«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել
Sat, 31 Oct 2026 12:15:55 +0400
«Հրապարակի» զրուցակիցը «Նյու մեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանն է:
– Տարիներ առաջ քթի ռինոպլաստիկան էր ամենապահանջված պլաստիկ վիրահատության տեսակը, վերջին տարիներին պահանջարկի փոփոխություն նկատո՞ւմ եք: Ո՞ր միջամտությունն է այսօր ամենապահանջվածը:
– Ինչպես այն ժամանակ, հիմա էլ էսթետիկ բժշկության ոլորտում ամենապահանջվածը քթի ռինոպլաստիկան է, բայց, ի տարբերություն տարիներ առաջ ունեցած ստատիստիկայի, հիմա նաեւ շատ են դիմում կոնտուրների կորեկցիայի, լիպոսակցիայի, կրծքագեղձերի ձեւի եւ ծավալի փոփոխության համար, շատ են նաեւ մեզ դիմում երիտասարդացնող միջամտությունների համար` բլեֆարոպլաստիկա եւ այլն:
– Իսկ դեմքի երիտասարդացնող միջամտությունների համար ավելի շատ ո՞ր տարիքային խմբերի մարդիկ են դիմում:
– Երիտասարդացնող միջամտություններ հիմնականում կատարում են 40-ից բարձր տարիքի անձինք: Դա կախված է նրանից, թե օրգանիզմը քանի տարեկանից է սկսում ծերանալ, մաշկը թուլանալ եւ այլն, սակայն նման երեւույթները հիմնականում ի հայտ են գալիս 40 տարեկանից հետո: Նախքան այդ երբեմն մերժում ենք նույնիսկ եւ չենք վիրահատում:
– Այսինքն` նաեւ լինում են դեպքեր, երբ մերժում եք վիրահատել: Հիշո՞ւմ եք դեպքեր, երբ, օրինակ, մերժել եք քթի ռինոպլաստիկա կատարել:
– Այո, իհարկե: Եղել են դեպքեր, երբ մերժել եմ պացիենտին, իսկ պատճառները տարբեր են եղել: Պացիենտի առողջական վիճակը կարող է պատճառ հանդիսանալ, կարող է այնպես ստացվել, որ պացիենտի պատկերացումներն այլ լինեն, եւ ես մերժեմ: Եղել են նաեւ դեպքեր, երբ արտաքինից ոչ մի խնդիր չի եղել, եւ ես ուղղակի մերժել եմ վիրահատել:
– Բազմաթիվ դժգոհություններ կան որոշ կոսմետոլոգներից եւ պլաստիկ վիրաբույժներից, որոնք, չունենալով մասնագիտական կրթություն կամ լինելով սկսնակ, այնպիսի բարդ միջամտություններ են կատարում կամ ներարկումներ՝ անորակ նյութերով, սխալ տեղերում, որի հետեւանքով հետո մարդիկ բազմաթիվ առողջական եւ էսթետիկ խնդիրների առաջ են կանգնում: Դուք բախվո՞ւմ եք նման խնդիրների: Ձեզ դիմո՞ւմ են մարդիկ, ովքեր ոչ պրոֆեսիոնալ մասնագետների կատարած աշխատանքի արդյունքում խնդիրների են բախվել:
– Հարցը երկու մասի կարող ենք բաժանել: Վիրաբուժությամբ զբաղվողներն այլ ասպեկտում են, կոսմետոլոգները` այլ: Հայաստանում չլիցենզավորված վիրաբույժները չեն կարող գործունեություն ծավալել: Ինչ վերաբերում է հետվիրահատական բարդություններին կամ կատարված աշխատանքի արդյունքին, ապա ասեմ, որ ես՝ ինքս, ունենալով մեծ փորձ, երբեմն բախվում եմ այնպիսի անսպասելի բարդությունների, որոնք անգամ գրականության մեջ գոյություն չունեն: Այդ պատճառով ես ինձ թույլ չեմ տալիս այլ մասնագետների աշխատանքին գնահատական տալ: Ես, ունենալով մեծ փորձ, երբեմն այնպիսի եզակի բարդությունների հետ եմ բախվում, որ իրավունք չունեմ այլոց քննադատել: Բարդությունները ոչ միայն բժիշկներից են կախված, այլեւ մարդու օրգանիզմից: Երեք գործոն կա այստեղ` բժիշկ, պացիենտ, օրգանիզմ: Կարող է բժիշկն իր գործն իդեալական անել, սակայն օրգանիզմն անկառավարելի լինել: Ինչ վերաբերում է կոսմետոլոգիական ծառայություններին, ապա ես համաձայն եմ Ձեզ հետ, ես անգամ այդ մասին խոսել եմ մի առիթով, որ կան ծառայություն մատուցողներ, ովքեր լիցենզավորված չեն, սակայն կատարում են միջամտություններ: Անհրաժեշտ են մասնագիտական կրթություն, անատոմիական լուրջ գիտելիքներ: Ցավոք, Հայաստանում այս ոլորտը լիարժեք կարգավորված չէ, սակայն առողջապահության նախարարությունը կարծես փորձում է ոլորտը կարգավորել: