Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար
Tue, 20 Oct 2026 16:59:22 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը քննադատել է Հայաստանում կապիտալի շուկայի վիճակը՝ նշելով, որ երկրում տնտեսության իրական արժեքը որոշելու հստակ մեխանիզմներ չկան։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, որ կապիտալի շուկայի կարևորագույն ցուցիչը բաժնետոմսերն են, մինչդեռ Հայաստանում այդ ոլորտը փաստացի զարգացած չէ։ Պատգամավորի խոսքով՝ դրա հետևանքով պարզ չէ նաև երկրի տնտեսության իրական շուկայական արժեքը։
Որպես օրինակ՝ Ֆարմանյանը հիշատակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գնահատումը՝ այն համարելով անհասկանալի մեթոդաբանության արդյունք։
Նա նաև պնդել է, որ վերջին շրջանում քաղաքական հետապնդումների հետևանքով փակվել են ավելի քան 60 ընկերություններ և բիզնեսներ։
Այս համատեքստում պատգամավորը հարց է ուղղել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Սևակ Միքայելյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք բաց բաժնետիրական ընկերությունների ձևաչափը կարող էր ավելի պաշտպանված դարձնել այդ բիզնեսները։
Ֆարմանյանի կարծիքով՝ բազմաթիվ բաժնետերեր ունեցող ընկերությունները կարող էին ավելի մեծ պաշտպանվածություն ունենալ։ Նա թեկնածուից նաև հետաքրքրվել է, թե ինչ կոնկրետ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Հայաստանում կապիտալի շուկան զարգացնելու համար՝ հաշվի առնելով, որ, իր գնահատմամբ, այն գործնականում գոյություն չունի։
«ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար, ոչ թե շուկայական գնով, այլ չգիտեմ՝ ինչ մեթոդաբանությամբ, սա աբսուրդ է»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր