Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Wed, 21 Oct 2026 12:09:36 +0400


Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Փաստաթուղթը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ համաձայնագրի հիմնական նպատակն է երկու երկրների միջև ծառայությունների մատուցման, առևտրի և ներդրումային գործունեության ազատականացումը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է համապատասխան ոլորտներում փոխադարձ խոչընդոտների նվազեցում, տնտեսական արդյունավետության բարձրացում և երկկողմ համագործակցության զարգացում։

Նախարարը նաև ներկայացրել է կողմերի ստանձնած պարտավորությունների փոփոխությունները։ Եթե նախկինում Հայաստանը ԱՄԷ-ի նկատմամբ ունեցել է 102 պարտավորություն, ապա նոր փաստաթղթով դրանց թիվն ավելացել է ևս 25-ով։ ԱՄԷ-ի դեպքում պարտավորությունների թիվը նախկին 32-ի փոխարեն նոր համաձայնագրով հասել է 122-ի։

Քննարկման ընթացքում, սակայն, պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ «Հայաստան» խմբակցությունից, կասկածի տակ է դրել համաձայնագրի հնարավոր տնտեսական արդյունքների վերաբերյալ նախարարի ներկայացրած որոշ գնահատականներ։

Մանուկյանը նշել է, որ ԱՄԷ-ի հետ ավիաչվերթների ավելացումը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի արտահանման կամ զբոսաշրջության իրական աճով։ Նրա խոսքով՝ թռիչքների հաճախականության ավելացման պատճառներից մեկն այն քաղաքացիներն են, որոնք ԱՄԷ-ից ժամանակավորապես մեկնում են Հայաստան, ապա մի քանի ժամ կամ օր անց վերադառնում։ Պատգամավորի դիտարկմամբ՝ այդ շարժը կարող է ազդել նաև զբոսաշրջային այցելությունների վիճակագրության վրա։

Մանուկյանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև տնտեսական գործունեության հնարավորություններին՝ հարց բարձրացնելով ԱՄԷ-ում հայկական ընկերությունների համար առկա սահմանափակումների վերաբերյալ։ Նա նկատել է, որ հայ գործարարների համար դժվար կլինի մուտք գործել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բջջային կապն ու տաքսի ծառայությունները, որոնք, իր գնահատմամբ, կապված են շեյխերի ընտանիքների հետ։

Պատգամավորը նաև հարցրել է, թե ինչպե՞ս է իրականացվելու հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների մատուցումը, եթե Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խնդիրներ հայտնաբերի համապատասխան ընկերությունների գործունեության մեջ։

Ի պատասխան՝ Պապոյանը հաստատել է, որ ԱՄԷ-ի քաղաքացիներին և ռեզիդենտներին վիզային ռեժիմից ազատելու որոշումը նաև նպատակ ունի նրանց հնարավորություն տալ ժամանակավորապես լքել երկիրը և այնուհետև վերադառնալ։

«Դա մեր քաղաքականությունն է, էդպես էլ արել ենք, որ էդպես էլ լինի, մենք չենք էլ ժխտում այն, ասեմ ավելին՝ այն պետական քաղաքականություն է»,- հայտարարել է նախարարը։

Անդրադառնալով ներդրումային հնարավորություններին՝ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի ռեզիդենտները ԱՄԷ-ում հեռահաղորդակցության ոլորտում ներդրումներ կատարելու առումով ավելի սահմանափակ հնարավորություններ չեն ունենա, քան Էմիրությունների ռեզիդենտները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը Wed, 21 Oct 2026 12:29:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով