Այրուլ, բայց դու դեպք ես
Thu, 29 Oct 2026 18:45:20 +0400

Անարդարություն է` մեծ անարդարություն, որ TRIPP հապավման մեջ Արարատ Միրզոյանի ո՛չ անվան, ո՛չ ազգանվան սկզբնատառերից չկան: Կարելի էր, օրինակ, գրել՝ TRIMPP, ինչից այս դարակազմիկ ծրագիրը միայն կշահեր:
Իսկ ինչո՞ւ եմ առանձնացնում Արարատ Միրզոյանին:
Միանգամից ասեմ՝ Արարատ Միրզոյանն ամենամեծ ներդրումն ունի Հայաստանի տարածքով անցնող այս անխոչընդոտ միջանցքին միս ու արյուն հաղորդելու գործում: Նկատի ունեմ Արարատ Միրզոյանի թափած ջանքերը՝ TRIPP ծրագրից մի բան ստանալու եւ այդ բանը ամբողջ աշխարհին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրելու ջանքերը: Trump, Recep (Ռեջեբ), Ilham, Putin, Pashinyan… Կարո՞ղ եք ասել, թե նշվածներից ով է ավելի շատ խոսել TRIPP-ի մասին, քան Արարատ Միրզոյանը, ով է ավելի շատ տեղեկացված այդ եռակողմ թղթից, քան Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին գիտի ամեն ինչ: Այդ փաստաթուղթը նա, իր իսկ խոսքով, կարդացել է 20 անգամ: Իսկ ստորագրելուց առաջ Դոնալդ Թրամփը, օրինակ, քանի՞ անգամ է կարդացել փաստաթուղթը: Ինձ թվում է՝ նույնիսկ ստորագրելուց հետո չի կարդացել… Ռուբիոն ու Վենսն ասել են՝ ստորագրի, նա էլ ստորագրել է: Եվ այդ ինչո՞ւ է հենց Թրամփի ազգանվան առաջին տառը հայտնվել TRIPP հապավման մեջ, իսկ ծրագիրն ստացել «Թրամփի ուղի» անվանումը: Մինչդեռ մեր Այրուլի (է՜է՜է՜, ականջդ կանչի, Կարմեն Դավթյան) անվան գոնե մի տառը չկա այնտեղ: Մարդն ասում է՝ 20 անգամ եմ կարդացել այդ փաստաթուղթը, այնտեղ ոչինչ չկա, որ ես չգիտեմ… Ու մեկ է՝ Այրուլին հավատացող չկա: Բոլորին թվում է՝ բլեֆ է անում, ստում, մանիպուլացնում, լղոզում, «ֆըռցընում», որ ցույց տա, թե իբր Pashinyan-ի հետ մեծ գործ են արել: Փաշինյանը՝ ինքը, Արարատ Միրզոյանի չափ ջանք չի գործադրել, որ Trump-ի եւ Ilham-ի հետ ստորագրած, տո լի նախաստորագրած այդ թուղթը ներկայացնի մեր հանրությանը: Ավելին ասեմ՝ TRIPP-ը Փաշինյանի խոսքում ընդամենը միջանկյալ քայլ է, որ նպաստելու է խաղաղությանը: Փոխարենը՝ Արարատ Միրզոյանը գիտի, կարծում եմ՝ գիտի, TRIPP-ի բոլոր ծակուծուկերը եւ այն դժվարությունները, որոնք ամեն օր ի հայտ են գալիս այդ ծրագրի իրականացման ճանապարհին:
ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկում է լինում` Արարատ Միրզոյանին են հրավիրում, լիագումար նիստում քննարկում են հարցը՝ զեկուցողն էլի Արարատ Միրզոյանն է, Նիկոլն է գալիս ԱԺ՝ անպայման հետը Արարատ Միրզոյանին է բերում, որ TRIPP-ի մասին դժվար հարցերին պատասխանի: Եվ Արարատ Միրզոյանի նման մասնագետը բախտ չունեցավ, որ իր անունն էլ ընդգրկեն այդ հապավման մեջ:
Ադրբեջանցիները TRIPP-ի հետ իրենց անհամաձայնությունն արտահայտում են այլ կերպ: Նրանք այդ ծրագիրն անվանում են «Զանգեզուրի միջանցք, որտեղ հայ չպետք է լինի», ու դրանով բոլոր հարցերը փակում: T., R., I. տառերը դեռ հանդուրժելի են նրանց կողմից, բայց, ահա, PP-ն՝ ոչ: Նրանք համարում են, որ եթե միջանցքն իրենք են վերահսկելու կամ Թրամփը, ապա հապավման մեջ ի՞նչ գործ ունեն Putin-ի եւ Pasհinyan-ի ազգանվան առաջին տառերը: Պիտի ասեմ, որ ադրբեջանցիներն ինչ-որ տեղ ճիշտ են: Էդ անտեր անխոչընդոտ TRIPP-ն ընդամենը երկու ծակ ունի, մեկն Ադրբեջանի հիմնական մասում է, մյուսը՝ Նախիջեւանում: Ապրանքները Թուրքիայից գալու են Նախիջեւան, Նախիջեւանից մտնեն TRIPP եւ դուրս գան Ադրբեջանում: Եվ, ուրեմն, ի՞նչ ցավս է Պուտինի եւ Փաշինյանի հիշատակումն այս ծրագրում: Բաքվում նույնիսկ նեղվում են, երբ խոսք է բացվում այն մասին, որ «միջանցքն» անցնում է Հայաստանով՝ Մեղրիով: Նրանք պնդում են, որ այն անցնում է Զանգեզուրով, այսինքն՝ «Արեւմտյան Ադրբեջանով»: Եվ, պատկերացրեք, այս կռիվների մեջ ո՛չ Putin-ը կա, ո՛չ Pashinyan-ը: Արարատ Միրզոյանին են հանձնարարել, հասկանում ես, էշը ցեխից հանելու սուրբ գործը: Դե, նա էլ կաշվից դուրս է գալիս, որ այդ երկու ծակ ունեցող միջանցքը ներկայացնի որպես Փաշինյանի իշխանության նոու-հաու…
– Պարոն Միրզոյան, իսկ TRIPP-ի լայնությունն ինչքա՞ն է:
– Ա դե լավ, է՜… Ընկել եք մելըչ բաների հետեւից:
– Լավ, պարոն Միրզոյան, իսկ TRIPP-ի վրա հայ մաքսավորներ լինելո՞ւ են, չէ՞ որ մեր տարածքով է այն անցնում:
– Հա, բա ո՞նց: Հաշվի առնելով, որ պատերազմը նոր է ավարտվել, հոգեբանական մոմենտներ կան եւ որոշակի լարվածություն, մենք մեր մաքսավորներին մտցնելու ենք հատուկ փակ սենյակներ, որ այնտեղից սարքերի միջոցով ստուգեն բեռները:
– Յա՜ա՜ա՜…
– Բա՞…
– Բա որ ադրբեջանցիներն իմանան ու գերի՞ վերցնեն նրանց:
– Էլի՞ մելըչ բաների հետեւից ընկաք…
– Պարոն Միրզոյան, իսկ TRIPP-ով ուղեւորափոխադրումներ լինելո՞ւ են: Եթե այո, ապա ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս են հայտնվելու ՀՀ տարածքով անցնող այդ խողովակի մեջ, որով հիմնականում թուրքեր ու ադրբեջանցիներ են երթեւեկելու: Ուզում ենք իմանալ՝ ՀՀ 42 կիլոմետրանոց հատվածում կանգառներ լինելո՞ւ են, որ մարդիկ գնացք նստեն:
– Ճիշտն ասած՝ ես այդ թուղթը 20 անգամ կարդացել եմ, բայց այնտեղ կանգառների մասին բան չկա գրված: Ենթադրում եմ, որ կարելի է այդ հարցը քննարկել…
– Բայց արդեն ստորագրել եք, պարոն Միրզոյան, այդ մասին չէի՞ք մտածել:
– Դե հիմա…
– Պարոն Միրզոյան, իսկ կարող ա՞ TRIPP-ն սկսի աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ստորագրելուց առաջ, այսինքն՝ կարող ա՞ մենք խաղաղությունից ավելի շուտ հայտնվենք Ադրբեջանում…
– Կարող ա…
ՀԳ. Արարատ Միրզոյան, բայց դու դեպք ես:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր