Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Եթե կարող են, թող մեր արածի կես չափ մի բան անեն

«Հրապարակ». Եթե կարող են, թող մեր արածի կես չափ մի բան անեն

Tue, 20 Oct 2026 09:45:01 +0400


Եվրոպայում մոլեգնող բողոքի ցույցերը եւ հատկապես հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով, խանութների կողոպուտով, ձերբակալություններով: Եվրոպայում ստեղծված իրավիճակին հետեւող ՀՀ քաղաքացիները, փորձագետները վերլուծություններ են անում, թե ինչու մեզանում փողոցային պայքար չի ծավալվում, եւ ինչու ընդդիմությունը հաջողության չհասավ նախկին պայքարի փուլերում` այն դեպքում, երբ մեր ունեցած կորուստներն անհամեմատ ավելի շատ են, եւ մենք մեր իշխանություններից բողոքելու ավելի շատ պատճառներ ունենք, քան Իտալիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիները՝ իրենց ղեկավարությունից: Ֆրանսիայում ինքնաբուխ ցույցերին մասնակցել է 550 000-800 000 մարդ։ Պաշտոնական պատճառը գնաճն է, աշխատավարձերի եւ կենսաթոշակների մակարդակը, կրթության ոլորտի խնդիրները։ Ցույցերին միացել են ուսանողական կազմակերպություններ, արհմիություններ, «դեղին բաճկոնների» շարժման անդամներ։ Առավել մեծ վնասներ կրել է Լիմոժ քաղաքը, որտեղ հրկիզվել է 143-ամյա պատմական շենքը։ Իտալիայում նույնպես իրավիճակը խիստ լարված է` ցույցեր են անցկացվել Միլանում եւ Բոլոնիայում։ Միլանի մետրոյի «Դուոմո» կայարանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, առնվազն երկու ոստիկան է վիրավորվել, շուրջ 50 ցուցարար բերման է ենթարկվել։ Բախումների ընթացքում վնասվել են մեքենաներ եւ առեւտրային օբյեկտներ։ Բոլոնիայում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, ձերբակալվել է 7 մարդ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է բռնությունները՝ ընդգծելով, որ ցույցեր անցկացնելու իրավունքը չի արդարացնում քաղաքներում ավերածություններն ու իրավապահների նկատմամբ հարձակումները։

Այս ամենի ֆոնին Ֆեյսբուքի հայկական տիրույթում բազմաթիվ գրառումներ նկատեցինք, որտեղ օգտատերերը մեղադրում են հայաստանյան ընդդիմությանը՝ տարիներ շարունակ հանրության ընդդիմադիր զանգվածին անիմաստ քայլեցնելու եւ տուն ուղարկելու մեջ: Հատկապես դաշնակցական Իշխան Սաղաթելյանն է նման զուգահեռներ անցկացնողների թիրախում հայտնվել: Փաստ է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը 2018 թվականից հետո չափազանց օրինապահ են իրենց դրսեւորում, կտրուկ քայլերի չեն դիմում, զուսպ են, եւ դա մարդկանց երբեմն հիասթափեցնում է: Չնայած փաստ է նաեւ այն, որ 18-ին իշխանության եկած մարդիկ շատ ավելի դաժանորեն են ճնշում հանրահավաքներն ու պատրաստ են բռնություն կիրառել խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ:
Իշխան Սաղաթելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, ասում է. «Այնպես չէ, որ բոլորն այդ կարծիքին են կամ բոլորն այդպիսի գրառումներ են անում: Այդ մասին խոսում են շատ կոնկրետ մարդիկ, իսկ փաստը հետեւյալն է, որ առնվազն երկու-երեք անգամ իշխանությունն ընդդիմության շարժումների ընթացքում կրակեց ժողովրդի վրա, տասնյակ հարյուրավոր մարդկանց էլ ձերբակալեցին: Մենք մինչեւ վերջ պայքարի ենք գնացել, մեր կողմից հնարավորն արել ենք, իսկ մեր մասին խոսողները, եթե կարող են` թող մեր արածի կես չափ մի բան անեն»:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ քննարկումներին հարկավոր չէ լուրջ վերաբերվել, դրանք անիմաստ քննադատություններ են. «Ֆրանսիայում միշտ էլ եղել է այդ պայքարը, եւ այն շարունակվելու է դեռ: Անիմաստ խոսակցություններ են դրանք, որոնց պետք չէ լուրջ վերաբերվել»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու

«Հրապարակ»․ Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու Tue, 20 Oct 2026 11:15:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով