«Հրապարակ»․ Շիրակի մարզում, ընտրություններին ընդառաջ, դրամական օգնություն են բաժանում
Fri, 16 Oct 2026 10:45:33 +0400
«Հրապարակի» խմբագրություն էին ահազանգել Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ եւ պատմում էին, որ համայնքապետարանը ներգրավված է նախընտրական քարոզարշավում: «Ամբողջ համայնքապետարանը` իր տնօրեններով, վարչական ղեկավարներով, թե՛ աշխատանքային ժամերին, թե՛ ոչ աշխատանքային ժամերին քարոզարշավի մեջ են: Դժվար եմ պատկերացնում, որ համայնքապետարանի 30-40 հոգին էլ արձակուրդում լինեն: Համայնքապետն ու իր երեք տեղակալներն աշխատանքային ժամին քարոզարշավին են մասնակցում: Տեղեկություն ունենք նաեւ, որ քաղաքապետարանի սոցապաշխատողը տներն է մտնում, մարդկանց օգնություններ է առաջարկում` բյուջեի հաշվին կաշառք է առաջարկում: Ինքն էլ ՔՊ աշխատող է, անունն էլ՝ Հերմինե Սահակյան»: Օգնությունները, ըստ բնակչի, դրամական են եւ իրենց հայեցողությամբ են տրամադրում: Այժմ սոցապաշխատողն է լիազորված աջակցություն, օգնություն բաժանելու հարցում, նախկինում այս գործառույթը ֆինանսական բաժինն էր իրականացնում: Բնակիչները դժգոհում են, որ որոշ որոշումներ անտրամաբանական են, օրինակ՝ վերջերս քաղաքային տնտեսության հիմնարկի տնօրենի վրա 50 միլիոն դրամի ակտ են գրել, սակայն ավագանու միջոցով դա սոլյարկայի փող են սարքել՝ դուրս գրել:
Արթիկցիները նշում են, որ համայնքապետ Անանիկ Ոսկանյանի հայտարարագիրն էր օրերս հրապարակվել, սակայն նշված չէր, օրինակ, որ նրա որդին 30-40 հազար դոլարանոց մեքենա է վարում, սակայն 18 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ոսկանյանի որդին՝ Ռաֆիկ Ոսկանյանը, աշխատում է համայնքապետարանում, իսկ եղբայրը՝ Արա Ոսկանյանը, համայնքապետարանին ենթակա հիմնարկի տնօրենն է: «Մեր համայնքապետարանում, ընդհանուր առմամբ, իրենց բարեկամներն են: Մեր համայնքապետի որդին առաջատար մասնագետ է` ռազմական գծով, իսկ իր եղբայրը մեր արեւային կայանի տնօրենն է: Ի դեպ, այս կայանի մեկնարկը նախկին համայնքապետի ժամանակ է տրվել: Այդ արեւային կայանը տարեկան առնվազն 20-40 միլիոն եկամուտ պիտի բերի համայնքին: Իսկ մեր համայնքապետի ներկայացրած ծրագրերում ոչ մի տեղ չկա նշված, թե այդ արեւային կայանից ստացված եկամուտները որտեղ են ծախսվում, ինքն ասում է, որ պետությունն է բոլոր ծրագրերը ֆինանսավորում: Լուրեր են պտտվում, որ մեր համայնքապետն առաջվա էլցանցի պետի հետ գործարքի է գնացել, եւ այդ դեպքով էլ գործ են հարուցել էլցանցի տնօրենի վրա, իհարկե, պնդել չենք կարող, բայց լուրեր են պտտվում այս մասին: Վստահ ենք, որ եթե հաշվետվություն պահանջենք, թե, օրինակ, արեւային կայանից ստացված եկամուտներն ինչի վրա են ծախսվել, իրենք դա չեն կարող ցույց տալ»,- ասում են Արթիկի բնակիչները: Մինչդեռ արեւային կայանից ստացված եկամուտը միայն համայնքի վրա ծախսելու համար է նախատեսված, այլ կիրառում այն չի կարող ունենալ՝ տեղեկացրին մեզ։
Արթիկի բնակիչները՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին. «Ընդդիմադիր մարդիկ գնում են անձնագրային բաժին` գործերը տալու, այդ մարդուն կանչում էին, ճնշում, ասում էին՝ գնա, անունդ հանիր: Մեկը միրգ ծախող էր, ասում էին` չենք թողնի միրգ ծախես, ընտանիքդ պահես։ Սարսափելի վարչական ճնշումներ են կիրառում, այնքան սարսափելի, որ ընդդիմադիրները վախենում են իրենց շտաբները գնալ: Հետեւում են Ֆեյսբուքում, թե ով է ընդդիմադիրների հրապարակումներին «հավանելու» նշան դրել, այդ մարդկանց էլ են ճնշում: Պատկերացնո՞ւմ եք ճնշումների ծավալը»
Մենք կապ հաստատեցինք Արթիկի համայնքապետարանի սոցապաշխատող Հերմինե Սահակյանի հետ, նա հերքեց` համայնքապետարանը համայնքի բնակիչներին որեւէ աջակցություն չի տրամադրում։ «Այս պահին աջակցություն տրամադրելու հաստատված ծրագիր չունենք: Մշակման փուլում է, 2024 թվականից մինչ օրս ոչ մի դրամական, ոչ մի այլ ծրագիր չի եղել: Աջակցության ծրագիրը մշակման փուլում է, հունվարից միգուցե հաստատվի, տեսնենք, թե ավագանին ինչ է հաստատում»,-ասաց Սահակյանը եւ բացառեց իր կողմից որեւէ աջակցության տրամադրումը համայնքի բնակիչներին: «Առաջին անգամ եմ լսում, կարծում եմ՝ նման բաները 21-րդ դարում շատ հեշտ կարելի է ճշտել»,- ասաց նա:
Զանգահարեցինք նաեւ համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, սակայն նրա անձնական հեռախոսին պատասխանողն ասաց, որ ինքը Ոսկանյանը չէ. «Ոսկանյանն այստեղ չէ»: Երբ հարցրինք, թե ով է, համայնքապետի անձնական հեռախոսին պատասխանողն անջատեց հեռախոսը:
Ապա մեզ զանգահարեց համայնքապետի օգնական, մամուլի խոսնակի պարտավորությունները կատարող Սեւակ Պեդոյանն ու առաջարկեց գալ Արթիկ եւ հարցազրույց վերցնել Անանիկ Ոսկանյանից, իսկ Ոսկանյանը չի կարող մեր հարցերին պատասխանել, քանի որ զբաղված է քարոզարշավով` արձակուրդում է:
Կապ հաստատեցինք նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանի հետ: Նա, ի տարբերություն Հերմինե Սահակյանի, մեզ ասաց, որ իրենք ունեն բյուջեով հատկացված հատուկ տող եւ, ըստ այդմ՝ խոցելի խմբերին տալիս են ֆինանսական աջակցություն: Կա աշխատանքային խումբ, այդ խումբն ունի աշխատակարգ, որտեղ նշված է, թե որ խոցելի խմբերին պետք է հիմնականում աջակցություն տալ: Վերջին անգամ աջակցություն տալու քննարկում ունեցել են հոկտեմբերի 13-ին՝ երեքշաբթի: «Աշխատանքային խումբը հավաքվել է, դիմումները քննարկել են, որոշել են` ում ինչ հատկացնել։ Հաշվապահությունը պիտի փոխանցում անի բանկին, որ գնան՝ բանկից ստանան; Փոխանցումը լինում է՝ մեկ-երկու օր պիտի տեւի»,- ասաց Ասլանյանը: Իսկ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները ֆինանսական օգնության տրամադրումը կաշկանդող հանգամանք չե՞ն համարվում։ «Ինչի՞ է կաշկանդում որ ․․․ այդ դիմումները 1-1,5 ամիս առաջվա գրած դիմումներ էին, ինչ` դիմումները պահեինք՝ չքննարկեի՞նք։ Մենք այդ դիմումներն ենք քննարկում եւ պարտավոր ենք ճիշտ ժամանակահատվածում պատասխանել իրենց»,- ասաց վարչության պետը:
Տեղեկացանք նաեւ, որ վերջին անգամ կարիքավորներին մարզպետարանը աջակցություն տրամադրելու նիստ արել է օգոստոսի 28-ին, ինչից մի քանի օր հետո մարդիկ ստացել են աջակցություն: Ասլանյանը, իհարկե, չասաց, թե կոնկրետ որ համայնքներն են այս օգնությունները ստացել, միայն ասաց` աջակցությունները տրամադրվել են ամբողջ մարզի կտրվածքով։