Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, նա պետք է հեռանա, 2020-21 թթ. ասում էր Առուշ Առուշանյանը

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, նա պետք է հեռանա, 2020-21 թթ. ասում էր Առուշ Առուշանյանը

Tue, 20 Oct 2026 20:45:20 +0400


Երեկվանից բոլորը, անգամ իշխանական որոշ շրջանակներ, Գորիսի ճամբարափոխ համայնքապետ Առուշ Առուշանյանին են քննադատում: Հանրությանը զայրացրել է Առուշանյանի երկուշաբթի օրը տված հարցազրույցը, որում վերջինս Նիկոլ Փաշինյանին համեմատում է թագավորի հետ, պնդում է, որ Հայաստանը զարգանում է, ասում է, թե` միայն կույր մարդը չի կարող տեսնել Հայաստանի զարգացումը, ապա հերքում է, թե ինքը երբեք քաղաքական բանտարկյալ չի եղել: Այդ հարցազրույցի թերևս ամենազավեշտական դրվագը սա է: Եթե Առուշանյանն ընդունում է, որ ինքը քաղաքական բանտարկյալ չի եղել, ուրեմն համարում է, որ ինքը քրեական հանցագո՞րծ էր, որին դատում էին իրավապահները: Եւ եթե ինքը քրեական հանցագործ է, ի՞նչ գործ ունի համայնքապետի աթոռին, դեռ մի բան էլ նորից է ուզում համայնքապետ դառնալ:

«Հրապարակը» առանձնացրել է Առուշանյանի կողմից տարբեր տարիներին հնչած քննադատություններն ու երեկվա ասածին հակասող մտքերը.

«Նիկոլ, ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք»

2020 թվականի պատերազմից հետո և հաջորդող տարիներին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաակտիվ քննադատներից էր Սյունիքում։ Նրա հայտարարությունները վերաբերում էին պատերազմի հետևանքներին, Սյունիքի սահմանային բնակավայրերի անվտանգությանը, իշխանության պատասխանատվությանը, նա վարչապետի հրաժարականն էր պահանջում։ Իսկ երբ Փաշինյանը Սյունիք էր այցելել «սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից մեկը հենց Առուշ Առուշանյանն էր: Երբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական զորքեր հայտնվեցին, Առուշ Առուշանյանը հրապարակային հայտարարությամբ դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչ երեսով է նա պատրաստվում այցելել Սյունիք։

«Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ»,– գրել էր նա՝ մեղադրելով վարչապետին արյան գնով պահված տարածքները թշնամուն հանձնելու համար։
Առուշանյանի հայտարարությունների հիմքում այն համոզմունքն էր, որ պատերազմից հետո Սյունիքում ստեղծված անվտանգային խնդիրների համար պատասխանատվություն է կրում երկրի քաղաքական ղեկավարությունը։

Դեկտեմբերի 21-ին, Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում, Գորիսում իրավիճակը լարվել էր, Առուշանյանը կոչ էր արել թույլ չտալ վարչապետի մուտքը մարզ։ Դեկտեմբերի 22-ին նա լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, քանի որ, իր գնահատմամբ, սյունեցիների պահած հողերը հանձնել է հակառակորդին։ «Դա սյունեցիների կամքն է։ Այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետեւ սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն՝ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը»,– հայտարարել էր նա։

2021 թվականի փետրվարին Առուշանյանը շարունակում էր քննադատել Փաշինյանին, հատկապես Սյունիքի անվտանգության և սահմանային իրավիճակի վերաբերյալ նրա հայտարարությունները: Փետրվարի 24-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա։ «Եթե սյունեցիներն իրենց անվտանգության գոտին պահել էին 26 կմ առաջ, եւ տվյալ անձը պատմական հողերը տվել է ու թշնամուն բերել է, սյունեցիներից մի քանի մետր հեռավորության վրա կանգնեցրել, եթե սա ինքն անվտանգ է համարում, գուցե իր համար անվտանգ լինի, որովհետեւ կարծում եմ՝ ինքը թշնամու հետ խնդիր չունի»,– ասել էր Առուշանյանը։
Առուշանյանը պնդում էր, որ Սյունիքում իրականացվող շինարարական աշխատանքները սկսվել էին ավելի վաղ, և դրանց արդյունքները վարչապետի քաղաքական ձեռքբերում ներկայացնել չի կարելի։

2021-ի փետրվարի 25-ին Առուշանյանը կրկին խոսել էր վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին։ Մի հարցազրույցում նա հայտարարել էր, որ հույս ունի՝ Փաշինյանը կհասկանա հեռանալու անհրաժեշտությունը՝ քաղաքացիների միջև բախումներից խուսափելու համար։ Իսկ երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և վարչապետի հրաժարականը, Առուշանյանը հրապարակավ աջակցեց ԳՇ-ին։ «Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա»,– գրել էր նա։
Այս հայտարարություններով Առուշանյանը միացավ ընդդիմադիր քաղաքական շրջանակներին, որոնք պատերազմից հետո պահանջում էին Փաշինյանի հրաժարականը՝ իշխանությանն ուղղելով երկրի անվտանգության և պատերազմի հետևանքների համար պատասխանատվության մեղադրանքներ։

2022 թվականի գարնանը Փաշինյանի հրաժարականի պահանջը կրկին դարձավ ընդդիմադիր շարժումների գլխավոր թեման։ Առուշ Առուշանյանը միացավ Դիմադրության շարժմանը և մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հանդես եկավ վարչապետի դեմ հայտարարություններով.
«Ժողովուրդը կհասնի Փաշինյանի հրաժարականին»,– հայտարարել էր նա՝ շեշտելով, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, հեռու չէ այն օրը, երբ վարչապետը կհեռանա։ Առուշանյանը քննադատում էր իշխանություններին, որը ճնշում է գործադրում սեփական ժողովրդի վրա, մինչդեռ հակառակորդի նկատմամբ անհրաժեշտ գործողություններ չի իրականացնում։

«Ինձ համար ավելի կարեւոր է պետականությունը, քան անձնական բարօրությունը, այդ իսկ պատճառով ինձ չեն կանգնեցնի ո՛չ ձերբակալությունը, ո՛չ ինչ-որ ուրիշ բան»,– ասել էր նա։ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Yerkir.am-ի հետ զրույցում նա վարչապետին մեղադրել էր Արցախի կորստի համար՝ պատասխանատվությունը կապելով իշխանության վարած քաղաքականության հետ։

Առուշանյանի 2020–2022 թվականների հայտարարություններում կարելի է առանձնացնել մի քանի ուղղություն։ Առաջինը Սյունիքի անվտանգությունն էր։ Նա պնդում էր, որ պատերազմի հետևանքով և դրանից հետո ստեղծված սահմանային իրավիճակի համար պատասխանատվություն է կրում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Երկրորդը վարչապետի հրաժարականի պահանջն էր։

Առուշանյանը ոչ միայն քննադատում էր կառավարության գործողությունները, այլև հրապարակայնորեն հայտարարում, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Երրորդը պատերազմի և Արցախի կորստի քաղաքական պատասխանատվությունն էր։ Չորրորդը ընդդիմադիր պայքարին մասնակցությունն էր` ընդ որում, գրեթե բոլոր դիմադրության շարժումներին նա եւ իր մերձավորները մասնակցել են։ Նա պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, նրան մեղադրում թշնամու հետ համագործակցելու, և Արցախը հանձնելու մեջ, իսկ 2025-ից ի վեր սկսեց` հանուն իր աթոռի, փողի, ազատության, համագործակցել ՔՊ-ի եւ նրա առաջնորդի հետ: Եւ հանրության երբեմնի համակրանքն ու աջակցությունը սկսեց վերածվել զզվանքի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բողոքի ցույցեր  է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․

Բողոքի ցույցեր  է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․ Tue, 20 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով