«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում
Tue, 20 Oct 2026 08:45:16 +0400

Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թեպետ առաջին օրվանից ամեն ինչ փորձում է անել՝ Շաքիի ամոթալի միջադեպի թեման հանրային քննարկումների օրակարգից հանելու համար, եւ դրա համար էլ խորհրդարանական ծեծկռտուք սարքեցին, էլ զանազան այլ թեմաներ օրակարգ բերեցին՝ անկլավ-էքսկլավների, նոր սահմանադրության եւ այլն, սակայն Սամվել Կարապետյանի թիմը համառորեն առաջ է տանում այդ հարցը եւ փորձում է սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ ստանալ կատարվածի վերաբերյալ։
Այսօր էլ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ է նշանակված, եւ ընդդիմությունը պահանջում է, որ այդ նիստին ներկա գտնվեն ՆԳ եւ պաշտպանության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ բացատրություն տան, թե որտեղ են թերացել, որ ադրբեջանցին կարողացել է սահմանը հատել ու անարգել հասնել Շաքիի բնակավայր, եւ միայն հրաշքով է, որ այս միջադեպը ողբերգական` մահվան ելք չունեցավ։ Անցած շաբաթ եւս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հիշյալ հանձնաժողովի արտահերթ նիստ էին հրավիրել, որին, սակայն, միայն խորհրդարանականներ էին մասնակցում:
Այսօրվա նիստին, որոշ տեղեկություններով, առաջին դեմքեր չեն մասնակցի, բայց մասնակցություն կլինի բոլոր կառույցներից, թեպետ այս քննարկումն ամենեւին էլ ՔՊ-ականների սրտով չէ, եւ մտմտում են այն փակ ֆորմատով անցկացնելու շուրջ։ Իսկ որպեսզի փակ ֆորմատով անցկացնեն, պետք է ասեն, որ պետական գաղտնի ինֆորմացիաներ են հրապարակվելու, այդ պատճառով պետք է փակ ռեժիմ ապահովվի։ Ի դեպ, եթե այդպես անեն, ապա «Ուժեղ Հայաստանից» միայն Վաղինակ Վարդանովը կարող է ներկա գտնվել նիստին, քանի որ, ինչպես տեղեկացրել ենք, ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը քաղաքական որոշում է ընդունել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից», բացառությամբ մի քանի պատգամավորի, որոնց մեջ է նաեւ Վարդանովը։ Այսինքն, գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու փաստաթուղթը չեն ստորագրել:
Փոխարենը ՔՊ-ում զբաղված են Ալիեւի տնային աշխատանքը կատարելով, նախօրեին իշխող կուսակցության վարչությունն արտահերթ նիստ է հրավիրել, եւ նորից քննարկել են նոր սահմանադրության դրույթները։ Մտադիր են արագացված ռեժիմում քնարկումն ավարտել, նոր սահմանադրության հայեցակարգը հրապարակել մինչեւ տարեվերջ, որպեսզի հաջորդ տարվա սկզբին արդեն հանրաքվե անցկացնեն: Թե ինչպես են դա իրականացնելու, երբ ԱԺ-ում դրա համար անհրաժեշտ ձայներ չունեն, դեռ փակագծեր չեն բացում։ Վերջին խորհրդարանական ընտրություններում, հիշեցնենք, Փաշինյանի կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստացավ, ինչն անհրաժեշտ է նախագիծը հանրաքվեի դնելու որոշում ընդունելու համար: Չի բացառվում, որ 300 հազար մարդու ստորագրությամբ դա անեն։
Հիշեցնենք նաեւ, որ սահմանադրության նախագծում չկա հղում Անկախության հռչակագրին: Ադրբեջանն Արցախի եւ Հայաստանի միավորման մասին հիշատակում պարունակող Անկախության հռչակագիրը համարում է իր նկատմամբ տարածքային պահանջ եւ պահանջում է փոխել Հայաստանի գործող սահմանադրությունը, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր