Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

ՌԴ ԱԳՆ-ում պնդում են՝ Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը

ՌԴ ԱԳՆ-ում պնդում են՝ Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը

Wed, 21 Oct 2026 15:53:53 +0400


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված խնդիրների մասին հրապարակումները «հին ճռռացող ձայնապնակ» է անվանում։ Նա այդ մասին խոսել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան ընդգծել է, որ այդ նյութերում որևէ փաստական բաղադրիչ չկա։ Նա չի բացառել, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հաշվի առնելով այն, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում անվտանգության հարցերին, առանձին լրագրողների մեկնաբանությունները միայն տարակուսանք են առաջացնում, նրա խոսքերը փոխանցում է Սպուտնիկ-ը։

Զախարովան նաև չի բացառել, որ նման հրապարակումները քաղաքական դրդապատճառներ ունեն Երևանում COP17–ի անցկացման ֆոնին։
«Նաև հնարավոր է, որ նման նյութերը պայմանավորված են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը ինչ-որ կերպ վնաս հասցնելու ցանկությամբ», նշել է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմակայունությանը՝ այն կայուն դարձնելով տարերքի մարտահրավերների նկատմամբ: Նրա խոսքով՝ հուսալիության ապացույցն այն է, որ անվտանգության բոլոր համակարգերը 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ աշխատել են նախատեսված կարգով:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ զգալի ծավալի աշխատանքներ է կատարել ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ: Հոկտեմբերի սկզբին հաստատվել է կայանը մինչև 2031 թվականը շահագործելու անվտանգությունը, համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ գործողության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով։

Այս համատեքստում Զախարովան նշել է, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է կայանի աշխատանքի ժամկետի երկարացման հարցում իր շահագրգռվածությունը։ Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը, բոլոր միջոցառումներն իրականացվում են համաձայն ՄԱԳԱՏԷ-ի պահանջների ու չափանիշների: Ավելին` գործակալության մասնագիտական խումբը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ կայանը համապատասխանում է անվտանգության միջազգային պահանջներին։
«Արդյոք այդ բոլոր փաստերն արտացոլվե՞լ են հիշյալ հրապարակումներում։ Չէ՞ որ դրանք փաստեր են։ Պատասխան՝ ո՛չ», – եզրափակել է դիվանագետը։

Ավելի վաղ ադրբեջանական 1news.az–ն իր հոդվածում շոշափել էր Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցը՝ նշելով, թե իբր օդի, ջրի և հողի ռադիոակտիվ աղտոտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բնապահպանական և մարդասիրական հետևանքների՝ ազդելով դեպքի վայրից շատ հեռու գտնվող տարածքների վրա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը

Միրզոյանը հստակ ասաց՝ ինչու Բաքուն չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը Wed, 21 Oct 2026 12:29:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով