Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Այդ 43 կիլոմետրի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու

«Հրապարակ». Այդ 43 կիլոմետրի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու

Thu, 29 Oct 2026 10:45:57 +0400


ԱԺ-ն 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Հավանական համարո՞ւմ եք, որ ԹՐԻՓՓ-ը կգործարկվի՝ հաշվի առնելով Իրանի, նաեւ ՌԴ-ի դիրքորոշումները:

– Չեմ կարծում, թե այս իրավիճակում կսկսի գործել, դա բավականին երկարատեւ պրոցես է եւ, այո, չի կարող լինել առանց Ռուսաստանի եւ Իրանի համաձայնության: Ձեռք կբերվի այդպիսի համաձայնություն, թե ձեռք չի բերվի՝ այլ հարց է, բայց այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում ԹՐԻՓՓ-ը, այդ իմաստով միայն այս փաստաթղթերով չի գործի:

– ՀՀ իշխանությունն այդ հանգամանքը հաշվի առե՞լ է, թե՞ առաջնորդվել են «հիմա անենք, թե հետո ինչ լինի՝ տեղում կհասկանանք» մտայնությամբ:

– Իմ պատկերացմամբ, Հայաստանի իշխանությունները ԹՐԻՓՓ-ը հաջողություն են համարում ոչ թե այն պատճառով, որ դա Հայաստանին օգնելու է շրջափակումից դուրս գալ, այլ՝ այն, որ այդպիսով փակեցին Ադրբեջանի ախորժակը, որը սպառնում էր ուժով բացել այդ միջանցքը: Ակնհայտ է, որ եթե զուգահեռաբար Հայաստանն իր հարեւանների հետ մյուս ճանապարհները չբացի, ԹՐԻՓՓ-ի այդ 43 կմ-ի բացումը որեւէ բան Հայաստանին չի տալու, որովհետեւ անհասկանալի է, պատկերավոր ասած, թե ինչպես է Հայաստանն օգտվելու այդ ճանապարհից: Ինչպես են, օրինակ, բեռները Երեւանից հայտնվելու այդ 43 կիլոմետրանոց հատվածում, եթե Նախիջեւանով անցնող երկաթուղին չի գործում, եթե Կարս-Գյումրին, Իջեւան-Ղազախ երկաթուղին չի գործում: Ստացվում է այնպես, որ այդ 43 կիլոմետրանոց հատվածով Ադրբեջանը կարողանալու է օգտվել, իր բեռները կարող է ուղարկել Նախիջեւան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Հայաստանը ֆիզիկապես չի կարող այդ ճանապարհից օգտվել, եթե մյուս ճանապարհները չեն բացվում:

– Այդ՝ մյուս ճանապարհները բացելու մտադրություն Թուրքիան ու Ադրբեջանը չունեն, այդ մասին նույնիսկ չի քննարկվել, ինչը պարզ դարձավ Արարատ Միրզոյանի հայտարարությունից:

– Այո, այդ մասին խոսում է միայն Հայաստանը, նաեւ Ադրբեջանում են ինչ-որ հայտարարություններ անում, որ երբեւէ հնարավոր է, գուցե` այդպիսի տոնայնությամբ: Մինչդեռ ԹՐԻՓՓ-ը շատ կոնկրետ է: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդպես ասում՝ որովհետեւ նրան պետք է այդ 43 կիլոմետրանոց հատվածը, իսկ Հայաստանին դա ընդհանրապես պետք չէ, պետք են մյուս հատվածները: Ես մտավախություն ունեմ, որ տեղի կունենա այն, ինչը սովորաբար տեղի է ունենում: Ադրբեջանը կստանա իր ուզածը, իսկ այն, ինչը պիտի փոխարենը տար, չի տա, կձգձգի անընդհատ: Խոսքը տվյալ դեպքում ե՛ւ Նախիջեւան-Հայաստան երկաթուղու բացումն է, ե՛ւ Իջեւան-Ղազախ, որովհետեւ դա իրենց պետք չէ, դա մեզ է պետք: Իրենց պետք էր ԹՐԻՓՓ-ը:

– Համաձայնագրի վավերացումը նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես հասա՞վ իր ուզածին, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

– Ադրբեջանը վերջնականապես կհասնի իր ուզածին, եթե գետնի վրա իսկապես ձեռք բերի անխոչընդոտ անցում, եւ երկրորդ` եթե արվի նաեւ Նախիջեւանը Թուրքիային միացնող՝ Նախիջեւանի ամբողջ տարածքի երկաթուղու վերանորոգումը, որն արդեն 80 տոկոսով ավարտվել է եւ Նախիջեւանից Թուրքիա երկաթուղային անցումը, որը Թուրքիան հիմա կառուցում է, խոսքը Նախիջեւան- Կարս-Իգդիր երկաթուղու հատվածի մասին է: Երբ դա էլ կառուցվի, ակնհայտ կդառնա, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ուզածին հասել են, անխոչընդոտ կապը ձեռք են բերել, եւ կարծում եմ, դրանից հետո վերջնականապես, ինչ-որ պատրվակներով կմոռանան Հայաստանի շրջափակումը վերացնելու թեման․ դա կփակեն պարզապես, որովհետեւ դա իրենց պետք չէ, մեզ է պետք:

– Այս վավերացումից հետո իրանական կողմից ինչ-որ ազդակներ կլինե՞ն:

– Դա կախված կլինի նրանից, թե ամերիկա-իրանական պատերազմն ինչ ընթացք կունենա: Հասկանալի է, որ դա հավերժ տեւել չի կարող, ինչ-որ հանգուցալուծում պիտի լինի, եւ եթե խաղաղությունը կայանա, վստահ եմ, որ բանակցությունների կարեւոր թեմաներից մեկն էլ լինելու է ԹՐԻՓՓ-ը: Կա՛մ Իրանն իր մասնակցությունն ինչ-որ կերպ կունենա, որովհետեւ պայմանագրում խոսք կա երրորդ կողմերին ներգրավելու մասին, կա՛մ Իրանը հստակ երաշխիքներ կստանա, որ այդ ճանապարհը չի օգտագործվելու իր դեմ, եւ այնտեղ ԱՄՆ ռազմական ներկայություն չեն ունենալու: Այսպիսի անորոշ իրավիճակում որեւէ մեկը հսկայական գումարներ չի ներդնի, քանի դեռ հստակեցում չկա, եւ չկան երաշխիքներ:

– Նույնիսկ ամերիկյան կո՞ղմը:

– Առանց հստակեցնելու, բնականաբար, չի անի, իրենց ինչի՞ն է պետք դա, ինչի՞ն է պետք նոր լարվածության օջախ: Իրենց պետք է շրջանցել Ռուսաստանը եւ Իրանը եւ այդ ճանապարհով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով դուրս գալ Կենտրոնական Ասիա: Եթե այդ ճանապարհը վտանգավոր է լինելու, իրենք կա՛մ կչեզոքացնեն այդ վտանգը, կա՛մ այդ ծրագիրը մինչեւ վերջ չեն իրականացնի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռացման» կոչ, TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիր․ Օրվա գլխավոր լուրերը

ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռացման» կոչ, TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիր․ Օրվա գլխավոր լուրերը Wed, 28 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով