Մեր հաշվին քեֆ ես անում, հետո էլ թե՝ հեղինակությունս բարձրացա՞վ
Mon, 19 Oct 2026 13:45:00 +0400

Շատերը պարտք ու վարկ են վերցնում, որ Ամանորի սեղան գցեն, հյուրերին զարմացնեն։ Հետո մի ամբողջ տարի ճռռում են վարկերի ու պարտքերի տակ։ Կարևորն այն է, որ հյուրերի բերանները բաց մնան, ու ասեն՝ տեսա՞ք՝ ինչ սեղան էր գցել։
Հիմա Փաշինյանն է։ Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու նոր միջոց է գտել։ Միլիոններ է ծախսում միջոցառումների, քեֆ-ուրախությունների, գագաթնաժողովների վրա ու պարծենում՝ թող բերանները բաց մնան, պետության միջազգային հեղինակությունը բարձրանում է։ Պետությունը ինքն է, իր խոսքն է։ Ստացվում է՝ Մեր հաշվին քեֆ է անում, հետո էլ թե՝ հեղինակությունս բարձրացավ։
Միայն թե կա մի էական տարբերություն։ Քաղաքացին, որ պարտք է վերցնում ու Ամանորի սեղան գցում, պարտքն իր գրպանից է փակում, ինքն է քրտնում։ Իսկ Փաշինյանը վատնում է մեր ժողովրդի քրտինքը։
Երբ գնումների կոռուպցիոն ռիսկերի մասին հարցեր են առաջանում, դեմքին տալիս է ազգային նշանակության լրջություն ու հայտարարում, որ բարձրանում է Հայաստանի միջազգային հեղինակությունը։
COP17-ի և Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արդյունքներին անդրադառնալով՝ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային հեղինակավոր միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր։
«Սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է ՀՀ միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում։ Կարծում եմ՝ պետք է այս մարտավարությունը շարունակենք և հյուրընկալենք նորանոր այսպիսի միջոցառումներ»։
Հասկանալի է։ Եթե մի միջոցառումից հետո հեղինակությունն է բարձրանում, ուրեմն մի քանի միջոցառումից հետո Հայաստանը կարող է դառնալ աշխարհի ամենահեղինակավոր երկիրը։ Իսկ եթե հյուրերը գոհ մնան, բերանները բաց հեռանան, ուրեմն առաքելությունը կատարված է։
Էլի մի հարց․ այդ հեղինակությունը բարձրացնելու համար ինչո՞ւ են ծախսերն այդքան բարձրանում, իսկ գնումների կոռուպցիոն ռիսկերի մասին հարցերը մնում անպատասխան։
Ի վերջո, եթե ամեն թանկարժեք միջոցառում մեր հեղինակության հերթական ներդրումն է, գուցե դրա համար են գներն ու հարկատեսակաները թրնում ՝ հանուն միջազգային հեղինակությա՞ն։ Թող ժողովուրդն էլ խանութում վճարելիս իմանա, որ ոչ թե պարզապես թանկացած ապրանք է գնում, այլ իր լուման է ներդնում պետության միջազգային հեղինակության բարձրացման գործում։
Միայն թե Ամանորի սեղանի դեպքում գոնե տանտերն ինքն է որոշում՝ ինչ դնի սեղանին և ինչքան պարտքի տակ մտնի։ Իսկ երբ պետական միջոցներով է սեղան գցվում, վճարողը ժողովուրդն է, իսկ հեղինակության բարձրացման մասին հայտարարողը՝ իշխանությունը։
Հարցն այն չէ, թե Հայաստանը կարո՞ղ է բարձր մակարդակով միջոցառումներ կազմակերպել։ Հարցն այն է, թե ինչ գնով, ինչ թափանցիկությամբ և ո՞ւմ հաշվին։ Որովհետև հյուրերի բերանը բաց պահելը դեռ չի նշանակում, որ ժողովրդի գրպանն էլ պետք է դատարկ մնա։ Միջազգային հեղինակությունը թանկարժեք միջոցառումներ կազմակերպելով ու հյուրերի առաջ սեղան բացելով չէ, որ բարձրանում է։ Այն բարձրանում է երկրի ուժեղ տնտեսությամբ, քաղաքացիների բարեկեցությամբ, օրենքի գերակայությամբ և պետության հանդեպ վստահությամբ։ Հյուրերին զարմացնելը մի բան է, աշխարհում հարգանք վայելելը՝ բոլորովին այլ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր