Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Դպրոցների միավորումը նախագիծ է, սակայն Փաշինյանն արդեն փիառ է անում

Դպրոցների միավորումը նախագիծ է, սակայն Փաշինյանն արդեն փիառ է անում

Thu, 22 Oct 2026 13:15:50 +0400


Հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Աճարկուտի եւ Ակնաղբյուրի հիմնական դպրոցների միավորումը ե՞րբ է լինելու, այդ միավորումից հետո դպրոցների աշխատակիցներից քանի՞սն է անգործ մնալու։ Աճարկուտցի եւ ակնաղբյուրցի դպրոցականներին դպրոցից վերադարձնող ավտոբուսները ո՞ր ժամին են վերադառնալու Կիրանցից եւ Լուսաձորից, եթե առաջին դասարանցիները դասերն ավարտում են 4-րդ դասաժամով, իսկ 9-րդ դասարանցիները՝ 7-րդ դասաժամով, չհաշված աշակերտների՝ խմբակներ հաճախելը, նախագծային աշխատանքներ անելը եւ այլն»։

Հոկտեմբերի 20-ին ստացել եմ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանի տորագրությամբ պատասխան․ «Աճարկուտի եւ Կիրանցի, ինչպես նաեւ Ակնաղբյուրի եւ Լուսաձորի դպրոցների միաձուլման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը ներկայում գտնվում են շրջանառության փուլում։ Միաձուլման գործընթացը ենթադրում է, որ վերակազմակերպված նոր ՊՈԱԿ-ում ձեւավորվելու է նոր աշխատակազմ, որտեղ բոլոր աշխատակիցներն ունենալու են հավասար հնարավորություններ` հիմք ընդունելով մասնագիտական զարգացման տարբեր ծրագրերում ցուցաբերված ցուցանիշները։ Բացի դրանից, թե՛ Կիրանցում, թե՛ Լուսաձորում հիմնական դպրոցները դառնալու են միջնակարգ՝ ստեղծելով նոր հնարավորություններ աշխատանքի համար: Կրթահամալիրները պիտի գործեն նաեւ որպես համայնքային կենտրոններ՝ նաեւ մարզական, մշակութային եւ համայնքային ծրագրեր իրականացնող։

Աշակերտների տեղափոխումը կազմակերպվելու է ուսումնական գործընթացը չխաթարելու սկզբունքով: Ըստ այդմ՝ տարրական դասարանների աշակերտների տեղափոխումն իրականացվելու է նրանց դասերի ավարտից հետո, իսկ միջին եւ ավագ դասարանների աշակերտների համար՝ արտադպրոցական պարապմունքների, ինչպես նաեւ նախագծային աշխատանքների ավարտից հետո»: ԿԳՄՍՆ-ից չեն պատասխանել այն հարցին, թե հիշյալ դպրոցների միավորումը երբ է տեղի ունենալու` այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի՞ն, հաջո՞րդ ուսումնական տարվանից, թե՞ ավելի ուշ։ Միայն հայտնել են, որ Ակնաղբյուրի եւ Լուսաձորի դպրոցների միաձուլման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերը ներկայում գտնվում են շրջանառության փուլում։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին հանրությանը չեն տեղեկացնում, այլ այդ դպրոցների միավորումը ներկայացնում են որպես կատարված փաստ։ Դա ընդամենը նախագիծ է, սակայն հոկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը դպրոցական ավտոբուսներով երթեւեկելով ցույց էր տալիս Ակնաղբյուր գյուղից դեպի Լուսաձորի կրթահամալիր, Աճարկուտից` Կիրանցի դպրոց տանող ճանապարհները, չափում էր երթուղում տեւողությունը, գովազդում ավտոբուսների օդորակիչներն ու ամրագոտիները, գովում վարորդներին, որոնք ընտրվել են հանձնաժողովի կողմից։ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ աշակերտների տեղափոխումն իրականացվելու է նրանց դասերի ավարտից հետո, սակայն պարզ չէ, թե ինչպես է ավտոբուսի ուղերթի օպտիմալ ժամ սահմանվելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միավորված դպրոցներում աշխատելու առաջնահերթությունը տրվելու է ատեստավորված ուսուցիչներին, իսկ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ ուսուցիչներին աշխատանքի ընդունելու հարցում առաջնորդվելու են ՝«հիմք ընդունելով մասնագիտական զարգացման տարբեր ծրագրերում ցուցաբերված ցուցանիշները»։ Փաշինյանի ասածի եւ նախարարության հայտնածի միջեւ էական տարբերություն կա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ հնարավոր նոր ընտրությունների մասին

Փաշինյանը՝ հնարավոր նոր ընտրությունների մասին Thu, 22 Oct 2026 13:11:14 +0400 Հայաստանի կառավարությունը առաջիկայում հանրությանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով