Արկածախնդրությամբ զբաղվողը միշտ պարտվում է
Fri, 23 Oct 2026 16:01:58 +0400

ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի հարց դարձնելը Ն․Փաշինյանի հերթական «տրյուկն» է։ Արդյո՞ք մեր ժողովրդի համար կենսական նշանակություն չունի ԵԱՏՄ-ի կազմում մնալ-չմնալու հարցը։
Գեներացնելով Սահմանադրության տեքստի քննարկումը խորհրդարանում, Նիկոլը ժողովրդի ուշադրությունը շեղում է անհամեմատ կարևոր և գոյաբանական բնույթ ունեցող հարցից։
Խզելով ԵԱՏՄ, իսկ ավելի պարզ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունները, զրկվելով ահռելի շուկայից, ձեռք բերված արտոնություններից Հայաստանն առնվազն առաջիկա տարիներին կկորցնի տնտեսության մրցունակությունը։ Գազի գնի բարձրացումը սնանկ կդարձնի արդյունաբերության, հատկապես՝ սննդի ձեռնարկությունները, ընչազուրկ կդարձնի հանրության խոցելի շերտերը, նոր թափ կհարղորդի արտագաղթին, առաջ բերելով վտանգավոր դեմոգրաֆիկ փոփոխություններ վերջին տարիների չկանոնակարգված միգրացիոն հոսքերի պայմաններում։
Սա դեռ ամբողջը չէ։ Ստեղծված քաոսային և խուճապային վիճակից անմիջապես կօգտվեն թշնամի երկրները։ Բայղուշի դերում չեմ, բայց և պարտավոր եմ բացահայտելու մեզ սպասվող տնտեսական, բարոյական և, վերջապես, անվտանգային բնույթի անխուսափելի հետևանքները։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչու՞ է Ն․Փաշինյանն այդքան անտարբեր ԵԱՏՄ երկրների կողմից հնչող հիմնավոր զգուշացումների նկատմամբ և այդքան շահագրգիռ փոխելու ՀՀ Սահմանադրության բովանդակությունը։ Արդյո՞ք պարտավորությունն է ստիպում նրան շտապել։
Հրատապ և անհրաժեշտ եմ համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու-չգալու հարցը։ Եթե պատասխանը լինի դրական, դա կնշանակի համաձայնություն ԵՄ կազմ մտնելու գործընթացի շարունակություն։ Իսկ քվեարկելով ԵԱՏՄ կազմում մնալու օգտին, ՀՀ քաղաքացիները ԱԺ-ին կպարտադրեն չեղարկել 2025թ․ գարնանն ընդունված օրենքը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը իշխանությունների՝ քաղաքականության կտրուկ շրջադարձ կատարելու, այսպես կոչված դիվերսիֆիկացիայի քայլը գնահատում է որպես արկածախնդրություն, երկիրը արհավիրքի տանելու միտում, ինչի արդյունքում պետությունը կորցնելու է իր գլխավոր պաշտպանին՝ ազգի միասնությունը, պարարտ հող նախապատրաստելով թշնամու՝ առնվազն նվաստացուցիչ պահանջները կատարելու համար։
Առաջարկս է՝ խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների հետ։ Պատրաստ ենք հանդիպել շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ
Արամ Սարգսյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր