Արցախահայությանը օգնելուց հրաժարվելը քաղաքականություն չէ․ Journal de Dimanche

Արցախահայությանը օգնելուց հրաժարվելը քաղաքականություն չէ․ Journal de Dimanche

Sat, 31 Oct 2026 12:00:46 +0400


Ֆրանսիական Journal de Dimanche-ը հրապարակել է սենատոր Գաել Ֆրոնտոնիի հոդվածը՝ հոկտեմբերի քսաներկուսին Նիսում կայացած միջոցառման մասին, որով աջակցություն էր հայտնվել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Միջոցառումը վերստին հասարակության ուշադրությունն է հրավիրել նրանց ճակատագրերին, հիշեցնելով նրանց ընտանիքների, ազատ արձակման սպասումների եւ այն բանի մասին, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի թույլ չտրվի, որ այդ ողբերգությունը մոռացվի։ Սակայն, ըստ սենատոր Ֆրոնտոնիի, նման միջոցառումները պետք է շարունակություն ունենան՝ կոնկրետ քաղաքական գործողությունների տեսքով։ Ֆրանսիացի լրագրող Ժան Քրիսթոֆ Բյուիսոնը երկար տարիներ իր ռեպորտաժներով ելույթներով եւ Հայաստան ուղեւորություններով օգնում է պահպանել ուշադրությունը Հայ ժողովրդի ապրած ողբերգության նկատմամբ։ Ու հիմա ֆրանսիացի քաղաքական գործիչները պետք է հանրային ձեւավորված համերաշխությունը վերածեն պետական քաղաքականության։ Սենատորը գրում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները շարունակում են մնալ գլխավոր մտահոգություններից մեկը, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում ավելի քան հարյուր հազար հայ ստիպված է եղել մի քանի օրում հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Մարդիկ, ովքեր մաիսներ շարունակ կրել են զրկանքներ, թողել են իրենց տները, հայրենի գյուղերը, հարազատների գերեզմաններն ու այն վայրերը, որոնք կապված են իրենց պատմությունների հետ եւ բռնել գաղթականի ուղին։ Գաղթելը միայն սահմանների հատում չէ։ Վերջինիս հետեւանքները շարունակում են մնալ շատ ընտանիքների կյանքում եւ կենցաղում։ Ու թեեւ Ֆրանսիան ու Հայաստանը համագործակցում են ռազմական ոլորտում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ դատապարտել է տեղի ունեցածը, սակայն ֆրանսիական դիվանագիտությունը չի կարողացել կանխել հայ բնակչության մասսայական գաղթը, իսկ հայ գերիների ազատ արձակման հարցը շարունակում է մնալ չլուծված հարց։ Ֆրոնտոնին կարծում է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի ոչ թե հայտարարությունների բարձրագոչության վրա, այլ իրական արդյունքների եւ մարդկային կյանքերը պաշտպանելու կարողության։ Եթե Ֆրանսիայի նախագահը հանրայնորեն ստանձնում է պատասխանատվություն, ապա դա նշանակում է, որ այդ պատասխանատվությունը նաեւ նրանց հանդեպ է, որոնց առաջ որ ստանձնել է։ Դաշնակիցները պետք է վստահ լինեն Փարիզի հետեւողականության մեջ, իսկ նրանք, ովքեր սպառնում են, պետք է իմանան, որ սպառնալիքները անհետեւանք չեն մնալու։ Գաել Ֆրոնտոնին ընդգծում է, որ Հայաստանին օգնելը Ֆրանսիայի համար ունի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ պատմական եւ մշակութային նշանակություն։ Հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանոցները վկայում են ժողովրդի՝ բազմադարյա ներկայության մասին, որի պատմական ժառանգությունը չպետք է ոչնչացվի։ Բացի այդ, հայկական ընտանիքների մի քանի սերունդներ դարձել են ֆրանսիական հասարակության լիարժեք անդամներ, իրենց զգալի ներդրումն ունենալով երկրի կյանքում։Այդ համատեքստում նա հատկապես հիշատակել է Ֆրանսիական Դիմադրության շարժման երեւելի ներկայացուցիչներից՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի պատմությանը, նաեւ՝ անդրադարձել Ֆրանսիայում քաղաքական առումով կատարված գործողություններն ի աջակցություն Արցախի եւ արցախահայության։ Սենատորը եզրակացնում է, որ անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը եւ Ֆրանսիան պետք է օգտագործի իր միջազգային հեղինակությունը դրա համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել Sat, 31 Oct 2026 14:00:18 +0400 Ռուսաստանում արձանագրվել…

10 րոպե ago

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Sat, 31 Oct 2026 13:45:50 +0400…

24 րոպե ago

Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը կարագացնեն

Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը կարագացնեն Sat, 31 Oct 2026 13:30:21 +0400 Վրաստանն ու Ադրբեջանը…

40 րոպե ago

Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ Վարոսյան

Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ Վարոսյան Sat, 31 Oct 2026 13:15:11 +0400…

55 րոպե ago

ԱՄՆ քաղաքական ապագայի մասին մռայլ կանխատեսում է կատարել

ԱՄՆ քաղաքական ապագայի մասին մռայլ կանխատեսում է կատարել Sat, 31 Oct 2026 13:00:40 +0400 Միացյալ…

1 ժամ ago

Աշխարհում դպրոցականներն ընդվզում են իշխանությունների դեմ․ իսկ Հայաստանո՞ւմ․․․

Աշխարհում դպրոցականներն ընդվզում են իշխանությունների դեմ․ իսկ Հայաստանո՞ւմ․․․ Sat, 31 Oct 2026 12:45:31 +0400 Ֆրանսիայում,…

1 ժամ ago