Թիֆլիսից՝ Լենինգրադ, ապա՝ Նյու Յորք․ հայ գիտնականի փառահեղ ուղին
Thu, 22 Oct 2026 21:00:00 +0400

Էդուարդ Քեոնջյանը հայազգի էլեկտրոնային ինժեներիայի մասնագետ է, միկրոէլեկտրոնիկայի հայտնի մասնագետ, որի կատարած աշխատանքները նպաստել են կոմպակտ եւ էներգաարդյունավետ էլեկտրոնային սարքերի զարգացմանը, այդ թվում՝ այնպիսի սարքերի, որոնք կիրառվել են տիեզերքում։ Նրա կյանքը նման է դրամատիկ շրջադարձերով լի կինոնկարի։
Լենինգրադյան բլոկադայից մինչեւ նացիստական ճամբարից փախուստ եւ աշխատանք ամերիկյան տիեզերական ծրագրերում։ Էդուարդ Քեոնջյանը ծնվել է 1909 թվականին՝ Թիֆլիսում, հայկական ընտանիքում։ Պատանեկան տարիքից հրապուրվել է ռադիոտեխնիկայով։ Սկսել է հավաքել դետեկտորային ընդունիչ եւ ինքնուրույն փորձարկել անտենայով։ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելուց հետո՝ 1928 թվականին, նա տեղափոխվել է Լենինգրադ եւ ընդունվել տեղի էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ 1930-ականների կեսերին աշխատել է որպես ռադիոինժեներ, դասավանդել եւ հրապարակել է գիտական հոդվածներ։ Սովետա-ֆինլանդական սահմանին ձերբակալվել է, հետո գտնվել է տնային կալանքի տակ։ Հայրենական պատերազմի ժամանակ մնացել է բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում, աշխատել է ռադիոալիքներում խափանումներ առաջացնող համակարգի վրա։ 41-42 թվականներին, սովից հյուծված, հազիվ փրկվել է մահից։ 1942 թվականին Քեոնջյանին տարհանել են «Կյանքի ճանապարհով»՝ Լադոգայի լճի վրայով։ Սակայն շուտով նրա ընտանիքը հայտնվել է գերմանացիների գրաված տարածքում եւ ուղարկվել գերմանական աշխատանքային ճամբար։ Քեոնջյանները կարողացել են փախչել գերմանական ճամբարից։ Ասում են, դա հաջողվել է Էդուարդ Քեոնջյանի կնոջ՝ Վերգինեի վճռականության շնորհիվ։
1947 թվականին, Սովետական Միություն հարկադիր վերադարձից եւ Սիբիր աքսորվելուց խուսափելու համար, ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Ստիպված են լինում նորից զրոյից սկսել կյանք կառուցել։ Չունենալով փաստաթղթեր եւ մասնագիտական կրթության դիպլոմ, որոնք կորսվել էին բլոկադայի ժամանակ եւ հետո՝ գերմանական ճամբարի ու փախուստի ճանապարհին, Քեոնջյանը ստիպված է լինում մեքենաներ լվանալ, աշխատել որպես գծագրող, խանութներ մաքրել։ Անգլերենին չէր տիրապետում, եւ դա էլ հավելյալ խնդիր էր։ Աստիճանաբար լեզվական արգելքը հաղթահարում է եւ սկսում է էլեկտրատեխնիկա դասավանդել Նյու Յորքում։ Ավելի ուշ նրան հրավիրում են General Electric ընկերություն, որտեղ սկսում է զբաղվել տրանզիստորներով։ Մասնակցում է տրանզիստորային ուժեղացուցիչների մշակման աշխատանքներին։ 1953 թվականին դառնում է «Տրանզիստորային սխեմաների հիմունքներ» գրքի համահեղինակներից։ 1954 թվականին ստեղծում է ծխախոտատուփի մեծության պարտատիվ ռադիոհաղորդիչ, որի էլեկտրասնուցումն իրականացվում էր արեւային մարտկոցների միջոցով։ Դա դառնում է խորհրդանշական ու նշանակալի հաջողություն։
Քեոնջյանին երկու բան էր հետաքրքրում գիտության մեջ՝ սարքավորումների չափերի փոքրացումը եւ էներգաարդյունավետության ավելացումը։ Նա աշխատել է տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպություններում, մասնակցել Միացյալ Նահանգների՝ Լուսնային առաքելության իրականացմանը, զբաղվել է ինտեգրալ համակարգերով, հրատարակել կամ խմբագրել գիտական շրջանակներում հեղինակություն ունեցող աշխատություններ, գրել է հոդվածներ։ Աշխատել է որպես ՄԱԿ-ի փորձագետ, դասավանդել է համալսարանում։
Էդուարդ Քեոնջյանը մահացել է 1999 թվականին։ 2009 թվականին Արիզոնայի համալսարանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ստեղծել է անվանական պրոֆեսուրա՝ Էդուարդ եւ Մարիա Քեոնջյանների անունով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր