10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում
Fri, 30 Oct 2026 11:38:48 +0400
Խանութներում ապրանքների իրական արժեքի և դրամարկղային կտրոններում նշված գումարների անհամապատասխանության հարցը բարձրացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանի հետ հարցուպատասխանի ընթացքում։
Բագրատյանը նշել է, որ քաղաքացիներից բողոքներ են ստացվում, երբ, օրինակ, 10 հազար դրամի գնում կատարելուց հետո տրամադրվում է ընդամենը 1000 դրամի կտրոն։ Նա հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նման դեպքերը կանխելու համար։
Ի պատասխան՝ Շուշան Սարգսյանը նշել է, որ հանձնաժողովի գործունեության ուսումնասիրության արդյունքում նման խնդիրը համատարած բնույթ չի կրել, սակայն առանձին դեպքեր արձանագրվել են։
Որպես օրինակ՝ նա մատնանշել է տաքսի ծառայությունների ոլորտը, որտեղ թվային հարթակների միջոցով տրամադրվող վերջնական կտրոնում երբեմն նշված է եղել այլ գումար, քան նախապես ներկայացվել էր սպառողին։ Սարգսյանի խոսքով՝ այդ դեպքերով վարույթ է իրականացվել, և տնտեսվարողը ենթարկվել է պատասխանատվության։