Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը

Tue, 27 Oct 2026 18:45:02 +0400


Մեր հարեւանությամբ ապրող թուրքն իր պապերի՝ Թալեաթի ու Աթաթուրքի արձանները սիրով ու փաղաքշանքով լվանում է, սերունդներին ցույց տալիս․ «Այ, տեսեք, սա՛ է իսկական թուրքը»։ Իսկ մենք…

Արտենի գյուղի դպրոցի պատից տարիներ շարունակ խաղաղ իր ազգի զավակներին է նայել Զորավար Անդրանիկը։ Բայց 2026-ին Երեւանի իր փափուկ աշխատասենյակում նստած մի պաշտոնյայի Անդրանիկի հայացքը թվացել է «ոչ խաղաղասիրական», եւ վերեւներից ստացած հրահանգով, տեխնիկան աշխատեցնող մի խումբ հայեր հարձակվել են Զորավարի պատկերի վրա։ «Հեռացրե՛ք, Բաքվում կնեղանան»,- թերեւս սա է եղել բացատրությունը, որով ղեկավարվել է ԿԳՄՍ նախարարությունը։ Չնայած աղմուկից հետո մի անհեթեթ բացատրությամբ փորձեցին մարել հանրային դժգոհությունը, թե «Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների եւ նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետեւանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։ Հետագայում՝ այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո, պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»։

Չգիտես ինչու, միշտ «պատահականության սկզբունքով» հարվածի տակ են հայտնվում ազգային արժեքները, ազգային հերոսները, հայկականության հետ առնչվող պատկերները։ Մենք, իհարկե, կհետեւենք, թե հետագայում տեղադրվելո՞ւ է արդյոք նկարը, թե՞ հերթական անգամ իշխանությունը հույս ունի, որ մարդիկ կխոսեն-կխոսեն ու կմոռանան։

Բայց ժողովրդի հիշողության հետ կռիվը շատ ավելի բարդ է, քան թվում է ՔՊ-ական իշխանություններին։ Հիշողությունը վարչական շենք չէ, որ մի հրամանով փակես, բանալին հանձնես ու ասես՝ այստեղ ուրիշ արժեքներ են գործելու։ Անդրանիկի նկարը հեռացնելը մի բան է, Անդրանիկի պատմական նշանակությունը ջնջելը՝ բոլորովին այլ։

Իսկ ինչպիսի՞ քաղաքացի է ուզում դաստիարակել մեր պետությունը, ի՞նչ է ուզում սովորեցնել սերնդին հայրենիքի, հայրենասիրության, հերոսների մասին: Ինչո՞ւ է այսքան շտապում տեղական վանդալը, որովհետեւ գլխավոր «դիրիժորն» արդեն «իշմարներ» է հղել իր թուրք-ադրբեջանական գործընկերներին։ Նրա վերջին ելույթները կարելի է թարգմանել առանց քաղաքագիտական շպարի․ «Շատ եմ ուզում Սահմանադրությունը փոխել… ԱԺ-ում մեծամասնություն չունեմ, մի՛ նեղացեք։ Եթե չհամաձայնեք, կգնամ արտահերթ ընտրությունների»:

Հանճարեղ, դասական բլեֆ։ Մարդը, որը 2026-ի հունիսի 7-ի երեկոյան, քվեարկության ավարտից րոպեներ չանցած իր հաղթանակն էր ազդարարում՝ շատ լավ իմանալով, որ չունի իրական մեծամասնություն, հիմա հանկարծ «հիշել» է ժողովրդի ձայնի մասին։ Ասում է՝ եթե չհաջողվի հասնել սահմանադրական փոփոխությունների շուրջ համաձայնության, կգնա ԱԺ արտահերթ ընտրությունների, եւ իր քաղաքական առաքելության շարունակությունը կապում է ժողովրդի աջակցության հետ՝ դրա բացակայության դեպքում առաքելությունը կհամարի սպառված։ Խոսքը ոչ թե սովորական քաղաքական ծրագրի, ոչ թե տնտեսական խնդիրների լուծման, անվտանգության ամրապնդման կամ քաղաքացիների կյանքի բարելավման մասին է։ Խոսքն ինչ որ «առաքելության» մասին է։ Երբ իշխանավորն իր քաղաքական նպատակը ներկայացնում է որպես պատմական առաքելություն, հասարակությանն առաջարկվում է տարօրինակ ընտրություն․ կա՛մ աջակցել իրեն, կա՛մ կանգնել պատմության «սխալ» կողմում։ Իսկ եթե այդ առաքելության կենտրոնում սահմանադրական փոփոխություններն են, ապա բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ համար է կենսական այդ փոփոխությունը, եւ ինչո՞ւ է երկրի քաղաքական ապագան ներկայացվում այնպես, կարծես առանց դրա պետականությունը չի կարող շարունակել իր գոյությունը։
Սահմանադրությունը պետության հիմնարար փաստաթուղթն է, ոչ թե իշխանության վերանորոգման նախագիծ։ Այն չի կարող վերածվել քաղաքական ծրագրի, որի չընդունման դեպքում ղեկավարի առաքելությունն ավարտված կլինի։ Իսկ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը ես հասկանում եմ երկու կերպ․ կա՛մ իշխանությունն իսկապես պատրաստ է նորից դիմել ընտրողին՝ ընդունելով, որ իր ծրագրերի համար բավարար աջակցություն չունի, կա՛մ ընտրությունները դարձնում է քաղաքական ճնշման միջոց՝ ընդդիմությանը եւ հասարակությանը կանգնեցնելով նոր անորոշության առաջ։

Արտահերթ ընտրությունները միայն ընդդիմությանն ուղղված սպառնալիք չեն, այլ աղերսանք են դրսի տերերին․ «Փո՛ղ տվեք, աջակցե՛ք, աղմուկը լռեցրեք, որ ձեր ուզածն իրականացնեմ»։ Չէ՞ որ ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի ու ճնշումների դպրոցն արդեն կայուն ռելսերի վրա է։ ԿԸՀ-ն ու ՍԴ-ն իզուր չեն «աստղաբաշխական» պարգեւավճարներ ու աշխատավարձեր ստանում։ Այս ատյանները ոչ միայն ձայն-ծպտուն չեն հանի, այլեւ ցանկացած ապօրինություն կկնքեն՝ որպես «ժողովրդավարության առաջընթաց»։
Այսպիսով, պատկերն այսպիսին է․ մի կողմում Թուրքիան է, որն ընդլայնում է իր երկրի սահմանները, հերոսացնում իր ցեղասպան նախնիներին, մյուս կողմում՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը, որը դպրոցի պատերից Անդրանիկի ու հերոս Ալբերտի նկար է քերում-հեռացնում պատերից, որ հանկարծ Անկարայում կամ Բաքվում տրամադրություն չփչանա։ Սա էժանագին ազգադավ թատրոն է, որտեղ դերասանները փորձում են համոզել, թե հայրենիքը հանձնելն ու հերոսներին ջնջելն «ապագա» ունենալու միակ ճանապարհն է։ Բայց երբ թատրոնի վարագույրն իջնի, թե՛ հրաման տվող «իշմարչիները», թե՛ Անդրանիկի նկարը քանդող անթասիբ ծառաները հայտնվելու են պատմության նույն աղբանոցում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Հայկական արմատներով հունգարացի գեներալը Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400 Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով