ՌԴ-ն վերահսկում է մեր տարածքի մոտ 18-19%-ը․ Զելենսկին զիջումների՞ է գնում
Thu, 22 Oct 2026 17:00:58 +0400

Ռուսաստանը շարունակում է պահանջել, որ Ուկրաինան հանձնի Դոնեցկի մարզի կարևոր քաղաքները՝ Սլավյանսկը, Կրամատորսկը և Դրուժկովկան՝ պատերազմն ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Diary Of A CEO-ին տված հարցազրույցում։
«Սա ուղղակիորեն տանում է դեպի Դնեպրոպետրովսկի մարզ՝ դեպի Պավլոգրադ, Դնեպր։ Սրանք կենսականորեն կարևոր կենտրոններ են… Կրիվոյ Ռոգը իմ հայրենի քաղաքն է, Նիկոպոլի արդյունաբերական, ինժեներական և արտադրական կենտրոնը. դա մեր երկրի տնտեսությունն է», – հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինայի համար վտանգավոր կլինի հանձնել Դոնեցկի մարզի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող մասը, քանի որ այնտեղ է գտնվում Ուկրաինայի զինված ուժերի ամրացված պաշտպանական գիծը։
«Եթե մենք նրանց տանք այս քաղաքները, ռիսկը հսկայական կլինի։ Եթե նա ցանկանա ավելի հեռու գնալ, կարող է գրավել մեր քաղաքների մեծ մասը, եթե առաջ շարժվի։ Եվ ռիսկը իրական է։ Ոչ ոք ոչինչ չի երաշխավորում», – ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ շատերն այժմ խոսում են անվտանգության երաշխիքների մասին, և Ուկրաինան բաց է այս հարցը քննարկելու համար։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը ցանկանում է, որ ուկրաինական զորքերը նահանջեն ավելի հեռու։
Նրա խոսքով, Ռուսաստանը ներկայումս վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտավորապես 18-19%-ը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում կողմերին փնտրել փոխզիջում, և Ուկրաինան արդեն իսկ էական զիջումների է գնում։
«Ամենամեծ փոխզիջումը, որին մենք արդեն գնում ենք, հրադադարն է։ Եկեք պարզապես դադարեցնենք այս պատերազմը», – նշել է նա։ «Ես բազմիցս փորձել եմ ասել ԱՄՆ նախագահին. պարզապես հասկացեք մեզ։ Դա հսկայական փոխզիջում է պարզապես պահպանել գծերը այնտեղ, որտեղ մենք հիմա ենք», – հավելել է Ուկրաինայի նախագահը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր