Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք
Mon, 26 Oct 2026 17:15:17 +0400
Հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում պետության ղեկավարին տրվող հարցերը բախվում էին պատասխանների բացակայությանը, իսկ ճակատագրական խնդիրները՝ կենցաղային ասացվածքներին։ Լրագրողները եկել էին պատասխաններ ստանալու, բայց պարզվեց՝ նախ իրենք պիտի քննություն հանձնեն` հիշո՞ւմ են վարչապետի նախկին խոսքերն ու խոստումները, կարդացե՞լ են Մեսրոպ Մաշտոցին, դուրս եկե՞լ են պարզունակ մտածողության արատավոր շրջանից։ Փաշինյանն ասես ոչ թե հաշվետվություն էր ներկայացնում, այլ ստուգում էր՝ արդյոք նրանք արժանի՞ են իրեն հարցեր տալու և իր «ահեղ դատաստանին» արժանանալու։
Ճեպազրույցի ամենացայտուն դրվագներից մեկը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցն էր։ Նա հիշեցրեց Փաշինյանի նախկին հայտարարություններն ու խոստումները՝ ժողովրդից թաքուն փաստաթուղթ չստորագրելուց մինչև Արցախի անունից բանակցելու, արագաչափերի ու տուգանքների, պատերազմի օրերի հայտարարությունների և Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումների մանդատ չտալու մասին խոսքերը։ Նա կարող էր հարյուր օրինակ բերել, բայց բավարարվեց տասով։ Հարցը պարզ էր՝ այս ամենից հետո ինչպե՞ս կրկին վստահել ու հավատալ Փաշինյանին: Պատասխանը հանդիմանություն էր՝ լրագրողը պիտի հիշեր, որ ինքն այդ հարցերին բազմիցս անդրադարձել է։ Քաղաքական հաղորդակցություն եմ ասել՝ լրագրողը հիշեցնում է վարչապետի խոսքերը, վարչապետը՝ լրագրողի հիշողությունը։ Հարցը, թե նախկին հայտարարությունները համապատասխանե՞լ են իրականությանը, մի կողմ է մղվում, քննարկվում է հարց տվողի պատրաստվածությունը։ Եթե հարցին չես ուզում պատասխանել, կարող ես հիշեցնել, որ ժամանակին արդեն «պարզաբանել» ես։ Եթե դա էլ չի օգնում, կարելի է կասկածի տակ դնել հարց տվողի հիշողությունը։ Մնում է միայն, որ լրագրողը հարցից առաջ հանձնի հիշողության քննություն, ստանա թույլտվություն և նոր մոտենա խոսափողին։ Գոնե կարելի էր պատասխանել՝ սա ասել եմ, սա կատարվել է, այստեղ սխալվել եմ, այս հարցում դիրքորոշումս փոխվել է այս պատճառով։ Լրագրողը խոստացավ չթվարկած 90 փաստը նամակով ուղարկել։ Վարչապետի համար սա, երևի, ամենահուզիչ փոստային առաքանին կլինի։
Ճեպազրույցի սպասելի թեման գազի գնի հնարավոր թանկացման մասին էր, բայց պատասխանի ճանապարհին դարձյալ հայտնվեցին գիտության ֆինանսավորումը, մշակութային արժեքները, հայոց պատմությունն ու Մեսրոպ Մաշտոցը։ Ձեռքի հետ խոսեց նաև հասարակության՝ «սկյուռիկի ցիկլից» դուրս գալու անհրաժեշտության մասին։ Մաշտոցին հղումն ինքնին դատապարտելի չէ, բայց մի բան է Մաշտոցին հիշատակել ազգային ինքնագիտակցության մասին խոսելիս, մեկ այլ բան՝ գազի գնի հարցից հասնել եզրակացության, որ հասարակությունը պետք է Մաշտոց կարդա ու փոխի մտածողությունը։ Մնում է հասկանալ՝ գազի գինն էլ է թանկանում մեր ընթերցասիրության պակասի՞ց, թե՞ այստեղ կան տնտեսական և քաղաքական պատճառներ, որոնց մասին արժե խոսել առանց պատմական էքսկուրսների։
Ուզում ես հարցնել՝ պարո՛ն վարչապետ, Մաշտոց շո՞ւտ եք կարդացել, թե՞ ուշ։ Եթե շուտ եք կարդացել, ինչո՞ւ է նրա իմաստությունը ձեր խոսքում այսպիսի կարևոր տեղ զբաղեցնում միայն վերջերս։ Իսկ եթե ուշ եք կարդացել, չե՞ք ափսոսում, որ ավելի վաղ չեք ծանոթացել նրա ժառանգությանը։ Գուցե այդ դեպքում որոշ խոստումներ ավելի զգուշորեն տայիք, որոշ դատողություններ ավելի երկար կշռադատեիք, որոշ հարցերի էլ ավելի հստակ պատասխանեիք։ Իսկ հիմա, երբ «իմաստնացել» եք, հասկացե՞լ եք, որ նախկինում որոշ բաներ «թարս» էիք գնահատում։ Այդպես կարելի է անվերջ իմաստնանալ, միայն թե երկիրը չի կարող այդքան թանկ վճարել վարչապետի ինքնակրթության համար։ Ուստի մի բարեկամական խորհուրդ․ Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ կարդացեք։ Դրանք նույնպես ընթերցանության արժանի «պատմական» նյութ են։
Իսկ գազի հնարավոր թանկացման մասին հայտարարեց, որ երաշխիք չկա, թե գինը չի բարձրանա։ Իսկ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների մասին զեկույցին արձագանքեց՝ «կապրենք՝ կտեսնենք»։ ԵԱՏՄ երկրների զեկույցում ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման սցենարի հետևանքները բավական ծանր են գնահատվել․Գազի գինը կարող է բարձրանալ 69 տոկոսով, ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6։ Գնաճն ավելանալ 14,9, առևտրաշրջանառությունը կրճատվել 55,6 տոկոսով։ Սա լուրջ զգուշացում է, որ հնչում է ահազանգի պես։ Իսկ ի՞նչ է անելու կառավարությունը։ Ինչպե՞ս է պաշտպանելու մեզ, եթե վտանգն իրական դառնա։ Ոչ մի պատասխան, միայն՝ մշուշ։
Փաշինյանի հրապարակային դիրքորոշման մեջ առաջ շեշտվում էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող միակողմանի կասեցնել Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործողությունը։ Բայց երբ արդեն քննարկվում են դադարեցման հնարավոր հետևանքները, հարցը չի կարելի փակել, թե՝ նման բան հնարավոր չէ։ Ինչ է նշանակում «կապրենք՝ կտեսնենք», եթե նման սցենարն արդեն քննարկման առարկա է դարձել։«Կապրենք՝ կտեսնենք՝ գազը կթանկանա՞։ Կապրենք՝ կտեսնենք՝ գործարարը կդիմանա՞, խանութում ինչքան կարժենա՞ն ապրանքները, թոշակառուն ինչի՞ց կհրաժարվի, որ ձմռանը տուն տաքացնի»։ Չէ՞ որ «կտեսնենք»-ի հաշիվը վճարելու է ոչ թե վարչապետն՝ իր միլիոնառատ գրպանից, այլ քաղաքացին՝ իր նվազ աշխատավարձից, թոշակից: Մենք ձեզ չենք ընտրել գուշակության համար, պարո՛ն վարչապետ։ Պահանջվում է հաշվարկել հնարավոր վտանգները և ներկայացնել այն քայլերը, որոնցով կանխելու եք դրանք, որովհետև պետության կառավարումը «կապրենք՝ կտեսնենք» սկզբունքով փորձարարություն չէ։
Հարց եղավ նաև ադրբեջանցի հովվի մասին, որը հատել է Հայաստանի սահմանը։ Փաշինյանը հակադարձեց․«Հելնեին, կրակեին, սպանեին, ի՞նչն ա խնդիրը»։
Հարցը մարդուն սպանել- չսպանելու մասին չէր։ Խոսքը սահմանային անվտանգության, վերահսկողության և այն մասին էր, թե ինչպես են հնարավոր դարձել նման դեպքերը, ի՞նչ է արվում, որպեսզի դրանք կանխվեն։ «Աշխարհում չկա սահման, որ մարդը չհատի» տրամաբանությունն էլ չի վերացնում պետության պարտականությունը՝ սահմանը հսկելու և միջադեպն ուսումնասիրելու։ Հարցը կրակելու կամ չկրակելու անհեթեթ երկընտրանքի վերածելով սահմանային անվտանգության խնդիրը չի լուծվում։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցի ժամանակ էլ լրագրողի ձևակերպումը «պրիմիտիվիզմ» անվանելու և «տանձի ու խնձորի» համեմատության դիմելու փոխարեն կարելի էր ուղղակի պատասխանել։ Որովհետև երբ վարչապետը պիտակավորում է հարցն ու հարց տվողին, հարցը չի անհետանում․ այն մնում է անպատասխան։
Հոկտեմբերի 22-ի ճեպազրույցը մի ընդհանուր պատկեր է գծագրում․ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանը տեղափոխվում է մի դաշտ, որտեղ նա կարող է դասախոսել, հակադարձել, դատապարտել, ճամարտակել։ Պարո՛ն Փաշինյան, լրագրողներին «դատապարտելուց» առաջ հիշեք, որ նույն հարցերը միայն նրանց գլխում չեն ծագում՝ մարդկանց հետաքրքրում է, թե ինչ եք խոստացել, ինչ եք ասել և ինչ է կատարվել հետո։
Եվ եթե այդ ճեպազրույցում ինչ-որ մեկն իսկապես պետք է քննություն հանձներ, ապա ոչ թե լրագրողները՝ իրենց հիշողության, ընթերցասիրության ու մտածողության պակասի համար, այլ իշխանությունը՝ իր խոսքի, որոշումների և դրանց հետևանքների համար։