«Հրապարակ». Այդ 43 կիլոմետրի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու

«Հրապարակ». Այդ 43 կիլոմետրի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու

Thu, 29 Oct 2026 10:45:57 +0400


ԱԺ-ն 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Հավանական համարո՞ւմ եք, որ ԹՐԻՓՓ-ը կգործարկվի՝ հաշվի առնելով Իրանի, նաեւ ՌԴ-ի դիրքորոշումները:

– Չեմ կարծում, թե այս իրավիճակում կսկսի գործել, դա բավականին երկարատեւ պրոցես է եւ, այո, չի կարող լինել առանց Ռուսաստանի եւ Իրանի համաձայնության: Ձեռք կբերվի այդպիսի համաձայնություն, թե ձեռք չի բերվի՝ այլ հարց է, բայց այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում ԹՐԻՓՓ-ը, այդ իմաստով միայն այս փաստաթղթերով չի գործի:

– ՀՀ իշխանությունն այդ հանգամանքը հաշվի առե՞լ է, թե՞ առաջնորդվել են «հիմա անենք, թե հետո ինչ լինի՝ տեղում կհասկանանք» մտայնությամբ:

– Իմ պատկերացմամբ, Հայաստանի իշխանությունները ԹՐԻՓՓ-ը հաջողություն են համարում ոչ թե այն պատճառով, որ դա Հայաստանին օգնելու է շրջափակումից դուրս գալ, այլ՝ այն, որ այդպիսով փակեցին Ադրբեջանի ախորժակը, որը սպառնում էր ուժով բացել այդ միջանցքը: Ակնհայտ է, որ եթե զուգահեռաբար Հայաստանն իր հարեւանների հետ մյուս ճանապարհները չբացի, ԹՐԻՓՓ-ի այդ 43 կմ-ի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու, որովհետեւ անհասկանալի է, պատկերավոր ասած, թե ինչպես է Հայաստանն օգտվելու այդ ճանապարհից: Ինչպես են, օրինակ, բեռները Երեւանից հայտնվելու այդ 43 կիլոմետրանոց հատվածում, եթե Նախիջեւանով անցնող երկաթուղին չի գործում, եթե Կարս-Գյումրին, Իջեւան-Ղազախ երկաթուղին չի գործում: Ստացվում է այնպես, որ այդ 43 կիլոմետրանոց հատվածով Ադրբեջանը կարողանալու է օգտվել, իր բեռները կարող է ուղարկել Նախիջեւան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Հայաստանը ֆիզիկապես չի կարող այդ ճանապարհից օգտվել, եթե մյուս ճանապարհները չեն բացվում:

– Այդ՝ մյուս ճանապարհները բացելու մտադրություն Թուրքիան ու Ադրբեջանը չունեն, այդ մասին նույնիսկ չի քննարկվել, ինչը պարզ դարձավ Արարատ Միրզոյանի հայտարարությունից:

– Այո, այդ մասին խոսում է միայն Հայաստանը, նաեւ Ադրբեջանում են ինչ-որ հայտարարություններ անում, որ երբեւէ հնարավոր է, գուցե` այդպիսի տոնայնությամբ: Մինչդեռ ԹՐԻՓՓ-ը շատ կոնկրետ է: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդպես ասում՝ որովհետեւ նրան պետք է այդ 43 կիլոմետրանոց հատվածը, իսկ Հայաստանին դա ընդհանրապես պետք չէ, պետք են մյուս հատվածները: Ես մտավախություն ունեմ, որ տեղի կունենա այն, ինչը սովորաբար տեղի է ունենում: Ադրբեջանը կստանա իր ուզածը, իսկ այն, ինչը պիտի փոխարենը տար, չի տա, կձգձգի անընդհատ: Խոսքը տվյալ դեպքում ե՛ւ Նախիջեւան-Հայաստան երկաթուղու բացումն է, ե՛ւ Իջեւան-Ղազախ, որովհետեւ դա իրենց պետք չէ, դա մեզ է պետք: Իրենց պետք էր ԹՐԻՓՓ-ը:

– Համաձայնագրի վավերացումը նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես հասա՞վ իր ուզածին, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

– Ադրբեջանը վերջնականապես կհասնի իր ուզածին, եթե գետնի վրա իսկապես ձեռք բերի անխոչընդոտ անցում, եւ երկրորդ` եթե արվի նաեւ Նախիջեւանը Թուրքիային միացնող՝ Նախիջեւանի ամբողջ տարածքի երկաթուղու վերանորոգումը, որն արդեն 80 տոկոսով ավարտվել է եւ Նախիջեւանից Թուրքիա երկաթուղային անցումը, որը Թուրքիան հիմա կառուցում է, խոսքը Նախիջեւան- Կարս-Իգդիր երկաթուղու հատվածի մասին է: Երբ դա էլ կառուցվի, ակնհայտ կդառնա, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ուզածին հասել են, անխոչընդոտ կապը ձեռք են բերել, եւ կարծում եմ, դրանից հետո վերջնականապես, ինչ-որ պատրվակներով կմոռանան Հայաստանի շրջափակումը վերացնելու թեման․ դա կփակեն պարզապես, որովհետեւ դա իրենց պետք չէ, մեզ է պետք:

– Այս վավերացումից հետո իրանական կողմից ինչ-որ ազդակներ կլինե՞ն:

– Դա կախված կլինի նրանից, թե ամերիկա-իրանական պատերազմն ինչ ընթացք կունենա: Հասկանալի է, որ դա հավերժ տեւել չի կարող, ինչ-որ հանգուցալուծում պիտի լինի, եւ եթե խաղաղությունը կայանա, վստահ եմ, որ բանակցությունների կարեւոր թեմաներից մեկն էլ լինելու է ԹՐԻՓՓ-ը: Կա՛մ Իրանն իր մասնակցությունն ինչ-որ կերպ կունենա, որովհետեւ պայմանագրում խոսք կա երրորդ կողմերին ներգրավելու մասին, կա՛մ Իրանը հստակ երաշխիքներ կստանա, որ այդ ճանապարհը չի օգտագործվելու իր դեմ, եւ այնտեղ ԱՄՆ ռազմական ներկայություն չեն ունենալու: Այսպիսի անորոշ իրավիճակում որեւէ մեկը հսկայական գումարներ չի ներդնի, քանի դեռ հստակեցում չկա, եւ չկան երաշխիքներ:

– Նույնիսկ ամերիկյան կո՞ղմը:

– Առանց հստակեցնելու, բնականաբար, չի անի, իրենց ինչի՞ն է պետք դա, ինչի՞ն է պետք նոր լարվածության օջախ: Իրենց պետք է շրջանցել Ռուսաստանը եւ Իրանը եւ այդ ճանապարհով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով դուրս գալ Կենտրոնական Ասիա: Եթե այդ ճանապարհը վտանգավոր է լինելու, իրենք կա՛մ կչեզոքացնեն այդ վտանգը, կա՛մ այդ ծրագիրը մինչեւ վերջ չեն իրականացնի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների Fri, 30 Oct 2026 21:00:44 +0400…

20 րոպե ago

«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը

«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը Fri, 30…

35 րոպե ago

Հայտնի դերասանը ստիպված է եղել գիշերել մետրոյում

Հայտնի դերասանը ստիպված է եղել գիշերել մետրոյում Fri, 30 Oct 2026 20:30:38 +0400 Դանիացի հայտնի…

50 րոպե ago

Ֆրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին

Ֆրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին Fri, 30 Oct…

57 րոպե ago

Քինգ-Քրեյնի հանձնաժողովն ու Հայաստանի չկայացած ամերիկյան մանդատը

Քինգ-Քրեյնի հանձնաժողովն ու Հայաստանի չկայացած ամերիկյան մանդատը Fri, 30 Oct 2026 20:15:56 +0400 Հայաստանը ներկայում…

1 ժամ ago

Կրթական ծավալուն ռեֆորմներ են սկսել՝ բողոքի ցույցերի ճնշմամբ

Կրթական ծավալուն ռեֆորմներ են սկսել՝ բողոքի ցույցերի ճնշմամբ Fri, 30 Oct 2026 20:00:06 +0400 Ֆրանսիայում…

1 ժամ ago