«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն
Fri, 23 Oct 2026 11:15:24 +0400

Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքում մի քանի օր առաջ հրապարակվեց զեկույց այն մասին, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե դադարեցնի կամ կորցնի իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, եւ այլեւս ԵԱՏՄ արտոնությունները հասանելի չլինեն մեզ: «Հրապարակը» ԵԱՏՄ այս զեկույցի մասին զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
– Որո՞նք են ամենամտահոգիչ խնդիրները, որ կարող են առաջանալ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու պարագայում:
– Արդեն շատ քաղաքակիրթ ձեւով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարելի է համարել, որ դե ֆակտո սառեցվել է, որովհետեւ նման նախադեպեր չեն եղել: Իրավիճակը բավականին լրջացել է, ինչի պատճառով էլ նման զեկույց է հրապարակվել: Չեմ կարծում, որ առանց շատ լուրջ պատճառների զեկույց պատրաստվեր: Հայաստանին այս մասին բազմիցս զգուշացվել է, ասվել է, եւ հիմա դա ավելի հստակ ձեւակերպումներ ունի:
– Իսկ դրանից ՀՀ կառավարությունը, ըստ Ձեզ, ինչ-որ հետեւություններ պե՞տք է անի:
– Դա արդեն երկրորդ խնդիրն է, կարծում եմ, որ այլընտրանքներ որոնելու բավական լուրջ խնդիր կա, իսկ այլընտրանքն այդպես՝ մի օրում կամ անմիջապես այդ զեկույցից հետո չի արվում, պետք է հաշվի առնենք, թե ինչքան ժամանակ է պահանջվել՝ ինտեգրացիոն գործընթացները կազմակերպելու համար, եւ չմոռանանք՝ Հայաստանի Հանրապետությունը հիմնադիր անդամ է, ոչ թե ուղղակի անդամ:
– Իսկ Հայաստանի բնակչությունն ի՞նչ խնդիրների է բախվելու, եթե ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին սառեցվի:
– Մենք արդեն բախվել ենք, ուղղակի տաք ենք՝ չենք զգում․ խաղից դուրս վիճակում ենք հայտնվել: Թվերով շատ հստակ ներկայացված է, թե Հայաստանն ինչ արտոնություններ ունի, ինչ է կորցնելու այդ պարագայում:
– Օրինակ, գրված է, որ Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումները 50 տոկոսով կկրճատվեն․․․
– Միայն դա չէ, արտահանմանն է վերաբերում, արտահանման ներուժի կրճատում, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տարբեր այլ ոլորտներ։ Ըստ էության, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին առնչվում է դա, եւ սրանց՝ ժամանակին լուրջ չվերաբերվելը հանգեցրել է հենց այս ծանր տեսակին: Տնտեսական առումով, իմ գնահատականներն են սրանք, Հայաստանի Հանրապետությունն այսօրվա դրությամբ արդեն իսկ մի քանի ամսվա մեջ միայն գյուղմթերքի, ծաղիկների, ձկնամթերքի եւ նման ապրանքների արտահանումից կորցրել է մեկ միլիարդ դոլարից ավելի:
– Ի՞նչ եք կարծում՝ դեկտեմբերին պաշտոնապես կհայտարարվի՞, որ կառույցին ՀՀ անդամակցությունը սառեցվում է:
– Հայաստանի Հանրապետության վարքագիծը՝ հատկապես տնտեսական ոլորտի պատասխանատուների վարքագիծը, հուշում է, որ հրաշքներ տեղի չեն ունենալու, Հայաստանի պետական այրերը պետք է շարունակեն, այսպես ասած, այն քաղաքականությունը, որը թվում է, թե մյուս անդամ երկրները չեն նկատում՝ դա երկու, երեք, չորս, տարբեր բեւեռների կամ տերությունների, գերտերությունների միջեւ ինչ-որ ժամանակային կամ հարադեպային քաղաքական փոփոխություններն են, խոստումները` այս կամ այն ուղղությամբ: Եվրոպային մի բան է խոստանում ՀՀ-ն, շուռ է գալիս՝ ՌԴ-ին ու ԵԱՏՄ-ին ասում է՝ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ավելի լավ պիտի լինի, մինչդեռ Եվրոպական Միությանը հետաքրքրում է ոչ այնքան Հայաստանի անդամակցությունը եւ ոչ էլ էներգետիկ կամ ռազմաքաղաքական անվտանգությունը, որքան Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս մղելը: Դա շատ հստակ հայտարարել են եվրոպացիները․ դա նորություն չէ: Այս պայմաններում ի՞նչ է անելու ՀՀ ղեկավարությունը․ չեմ կարծում, որ մարդիկ իրենց բնավորությունը, խառնվածքը մեկ-երկու օրում փոխեն, դառնան ավելի կայուն, ավելի հեռատես, ավելի մտահոգ: Տեսեք, թե ինչ արագ պատասխաններ է տալիս էկոնոմիկայի նախարարը, առանց նույնիսկ մտահոգվելու, թե իրականում հարցի լրջությունը որն է, կամ, ասենք` մյուս ոլորտների պատասխանատուները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրենք ունեն գոնե պատկերացում` ինչ են նշանակում հեռահար շահերը պետության, տնտեսության դեպքում, ես մի քիչ կասկածում եմ դրանում: Ես այս կառավարության օրոք շատ մեծ սպասումներ չունեմ, որ իրավիճակը կարող է դեպի դրականը փոխվել, եւ այդ արտոնությունների համակարգը, որ ընձեռված է ՀՀ-ին, դա միայն գազի գնի 65% կամ ավելի բարձրացումը չէ։ Դրանք շատ ավելի մեծ քաղաքակրթական բնույթի խնդիրներ են, որոնցից ՀՀ-ն պատմության ընթացքում կարծես թե դասեր չի քաղել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր