«Հրապարակ»․ Համայնքապետի ճակատագիրը մեկ մանդատից է կախված
Thu, 29 Oct 2026 10:15:26 +0400

Նոյեմբերի 11-ին Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենա նորընտիր ավագանու առաջին նիստը, եւ պարզ կդառնա, թե ով կստանձնի Եղեգնաձորի ղեկավարի պաշտոնը: Չնայած ՔՊ կուսակցության գործադրած բոլոր ջանքերին՝ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արենիի գործող համայնքապետ՝ ՔՊ-ական Հուսիկ Սահակյանը ստացել է 7 հազար 382 քվե՝ 48.1% (13 մանդատ), «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ՝ Եղեգնաձոր համայնքի գործող ղեկավար Դավիթ Հարությունյանը` 7 հազար 197 քվե՝ 46.9%, եւ նույնպես 13 մանդատ ունի: «Նոր դարաշրջան» կուսակցության թեկնածուին՝ Մարտին Հարությունյանին հաջողվել է հավաքել 5.1%` 779 ձայն, ինչը նշանակում է 1 մանդատ: Այսինքն, Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե՛ ՔՊ-ին, թե՛ «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, եւ այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։
Օրեր առաջ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ՝ փաստաբան Հարություն Հարությունյանը, որն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից է, հայտարարել էր, որ եթե ոչ մի կերպ չստացվի ունենալ համայնքի ղեկավար, կարող են արտահերթ ընտրություններ լինել, բայց մի բան հաստատ է՝ ՔՊ-ին ձայն չեն տալու:
ՔՊ-ական Հուսիկ Սահակյանից հետաքրքրվեցինք, որ եթե այդ վճռորոշ 1 ձայնը չստանան, ի՞նչ են պատրաստվում անել։ «Նախ՝ փաստ է, որ մենք հաղթել ենք, փոքր համայնքի ղեկավար լինելով հանդերձ` հաղթել ենք մեծ համայնքի գործող ղեկավարին, մյուս բոլոր հարցերի պատասխանը կտրվի ամսի 11-ին»: Իսկ փորձե՞լ եք խոսել եւ պայմանավորվել մյուս կուսակցությունների առաջնորդների հետ։ «Ոչ եւ ոչ, ես նորից ու նորից ասում եմ` բոլոր հարցերի պատասխանը տրվելու է ամսի 11-ին: Կլինի առաջին ավագանու նիստը, կընտրեն համայնքի ղեկավար»: Ոնց որ վստահ եք, որ Դուք եք լինելու համայնքի ղեկավարը։ «Ես ասում եմ՝ մենք հաղթել ենք: Փոքր համայնքի ղեկավարը հաղթել է մեծ համայնքի ղեկավարին, այդքանը հերիք չէ՞ Ձեզ, մնացածը թող իրենք մտածեն»:
Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ սպասել նոյեմբերի 11-ին։ «Այդ օրը կգա՝ կերեւա»: Այս օրերին որեւէ պայմանավորվածություն ունեցե՞լ եք որեւէ կուսակցության հետ։ «Ոչ, ոչ մեկի հետ պայմանավորվածություն չունեմ, չի էլ լինի: Այդ օրը ամեն բան պարզ կլինի»: ՔՊ-ական Հուսիկ Սահակյանն ասում է, որ իրենք հաղթել են` փոքր համայնքի ղեկավարը հաղթել է մեծ համայնքի ղեկավարին։ «Ինձ չի հետաքրքրում, թե Հուսիկն ինչ է ասում, պայմանավորվեցինք 11-ին, ուրեմն՝ 11-ին»:
«Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը երեկ չցանկացավ զրուցել այս թեմայով, հարցին, թե քվեարկելո՞ւ են «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին, պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չունեն, քննարկումներ են ընթանում, ավելին չցանկացավ մանրամասնել:
Բանն այն է, որ այս ուժը հայտնվել է քաղաքական անհարմար իրավիճակում․ «Հանրապետություն» կուսակցությունը հանրային քաղաքական դաշտում ունի այնպիսի գաղափարական դիրքավորում, որը, մեղմ ասած, էականորեն տարբերվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական մոտեցումներից։ Հետեւաբար, եթե այս երկու ուժերը որոշեն միավորել իրենց ձայները, իրավացիորեն կարժանանան քննադատությունների, եւ հարց կառաջանա՝ ինչն է նրանց միավորում։ Համագործակցությանը կողմ արտահայտվողների փաստարկն այն է, որ տեղական ինքնակառավարման մակարդակում քաղաքական համագործակցությունը պարտադիր չէ, սակայն հակադիր թեւում կարծում են, որ գաղափարական էական հակասությունների առկայության դեպքում նման համագործակցությունն առնվազն պահանջելու է համոզիչ բացատրություն, ինչը դժվար է լինելու։ Քաղաքական բաղադրիչից զատ, կա նաեւ թեկնածուի ով լինելու հարցը։ Դավիթ Հարությունյանը, որը նաեւ գործող համայնքապետն է, նախկին ԲՀԿ-ական, կրթություն չունի, մարզում տարբեր պատմություններ կան նրա եւ նրա կրիմինալ պահվածքի մասին, ուստի նրան նորից քաղաքապետ դարձնելը նշանակում է մեծ պատասխանատվություն ստանձնել։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ՔՊ-ն ու «Հանրապետությունը» գան համաձայնության, եւ այդ մեկ ձայնի կարիքը չլինի` ինչ-որ ձեւով կիսեն համայնքային իշխանությունը՝ խուսափելով մրցակցությունից ու առճակատումից:
Նշենք նաեւ, որ 2026 թվականին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները խոշորացվել են եւ միավորվել մեկ՝ Եղեգնաձոր համայնքի մեջ: Եղեգիս համայնքի ՔՊ-ական ղեկավար Արթուր Ստեփանյանը, որը քրեական գործով է անցնում, օրեր առաջ հեռացվել է «Քաղպայմանագրի» շարքերից, քանի որ նրա ղեկավարած համայնքում ՔՊ-ն խայտառակ պարտություն էր կրել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր