Եվրոպական մայրաքաղաքների անկայունությունը և եռաբևեռ աշխարհի ուրվագիծը
Sun, 18 Oct 2026 12:29:44 +0400
Եվրոպական մայրաքաղաքների անկայունությունը և եռաբևեռ աշխարհի ուրվագիծը
Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ է։ Աշխարհը թևակոխել է նոր եռաբևեռ համակարգի փուլ, և այս պահին այդ համակարգի միակ դիմադրողները եվրոպական պետություններն են և Անգլիան։ Ուստի ԱՄՆ-ը իր soft power-ի կիրառմամբ Եվրոպայում սկսում է ապակայունացման ակտիվ գործընթաց, ինչով և կստիպի եվրոպական մարիոնետկաներին պարել ԱՄՆ երաժշտության տակ։ Այն է՝ ուկրաինական ճգնաժամի շուտափույթ դադարեցումը։
Իդեպ, ուղղակի հիշեցնեմ, որ 2018 թվականի նոյեմբերին Ֆրանսիայում սկիզբ առած դեղին ժիլետների շարժումը նույնպես պատահական չէր։ Այդ ժամանակ Ֆրանսիան չէր ցանկանում դուրս գալ իրանական գործարքից և դիմադրում էր ԱՄՆ-ին, իսկ երբ դուրս եկավ՝ մեկ օրում կորան դեղին ժիլետները։
Այսօր նույն տրամաբանությունը կրկնվում է, բայց ավելի լայն մասշտաբով։
2026 թվականի աշնանը եվրոպական մի քանի մայրաքաղաքներում միաժամանակ բռնկված բողոքները դրա վառ օրինակն են։
-Փարիզում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում մոտ 550 հազար մարդ դուրս եկավ փողոց, 1200-ից ավելի մարդ ձերբակալվեց, Փարիզի քաղաքապետը խոստովանեց, որ «ամբողջ փողոցներ մեթոդաբար ավերվել են», Լիմոժի քաղաքապետարանի աշտարակը հրդեհվեց։
-Բրյուսելում հազարավոր երիտասարդներ բախվեցին ոստիկանության հետ, ձերբակալվեց 21 մարդ, կիրառվեց ջրային թնդանոթ և արցունքաբեր գազ։
-Հռոմում դպրոցների շենքերին փակցվեցին «դպրոցը զորանոց չէ» կարգախոսներ, ֆերմերները կաթը լցրին ճանապարհներին՝ ի նշան դիզելային վառելիքի ակցիզային հարկի բողոքի։
-Մադրիդում և Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի պատճառով վրանային ճամբարներ ստեղծվեցին, 87-ամյա մի կնոջ վարձավճարը 230%-ով բարձրացնելուց հետո նրան վտարելը դարձավ բռնկման կետ։
-Բեռլինում տեղի ունեցավ «այլևս չկրակել ռուսների վրա» կարգախոսով հակապատերազմական ցույց։
Այս բոլոր դեպքերը մակերևույթում կապված են կյանքի արժեքի և հանրային ծառայությունների հետ, սակայն խորը պատճառը Ուկրաինայի հակամարտության երկարացման հետևանքով Եվրոպայի ռեսուրսների երկարաժամկետ գերբեռնվածությունն է։
Հիմա ԱՄՆ-ին անհրաժեշտ է ուկրաինական պատերազմի կանգնեցումը, իսկ Եվրոպան չի ցանկանում, քանի որ Եվրոպան այս պատերազմի մեջ է դրել ողջ քաղաքական և տնտեսական համակարգը։
Ուստի եթե պատերազմը կանգնում է, բնականաբար կսկսվի նոր եռաբևեռ աշխարհի ձևավորման de jure գործընթացը, իսկ դա նշանակում է, որ Եվրոպան դուրս է մնում այդ համակարգից և դառնում է տարածաշրջանային ինչ-որ կառույց և այլևս երբեք չի կարող լինել որոշիչ դերի կրող։
Նույնը կասեմ Անգլիայի համար։ Անգլիան հասկացել է, որ կորցրել է իր երբեմնի ազդեցիկ դիրքը և փորձում է ինչ-որ ձևով տեղավորվել մեծ ձայների սեղանի կողքին։
Դրա վառ ապացույցը Brexit-ից հետո «Global Britain» ռազմավարության մեջ ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ մեծ տերությունների հետ առևտրային և անվտանգության բանակցություններում ունեցած դժվարություններն են, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ տարիներ շարունակվող բարդ բանակցությունները։
Ուստի եվրոպական երազանքը փլուզվում է եվրոպոֆիլների աչքի առաջ, և բոլորը պետք է հասկանան, որ այլևս եռաբևեռ աշխարհում չի լինելու Եվրոպա։
Գրել է Սերոբ Գևորգյանը