, մարզերից եկող տրանսպորտային միջոցները (խոսքը կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մասին է, ոչ թե մասնավոր՝ խմբ․) կայանել են Երեւան քաղաք մուտք անող մոտակա ավտոկայաններում։ Ես՝ ինքս, աշխատել եմ մինչեւ 2019-ը, եւ այդպես է եղել, չենք թողել։ Այսինքն, բոլոր կողմերից տրանսպորտային միջոցները եկել են մինչեւ, օրինակ, «Կիլիկիա» ավտոկայան կամ Հյուսիսային ավտոկայան։ Դա օրենք չի եղել, այլ պահանջ էր, որ մարզից եկողը չպետք է Երեւանի էս կողմից մինչեւ էն կողմը գնա»։ Հարցին, թե ինչու չեղարկվեց այդ կարգը, եթե օգտակար էր, ասաց․ «Հարցրեք նոր տրանսպորտային սպասարկողներին եւ տրանսպորտային ղեկավարներին։ Ես դուրս եմ եկել 2019-ից, մինչեւ այդ գործել է այս պահանջը, հետո հանել են»։

Մեզ հետ զրույցում իրավագետ Վահե Գրիգորյանը նշեց․ «Եթե Երեւանի քաղաքապետարանը շարունակի նման անկանոն ձեւով շինթույլտվություններ տալ, կարծում եմ՝ նաեւ Կենտրոն վարչական շրջանը կունենա նման կայանատեղերի խնդիր, իսկ եթե լուրջ, դա ուղղակի հերթական աբսուրդային որոշումն է, Երեւանի քաղաքապետարանը երբ թանկացնում էր կարմիր գծերի վճարը, որոնք հետագայում երկու անգամ ճանաչվեցին ոչ իրավաչափ, թեեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները եւ գործող ղեկավարությունը չունեն բավարար իրավագիտակցություն՝ ընկալելու դատական վճիռների եւ որոշումների բովանդակությունը, հիմա հերթական մեղավորին են գտել, սկզբում կարմիր գծերի էժանությունն էր մեղավոր, որ Երեւանում խցանումներ են, հիմա մեղավոր են մարզերից եկող մարդիկ, բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից։ Ինչո՞ւ եք մտածում, որ այս որոշումը չեն կայացնի, մտածում եք, որ նրանք այդքան խելացի են կամ այդքան իմաստո՞ւն։ 2021-ին նրանք առաջին անգամ են մանդատ ստացել, 2026-ին՝ երկրորդ անգամ, կարծում եմ՝ որեւէ զսպիչ մեխանիզմ այլեւս չկա»։

Ի՞նչ խնդիրների կարող են բախվել մարզերից եկող մարդիկ։ Գրիգորյանը պատասխանեց․ «Մարզերից եկող մարդկանց խնդիրներն առաջացել են 2026 թվականի հունիսի 7-ի արդյունքներից հետո, մենք՝ բոլորս, տուժելու ենք դրա արդյունքում։ Հայերեն այբուբենում կան «լ» եւ «տ» տառերը, որոնցով սկսվում են «լոգիկա» եւ «տրամաբանություն» բառերը, ես մեղավոր չեմ, որ հայոց այբուբենի տառերը եւ դրանցով սկսվող ամենահայտնի բառերը հասու չեն Երեւանի քաղաքապետարանի գործադիր մարմնի մի շարք ներկայացուցիչների»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է Thu, 15 Oct 2026 10:25:30 +0400 Բարձրագույն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով