Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Ամասիայում ՔՊ-ն մասնատվա՞ծ է․ ՔՊ-ական դարձած ընդդիմադիր համայնքապետն ու նախկին ՔՊ-ականները՝ ընտրապայքարում

Ամասիայում ՔՊ-ն մասնատվա՞ծ է․ ՔՊ-ական դարձած ընդդիմադիր համայնքապետն ու նախկին ՔՊ-ականները՝ ընտրապայքարում

Fri, 23 Oct 2026 16:15:36 +0400


Շիրակի մարզում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, ընտրություններ կանցկացվեն Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքներում։ Անդրադարձել ենք այս համայնքներում սպասվող ընտրապայքարին՝ նշելով, որ Ախուրյանում առաջադրվել է ընդամենը մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, իսկ Արթիկում պայքարին մասնակցում է չորս քաղաքական ուժ։

Այս անգամ անդրադառնանք նոյեմբերի 29-ին Ամասիա խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, որտեղ քաղաքական ուշագրավ վերադասավորումներ են տեղի ունեցել։ Նախկին ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանն այս անգամ հանդես է գալու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, մինչդեռ ՔՊ-ի Ամասիայի նախկին պատասխանատու Սամվել Ղարիբյանը պատրաստվում է ընտրություններին մասնակցել մեկ այլ կուսակցության՝ «Բարոյական արժեքներ»-ի ցուցակով։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին Ջեմմա Հարությունյանը մասնակցել էր «Ամասիա-Արփի» դաշինքով։ Թեև ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այն չէր կարողացել համայնքում իշխանություն ձևավորել։ Արդյունքում Ջեմմա Հարությունյանն ընտրվել էր համայնքի ղեկավար՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու միջոցով։
Նախորդ ընտրությունները Ամասիայում ուղեկցվել էին նաև քաղաքական տարաձայնություններով։ ՔՊ-ն չէր հաշտվել իշխանություն ձևավորելու անհաջողության հետ, և կուսակցության ավագանու անդամները մանդատները վայր դնելու միջոցով փորձել էին հասնել նոր ընտրությունների անցկացմանը։ Սակայն համայնքը շարունակել էր գործել առանց նոր ընտրությունների։

Հինգ տարի անց, սակայն, իրավիճակը փոխվել է։ Ամասիայի գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որը մինչ այժմ անկուսակցական էր, այս անգամ գլխավորելու է ՔՊ-ի ընտրացուցակը։ Ավելին՝ նա դիմում է ներկայացրել նաև կուսակցությանն անդամակցելու համար։ «Առավոտ»-ի հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ եթե դեռ 2021 թվականին ՔՊ-ն իրեն առաջարկեր հանդես գալ որպես կուսակցության թեկնածու, ինքը կհամաձայներ։ Նրա խոսքով՝ իշխող ուժի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի համայնքի զարգացման ծրագրերի իրականացման համար։

Այսպիսով, համայնքապետը, որը նախորդ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար էր դարձել՝ համագործակցելով ՀՀԿ-ի հետ, այս անգամ ոչ միայն հանդես է գալու իշխող կուսակցության ցուցակով, այլև ցանկանում է դառնալ այդ կուսակցության անդամ։

Ամասիայի առաջիկա ընտրություններում ուշագրավ է նաև Սամվել Ղարիբյանի մասնակցությունը։ Նա նախկինում ղեկավարել է ՔՊ-ի Ամասիայի կառույցը, սակայն այս անգամ ընտրապայքարի մեջ է մտնելու այլ քաղաքական ուժի՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով։

Ղարիբյանը հայտարարել է ՔՊ-ից դուրս գալու և առաջիկա ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակով մասնակցելու մասին։ Փաստորեն, այն քաղաքական ուժը, որի տեղական կառույցը նա ժամանակին ղեկավարել է, այս անգամ համայնքապետի թեկնածու է առաջադրել Ջեմմա Հարությունյանին, իսկ ինքը պատրաստվում է մրցակցել այլ կուսակցության ցուցակով։

Հատկանշական է, որ Ղարիբյանի սոցիալական էջերում դեռ պահպանվում են ՔՊ-ական պաշտոնյաների և իշխող ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների լուսանկարները։ Իհարկե, այդ լուսանկարներն ինքնին չեն ապացուցում, որ նա շարունակում է քաղաքական համագործակցությունը ՔՊ-ի հետ։ Այնուամենայնիվ, նախկին կուսակցական կապերի և ներկայիս քաղաքական դիրքավորման համադրությունը հարցեր է առաջացնում։Ստացվում է, որ նախկինում տարբեր քաղաքական ճամբարներում գտնվող գործիչներն այս անգամ փոխել են իրենց դիրքերը, իսկ նախկինում նույն կուսակցությունում ներկայացված անձինք հայտնվել են տարբեր ընտրական հարթակներում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով