Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Քաղաքապետարանը խոչընդոտում է դատարանի որոշման կատարմանը

Քաղաքապետարանը խոչընդոտում է դատարանի որոշման կատարմանը

Sat, 24 Oct 2026 12:15:46 +0400


Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը հաղթել է դատական երեք ատյաններում, և վերադարձել է աշխատավայր, սակայն նա «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ նախկին պատգամավոր, այժմ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանի միջամտությամբ՝ ամեն բան արվում է, որպեսզի ինքը հեռանա մանկապարտեզից, քանի որ ունի քաղաքական ընդդիմադիր հայացքներ:

Մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իշխանության հրահանգով, և հետևողական ցուցումների արդյունքում իրեն անգամ աշխատասենյակ չեն հատկացնում, անում են ամեն բան, որպեսզի ինքը հեռանա. «Ինձ 4 անհեթեթ նկատողությունների հիման վրա ազատել էին աշխատանքից, ես դիմել էի դատարան, երեք ատյան անցնելով, վերականգնվել է իմ աշխատանքը, հոկտեմբերի 6-ից վերադարձել եմ մանկապարտեզ, սակայն մինչ օրս ինձ աշխատասենյակ չի տրամադրվում: Ինչ-որ ջրով լցված, փլատակ սենյակ են տվել, և ասում են, որ դա է իմ աշխատասենյակը, բայց ես այդ մանկապարտեզի ղեկավարն եմ, և մշտապես իմ աշխատասենյակը եղել է լրիվ այլ սենյակ, որն այժմ տրամադրել են մանկապարտեզի մեթոդիստին, իսկ մեթոդիստը, ով այն ժամանակ դաստիարակ էր, իմ հեռանալուց հետո նշանակվել էր տնօրեն, սակայն երբ վերադարձա, նա աշխատանքը շարունակում է մեթոդիստի հաստիքում: Ամսի 5-ին, նախքան իմ վերադարձը հրավիրել են ժողով, և ասել են, որ մանկապարտեզը պետք է ենթարկվի ՀՈԱԿ-ին, պնդում են, որ աշխատակիցները ինձ չենթարկվեն, ինձ անգամ չբարևեն, սադրեն, փոխարենը ենթարկվեն` մեթոդիստին` Վարդուհի Հարությունյանին: Աշխատանքն ամբողջապես պարալիզացվել է, մանկապարտեզի աշխատակիցներին վախի մթնոլորտում են պահում, և սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն, նկատողություններ են տալիս նրանց, ովքեր կամ չեզոք են, կամ իրենց չեն ենթարկվում: Կոլեկտիվը իմ դեմ չէ, կան ընդվզումներ…. Ես այս ընթացքում պարզել եմ, որ զեկուցագրերում, որոնք ինձ հասանելի են, կան թերացումներ, ես դրանք ներկայացրել եմ թե քաղաքապետարան, և թե տեսչական մարմին, բացի այդ՝ դրամահավաքության դեպքեր են եղել, իսկ ես խանգարում եմ այդ պրոցեսներին: Պարբերաբար արդեն նախկին տնօրենի համար են գումարներ հավաքել, և այսպես շարունակ: Ինձ ամեն հնարավոր ձևով փորձում են լիկվիդացնել: Ես ունեմ անգամ ձայնագրություն, թե ինչպես է մանկապարտեզի սանը ինձ պատմում, որ մանկապարտեզի դաստիարակը իմ բացակայության ընթացքում հարվածել է իրեն»:

Ի՞նչ շահագրգռվածություն ունի այս մանկապարտեզում Ավինյանի խոսնակ Ջուլիետա Ազարյանը. «Ես ունեմ ընդդիմադիր հայացքներ, և դա է պատճառը, որ իմ դեմ արշավ են սկսել: Նրանց բոլորի տակ կա որոշակի կեղտ, նաև այդ պատճառով են նման քայլերի դիմում, ամեն գնով փորձում են ինձանից ազատվել, սակայն այստեղ մեծ է նաև իմ քաղաքական հայացքների դերը»։

Դատարանում Մարգարիտա Հովհաննիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում շեշտեց. «Փորձում են իմիտացիա ստեղծել, որ դատական ակտը կատարվում է, սակայն միևնույն ժամանակ ստեղծում են մի իրավիճակ` պահելով կնիքը, փաստաթղթերը, որպեսզի տնօրենը չկարողանա իր բուն պարտականությունները կատարել, և չղեկավարել մանկապարտեզը: Երեկ Մ. Հովհաննիսյանը ստացել է մի հրաման, որը գագաթնակետին հասցրեց այս պրոցեսը: Ըստ այդ հրահանգի, ավանի բոլոր յոթ մանկապարտեզները այսուհետ չեն կարող որևէ պետական մարմին, կամ գերատեսչություն ուղարկել բողոքներ, նամակներ, խոսքը ցանկացած տեսակի փաստաթղթի մասին է, քանի դեռ դրանք չեն կնքվել և չեն հաստատվել ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից: Հասկանալի չէ, թե ինչու պետք է ՀՈԱԿ-ի տնօրենը հաստատի դրանք, գուցե դրանք հենց իր գործողությունների դեմ են: Ստացվում է, որ տնօրեններն այսուհետ իրենց խախտված իրավունքների մասին չեն կարողանալու բարձրաձայնել: Մենք ունենք տեղեկություն, որ աշխատակիցներին հրահանգվել է, որպեսզի ստեղծեն իրավիճակ, որ Մարգարիտա Հովհաննիսյանը տասը օրից ավելի չաշխատի այնտեղ: Մանկապարտեզում աշխատող մարդը չի կարող նման հոգեվիճակում աշխատել երեխաների հետ: Դատական ակտով հաստատվել է, որ անգամ երեխաներին չեն խնայել, և տնօրենի դեմ սկսած արշավում ներգրավել են նաև երեխաներին»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեկնել են՝ ինքնասպանությունները կանխելու

«Հրապարակ»․ Մեկնել են՝ ինքնասպանությունները կանխելու Fri, 23 Oct 2026 09:45:40 +0400 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով