Նիկոլը թքած ունի, թե ինչպիսին է իր խոսույթը՝ կեղծ, թե ճշմարիտ
Sun, 25 Oct 2026 19:45:30 +0400

Որքան հասկանում եմ, իսկ ես հասկանալու հետ խնդիր չունեմ ու նաև «65+» տարիքի մարդ եմ, մարդ չի կարող լինել նորմալ և հպարտանալ արտաքին թշնամու հետ պատերազմում կրած խայտառակ պարտությամբ: Դա կարող է անել միայն անմեղսունակը կամ թշնամու գործակալը: Լինի նա շարքային քաղաքացի, թե պետության ղեկավար: Նման շարքային քաղաքացիներ կարող են լինել հատուկենտ, կարող են նաև լինել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ: Մնում է ճշտել, թե որ դասին է պատկանում մեր պետության ղեկավարը: Եթե լիներ անմեղսունակ, ապա դրանով բացառիկ ժողովուրդ չէինք համարվի: Այդ բնույթի թագավորներ եղել են եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և այլն:
Եղել են նաև բազմաթիվ այլ պետություններ, որոնք կառավարվել են արտաքին թշնամու դրածոներով: Սակայն դրանք չեն ունեցելո ակտիվ բնակչության մեծամասնության վստահությունը: Եվ ամեն վայրկյան չեն տարփողել, թե իրենք ինքնիշխան են: Բայց ինքն իրեն ինքնիշխան համարող՝ թշնամու գործակալին որպես պետության ղեկավար ունենալու համար պետք է լինել չափից դուրս «ինքնատիպ» ազգ: Եվ կամ էլ սեփական երկրի ինքնիշխանության վերաբերյալ ունենալ բացարձակ ոչ ադեկվատ մոտեցում: Եվ չեմ կարծում, թե այլ տարբերակ ևս կարող է գոյություն ունենալ: Եթե իմ ասածը սխալ լիներ, ապա մարդկության պատմությունը չէր լինի առանձին մարդկանց, մարդկային խմբերի ու պետական կազմավորումների միջև ընթացող պատերազմների անվերջ շարան:
Ասվածը նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է գործի օրենքից դուրս, որպեսզի պահպանի իշխանությունը: Որովհետև օրենքները չեն գրվում անմեղսունակության հիմքով: Սակայն լինել անմեղսունակ կամ գործակալ (հիշենք՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞ր եմ») ու գործել առողջ դատողության հիմքով մշակված օրենսդրության շրջանակում, հնարավոր չէ: Իսկ որպեսզի ապահովվի իշխանության պահպանումը, պետք է 3 միլիոն բնակչությամբ երկրում կես միլիոնից ավելի աղքատների առկայության պայմաններում իրավապահներին կաշառել բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով՝ անունը դնելով կոռուպցիայի կանխարգելում: Ինչը կլինի պողպատից ամուր այն խթանը, որ կդրդի մարդկային խմբերին ծառայել անօրեն իշխանությանը: Իսկ այն հատուկենտ մարդկանց, ովքեր դեռևս չեն կորցրել մարդկային իրենց բնույթը և հրաժարվում են ծառայել հանուն գումարի, ոչ միայն դուրս շպրտել համակարգից, այլև պատժել՝ քրեական գործեր կարելով:
Իսկ անօրեն իշխանությանն էլ կեղծ ժողովրդավարական երկրներում ծառայում են հատկապես ընտրությունների շրջանակում: Ինչն, օրինակ, տեղի է ունենում հենց այս օրերին: Երբ ընտրությունների նախօրեին, դրա ընթացքում և նույնիսկ դրանից հետո կազմակերպվում են, կարելի է ասել, շուրջկալներ՝ անունը դնելով «ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում մի շարք համայնքներում իրականացվող ապացուցողական և վարութային այլ գործողություններ…»: Պարզ չէ՞, որ նման գործողությունների կարիք չկա, որովհետև եթե ցանկանում են իսկապես պայքարել այդ բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեմ, ապա պետք է օրական կտրվածքով մոնիտորինգի ենթարկել ընդդիմադիր մամուլը:
Որովհետև հալածանքների ներքո գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքն, օրինակ, որևէ անհրաժեշտություն չունի Ստեփանավան համայնքում ընտրակաշառք բաժանելու: Նորմալ մարդիկ վստահաբար չեն մոռացել Սամվել Կարապետյանի բարեգործությունները: Դա հատկապես երևաց ՔՊ-ականների նկատմամբ վերաբերմունքում ՊՆ Պապիկյան Սուրենի քարոզարշավի ընթացքում: Բայց Նիկոլենց համար, դա, իհարկե, «ասնավանի չի», իրենց խնդիրն իշխանության պահպանումն է: Ու դրա նպատակով էլ իրենք պետք է «ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործություններ» փնտրեն ու գտնեն այնտեղ, որտեղ դրանք ոչ միայն չկան, այլ տեսականորեն անգամ չեն կարող լինել: Դա, բնականաբար, ունի իր բացասական կողմը՝ ժողովրդի մանդատ ունենալու մասին անընդհատ կրկնվող խոսույթը դարձնում է կեղծ: Բայց իշխանությունը փչացնում է մարդուն՝ ասում են անգլիացիները: Եվ ավելացնում, որ բացարձակ իշխանությունը մարդուն փչացնում է ամբողջովին: Իսկ Հայաստանում չկա, չէ՞, ադեկվատ մեկը, ով կասկածեր Նիկոլի իշխանության բացարձակ լինելուն: Իսկ այդ պարագայում իշխանությունը թքած ունի, թե ինչպիսին է իր խոսույթը՝ կեղծ, թե ճշմարիտ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր