Հանրային անտարբերության թշվառությունը
Tue, 27 Oct 2026 19:15:15 +0400

«Օ, ինչքան կուզենայի հեռացնել
ինձնից այս սեւ մտքերն ու բարեկամ
հայացքով նայել մարդու աչքերին։ Սակայն
պետք է խոստովանեմ, որ մարդու աչքերին
նայելիս հաճախ ես ինքս ինձ եմ տեսնում․․․»։
Վահրամ Փափազյան
Աշխարհը լավ էլ ճանաչում է Հայաստան երկիրը, տեղյակ է հայության ծագումնաբանությունից, պատմական ճակատագրից եւ այդ մասին արտահայտվում է զգուշորեն ու զուսպ, որքան թույլ է տալիս իր շահը ընթացիկ աշխարհաքաղաքական թոհուբոհում։ Աշխարհը ճանաչում է ներկայիս Հայաստանը որպես օրվա փաստ. փոքրացող տարածք, նվազ կարողություններով, գոյատեւող, օտարից կախյալ, սպասարկու, կոլաբորացիոնիստական կետային երկիր։ Հայաստանն իր քաղաքական, տնտեսական անկարողություններով անձնիշխանական (ավտորիտար) պետության է վերածվել էներգակիրներով ունեւոր երկրների (նաեւ ադրբեջանական պետության) ձեռքին։ Որպես «խաղաղության» գրավական` Հայաստանի նվաստացումը շարունակվում է, ուստի, որպես քաղաքական սպասարկու` Հայաստանի գործող վարչապետն արժանի էր «խաղաղության ջատագով» մրցանակին։
Հանրության թռուցիկ մտորումների շարանը անգործությունից բխող բամբասանքից այն կողմ չի անցնում։ Մտորումների մի մասը ծայրահեղ է, այդուհանդերձ՝ ուշադրության արժանի։ Ահա այդ ցնցող մտքերից մի քանիսը։ Եթե ոչ վաղ անցյալում մտավորականությունն էր կանգնած հանրության թիկունքին՝ արդեն խառնամբոխն է «մտավորականության» թիկունքը, որից հանրային մտքերը դառնում են խաղարկային։ «Մտավորականների» զգալի մասի անտարբերությունն այնքան է կարծրացել, որ այլեւս կարեւոր չէ, թե ով է Հայաստանի ղեկավարը՝ Փաշինյանը, թե՝ Ալիեւը, Էրդողանը, թե՝ Մակրոնը, Թրամփը, թե՝ Պուտինը, նույնիսկ Լուկաշենկոն, թե՝ Գնել Սարգսյանը։ Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր հիացած են Ալիեւի խորհրդականների քաղաքական պատրաստվածությամբ եւ «հիացած են» ՀՀ վարչապետի խորհրդականների «գրագիտությամբ ու թվանկարչությամբ»։ Ոմանք էլ հեգնում են, թե Աստված մարդուն տվել է մեկ բերան, որ խոսի, եւ երկու ականջ, որ շատ լսի։ Իրականում՝ հակառակ պատկերն է, ավելի շատ խոսում-ճամարտակում են, քան՝ լսում։ Հանրության անտարբերությունն այնքան է խորացել, որ ԱԺ իշխանական եւ ընդդիմադիր թեւերն ընկալվում են որպես նույնականություն, բայց վստահ են, գտնում են, որ մաքուր ընդդիմությունը կա, եւ այն արտախորհրդարանական դաշտում է․․․
Եթե աշխարհը շփոթության մեջ է, ապա Հայաստանում շիլա-շփոթ է, քանզի պարզ կյանքով ապրող հայաստանցին (հավելենք՝ նաեւ գաղթած արցախցին) անտեսված է։ Երկրի շահին փոխարինել է իշխանական շահը, բարեգործությունն իմաստափոխվել է կաշառակերության, որոշիչ է դառնում փողի եւ ուժի լեզուն, իշխանությունների բոլ-բոլ պարգեւավճարները դարձել են բերաններ փակելու փականներ, իսկ խոսքի ազատությունը` խոսքի սանձարձակություն, տանջահար ժողովրդավարությունն արդեն անձնիշխանությունն է։ Թվում է, թե աշխարհին ճանաչելի լինելու ազգային մարմաջը ցամաքել է, բայց՝ ոչ․ աշխարհում Քրիստոսի ամենաբարձր հերթական (համաձայն մամուլի՝ 17-րդ) արձանն է պակասում Հայաստանում, որն էլ, ըստ պատվիրատու-ֆինանսավորողի, լուծելու է նաեւ (չզարմանաք) Հայաստանի անվտանգության քաղաքական խնդիրը։
Այսպես մտածողներ էլ կան։
ՀԳ․ Մի շարքային քաղաքացի առաջարկեց, որպես այլընտրանք, Քրիստոսի հայաստանյան հսկա արձանի կառուցումը հետաձգել լավ օրերի, իսկ արձանի կառուցմանը հատկացված միլիոնավոր դոլարներով փրկել Երուսաղեմի «Կովերի պուրակ» անվանումով հայապատկան տարածքը, քանզի տեղական իշխանությունները փորձում են շատ հարկերով ու մեծ տուգանքներով այն օտարել հայ համայնքից։ Քրիստոսը մեծահոգի է, չի նեղանա, գուցե օգնի նաեւ Հայաստանին եւ 1998-ից հաջորդած «ՀՀ առաջնորդներից» առավել իրատես եւ հեռատես ղեկավար պարգեւի մեզ։
Արամայիս Ասլանյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր