Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը
Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400

Լոնդոնում Բաքվի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը կախված է մի բանից՝ Հայաստանն իր Սահմանադրությունից հանելու է այն դրույթները, որոնք Բաքուն դիտարկում է որպես տարածքային պահանջներ։ The Telegraph պարբերականում հրապարակած իր հոդվածում՝ դեսպանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով աջակցում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անցկացմանը՝ դա գնահատելով որպես կարեւոր քայլ։ Սակայն Բաքվի համար, ըստ դեսպանի, կարեւոր են, որպեսզի հայտարարություններից այն կողմ՝ կոնկրետ գործողություններ լինեն։ Հոդվածում բավականին ուշագրավ է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերին» անդրադարձը։ Դեսպանը գրել է, որ դրանք «սկսել են ամրապնդվել, դեռեւս TRIPP-ով նախատեսված բանակցություններից էլ առաջ»։ Այդ համատեքստում դեսպանը չի մոռացել խոսել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման արգելքի վերացման եւ Ադրբեջանից Հայաստան բենզինի մատակարարումների մասին։ Ու այստեղ, ամենից ինտրիգային հայտարարությունը․ դեսպան Սուլեյմանովը հայտարարել է, որ շնորհիվ Բաքվից Հայաստանին մատակարարված ադրբեջանական ծագման բենզինի՝ Հայաստանում բենզինի գները նվազել են 20–30%.-ով։ Սա որքան էլ հոդվածում, նկատի ունենալով բրիտանական լսարանը, դրական լույսի ներքո ներկայացված փաստ է, սակայն խոսում է նաեւ այն մասին, որ դեռեւս այսպես ասած՝ «խաղաղության պրոցեսի» ոչ լիարժեքության փուլում՝ ադրբեջանական պրոդուկցիան կարող է զգալի ազդեցություն ունենալ հայկական ներքին շուկայի վրա եւ մեծ հաշվով դառնալ գործիք՝ Բաքվի ձեռքին՝ Երեւանի վրա ապագայում՝ հարկ եղած դեպքում ազդելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր