Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում

Sat, 24 Oct 2026 17:15:25 +0400


Նիկոլ Փաշինյանը գուցե չի էլ կռահում, թե որն է իր արժեքը միջազգային հարաբերություններում, ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում» պատկերացում չուներ, թե ինչու է ինքն իրականում Մեքսիկա գործուղվել։ Փաշինյանը մեկ իրական արժեք ունի՝ գիտակցաբար, թե անգիտակցորեն, նա լուծել է մի խնդիր, որն այլապես կարող էր անլուծելի լինել։ Հայաստանի բանվորագյուղացիական ընտրազանգվածը, որ խորհրդային ավանդույթներով դեռ կապվածություն ունի Ռուսաստանի հետ, այնտեղ արտագնա աշխատանքի է մեկնում, այնտեղ հաստատված ազգականներից դրամական միջոցներ ստանում, մինչեւ 2026թ․ արտադրանք արտահանում եւ այլն, Փաշինյանին հետեւելով, նրա հետ հոգեբանորեն նույնանալով՝ Ռուսաստանից կախվածություն են հաղթահարել։

Ռուսաստանի դեմարշների անցնցում վերջաբանը

Այն, թե որքան անցնցում ու անհետեւանք անցավ հայաստանյան գյուղմթերքի, կարելի է ասել՝ առհասարակ սննդամթերքի՝ Ռուսաստան վաճառահանելու արգելքը՝ ռուսական իշխանությունների հարուցած իբր ֆիտո-սանիտարական չափանիշներին չհամապատասխանելու պատրվակով, բացահայտեց խոր իրողություններ։ Թե´ Հայաստանում պրոռուսական քարոզչությունն ու լրատվամիջոցները, թե´ ռուսական իշխանություններն այնքան էին հավատացել, թե Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանից, ռուսական շուկան անփոխարինելի է Հայաստանի համար, առանց Ռուսաստան արտահանումների՝ Հայաստանում ֆինանսատնտեսական փլուզում կլինի, որ երեւի անկեղծորեն հավատում էին՝ եթե ռուսական շուկան հանկարծ փակվի հայաստանյան արտահանողների առաջ, դա եթե իշխանափոխության հարց օրակարգ չբերի, գոնե քաղաքացիական շարժումներ, քաղաքական հուզումներ կգեներացնի։

Մինչդեռ իրականում ի՞նչ կատարվեց։ Մեկ ամսում դեպի Ռուսաստան արտահանումները դադարեցին, սակայն հասարակությունը ընդհանրության մեջ դրա վրա որեւէ կերպ չկենտրոնացավ։ Շաքի հասած ադրբեջանցի զինվորը երեւի ավելի շատ ուշադրություն գրավեց, քան ռուսաստանյան շուկայի փակվելը Հայաստանից արտահանումների համար։ Թվում է, որ եթե լրատվամիջոցները չաղմկեին, Հայաստանում չէին էլ նկատի ռուսական շուկայի փակվելը։ Անտարբերությունը ռուսական շուկայի փակ կամ բաց լինելու հանդեպ, հասկանալիորեն, հնարավոր էր նախ շնորհիվ այն բանի, որ Հայաստանն իրականում մեծ կախվածություն չունի Ռուսաստանի փլուզվող տնտեսությունից։ Դա դատարկ կարծրատիպ էր, որ ավազե տնակի նման փլուզվեց։ Ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ում ապրող երկու միլիոնից ավելի (ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ նույնիսկ 3 միլիոն) հայերի մասին խոսակցություններն են սնամեջ կարծատիպ ու ավազե տնակ։

Ռուսաստանում գոյություն ունի РОССТАТ (Федеральная служба государственной статистики), որը տասնամյա պարբերականությամբ անցկացնում է մարդահամար եւ արդյունքները հրապարակում՝ 10-12 հատորով, յուրաքանչյուրը՝ մի քանի հարյուր էջ ծավալով, գիտական լրջությամբ եւ բարեխղճությամբ կազմված։ 5-րդ հատորն անփոփոխ ՌԴ բնակչության ազգային կազմի մասին է, եւ այդտեղ սեւով սպիտակին գրված է հայերի թիվը ՌԴ տարածքում։ Ընդսմին, բոլոր հայերի՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող եւ չունեցող, այնտեղ բնակվող եւ կարճաժամկետ այցով գտնվող, հայերենին տիրապետող եւ չտիրապետող (անգամ 2020-ի մարդահամարում կար դեպք, երբ անձը հաշվառվել էր որպես հայ, երբ մայրենի լեզուն նշված էր татарский)։ Արդյունքում РОССТАТ-ի՝ միանգամայն վստահելի տվյալներով՝ ֆիզիկապես ՌԴ-ում գտնվող բոլոր հայերի ամփոփիչ թիվը 2010-ին եղել է մոտ 1 միլիոն 80 հազար մարդ, 2020-ին՝ մոտ 970 հազար։ Եթե հաշվի առնենք, թե 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր չզորակոչվելու մտահոգությամբ, տնտեսական դժվարությունների եւ այլ պատճառներով որքան հայեր են Ռուսաստանից հեռացել, ապա ներկա պահին հայերի թիվը ՌԴ-ում 900 հազարի էլ չի կարող հասնել։ Միլիոնները հորինվածք են, որ ի վերջո պայթելու են այնպես, ինչպես դեպի ՌԴ արտահանումներից Հայաստանի տնտեսական կախվածության կարծրատիպը փլուզվեց։

Միեւնույն ժամանակ պարզ է՝ ոչ հորինված ծավալներով, սակայն ինչ-որ արտահանումների ծավալ Հայաստանից Ռուսաստան եղել է, եւ այդ շուկայի փակվելը չէր կարող որոշակի տնտեսվարողների չվնասել։ Պարզ է, որ ժամանակի մեջ փոխարինող նոր շուկաներ կգտնվեն եւ, ինչպես երեւում է, հաջողությամբ գտնվում են, սակայն այն պահին, երբ մի օրվանից մյուսը սահման փակվեց, արտահանումները դադարեցին, դարձյալ Հայաստանում ինչ-որ նկատելի ընդվզման ալիք չբարձրացավ։ Գուցե այն պատճառով, որ տուժողները Փաշինյանի ընտրազանգվածն էին, ո՞ւմ դեմ պետք է ընդվզեին։ Փաշինյանին հաջողվել է հաղթահարել այն խավերի պրոռուսական կախվածությունը, որ այլապես խիստ դժվար կլիներ հաղթահարել։ Դա ակամա գրանցած ձեռքբերում եւ ծառայություն է, որը չի կարելի հերքել։ Եթե նույն դյուրությամբ եւ անցնցում կերպով էլ Փաշինյանը կարողանա Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից հաղթահարել՝ կեցցե ինքը։ Կարելի կլինի ասել՝ ինչպես չաշխատող ժամացույցն է օրը երկու անգամ ճիշտ ժամ ցույց տալիս, այնպես էլ Փաշինյանն է երբեմն օգուտներ տալիս։

ԵՄ անդամակցության սպասվող հայտը եւ հանրաքվեն

Սակայն Ռուսաստանից տնտեսական կախվածություն հաղթահարելը որքան էլ կարեւոր, այդուհանդերձ, ապագա կանխորոշող գործընթաց չէ։ Տնտեսապես փլուզվող Ռուսաստանից (որն այսօր գուցե ավելի է կախված Հայաստանից վերաարտահանվող երկակի նշանակության տեխնիկայից եւ էլեկտրոնիկայից, քան Հայաստանը ռուսական գազից եւ վառելիքից) կախվածությունն օբյեկտիվորեն եւ անխուսափելիորեն ժամանակի մեջ վերանալու է։ Փոխարենը՝ անհաշվելի սխալների, տապալումների, անընդունելի վարքի պատճառով Փաշինյանի դեմ Հայաստանում մերժման այնպիսի ներքին ճակատ է ձեւավորվել, որ լիովին հակակշռել, նույնիսկ գերակշռել է իրեն աջակցողների ճամբարին։ Այն, որ հունիսի խորհրդարանական ընտրություններին հարյուր միլիոնավոր դոլարների սոցիալական ընտրակաշառք բաժանելով (մի քանի հարյուր հազար հոգու կենսաթոշակների բարձրացման տեսքով, մի քանի տասնյակ հազար հոգու այս ու այն արտոնությունների տեսքով, մի քանի հազար հոգու պարգեւավճարների ու դրամական խրախուսումների տեսքով), հավելյալ պարտադիր զինծառայության ժամկետներ կրճատելով, իրավապահ համակարգն ի չարս գործադրելով, բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով Փաշինյանը 50 տոկոս ձայն էլ չկարողացավ հավաքել, ցուցիչ է բեկումնային իրավիճակի։

Հայաստանում զարգացումները հասել են բեկման կետի (breaking point), եւ 50%-ն անցած մերժման ալիքը չի կարող այլ տեղ տանել, ալեկոծումից բացի։ Հետեւաբար, օրըստօրե մեծացող անհրաժեշտություն է, որ իր հետեւորդ, առանձնապես ոչ ինտելեկտուալ ընտրազանգվածին առաջնորդելու եւ նրանց ձայներն ապահովելու Փաշինյանի կարողությունը քանի դեռ լիովին սպառված չէ, դրսեւորում ստանա Հայաստանի առջեւ կանգնած միակ վճռորոշ, ապագա կերտող հանրաքվեում։

Անկախ նրանից, թե ինչ է հորդորում կամ խորհուրդ տալիս ՌԴ նախագահ Վլ․ Պուտինը, ԵՄ անդամակցությանը հավանություն տալու հանրաքվե կարող է անցկացվել միայն Հայաստանին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուց հետո։ Դա է ընթացակարգը ԵՄ-ում։ Այնուհետ screening-ներ են, արդյունքների ամփոփումներ, ЕU Acquise-ի հետ համապատասխանեցման ոլորտային բանակցություններ։ Փուլերի այլ հաջորդականություն գոյություն չունի, եւ Վլ․ Պուտինը չի կարող այն հորինել։ Ահա հենց այդ՝ ԵՄ անդամակցությանը հավանություն տալու որոշիչ հանրաքվեում իր հետեւորդների ձայներն ապահովելն է միակ արժեքը եւ նշանակությունը, որ Փաշինյանն այսօր ունի ընդհանրապես եւ ԵՄ-ի համար՝ մասնավորապես։ ԵՄ հանրաքվեից հետո Փաշինյանն էական առաքելություն այլեւս չի ունենալու։ Հանրաքվեից հետո ցանկացած հաջորդ իշխանություն կաշկանդված է լինելու հանրաքվեում արտահայտված ժողովրդի կամքը կատարելու հրամայականով։

Որքան էլ ՀՀ իշխանությունները շահագրգիռ են իրենց պաշտոնավարությունն ու քաղաքական կյանքը երկարաձգելու, չեն կարող ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեն եւ դրան նախորդած անդամակցության հայտի ներկայացումն անվերջ ձգձգել, ինչպես վարվում են արդեն մեկ տարի։ Հայաստանի անդամակցության դիմումը պետք է ԵՄ ներկայացվի գոնե մինչեւ ընթացիկ տարեվերջ, որպեսզի քննարկվի 2027-ի հունվարին գումարվող ԵՄ խորհրդի գագաթնաժողովում։ Ի դեպ, հունվարին, հավանաբար, կքննարկվի նաեւ ՀՀ սահմանները դիտարկող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) մանդատի երկարաձգման հարցը, քանի որ ներկայիս մանդատը 2027-ի փետրվարին ավարտվում է։ Հրաշալի կլիներ, եթե, EUMA-ին զուգահեռ, նաեւ ՀՀ սահմաններին ԵՄ Արագ արձագանքման ուժերի (EU Rapid Deployment Capacity) առաքելություն տեղակայելու հարց էլ վերջապես բարձրացվեր ու քննարկվեր:

Ամեն պարագայում, ինչ էլ խորհուրդ տան կամ հորդորեն Պուտինն ու այլ ԵԱՏՄ ղեկավարներ, Հայաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուց հետո միայն կարող է հանրաքվե անցկացվել։ Պարզ է, ճիշտ կլինի, որ հանրաքվեն կազմակերպվի գոնե հաջորդ տարվա առաջին կեսին, որպեսզի մինչեւ 2027-ի տարեվերջ բուն Aquise-ի բաժինների բանակցությունները նախապատրաստվեն։ Բայց դրա համար նախ Հայաստանը պետք է անդամակցության հայտ ներկայացնի՝ Արարատ Միրզոյանի դեմքով անվերջ դատարկախոսելու եւ ձգձգելու փոխարեն։ Այնուհետ անհրաժեշտ է, որ ԵՄ խորհուրդը հավանություն տա հայտին եւ Հայաստանին շնորհի ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Դրանից հետո արդեն՝ բոլորը դեպի հանրաքվե։

Այն փոփոխությունները, որ ԵՄ հանձնաժողովն օրերս ներկայացրեց (աստիճանական անդամակցություն, որոշումների մեծամասնությամբ հաստատում՝ ներկայիս կոնսենսուսի փոխարեն, ասոցացված անդամակցություն եւ այլն), մեծ իրատեսություն եւ ճկունություն են հաղորդում մինչ այժմ գոյություն ունեցած ԵՄ անդամակցության կանոններին: Բոլոր զարգացումները նպաստավոր են, մնում է, որ ԵՄ-ն բավարար հետեւողականություն ցուցաբերի, որպեսզի ՀՀ իշխանությունները կատարեն Հայաստանի ժողովրդի՝ բոլոր սոցհարցումներով շուրջ 60-70 տոկոսի կամքը եւ ԵՄ անդամակցության հայտը մինչեւ 2026-ի տարեվերջ ներկայացնեն։

Նաեւ հուսանք, որ ԵՄ երկրների խիստ տեսանելի դեմարշները Փաշինյանի հանդեպ, ներառյալ Բրյուսելից ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ ընդունված շնորհավորանքներ չուղարկելը եւ COP17 համաժողովին ԵՄ երկրների առաջնորդների չժամանելը, անթաքույց բացատրում են Փաշինյանին, թե ինչ է իրենից ակնկալվում, եւ որն է իր վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից

Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Sun, 25 Oct 2026 17:45:23 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով