«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»
Tue, 03 Nov 2026 08:05:42 +0400
Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին»` մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին` Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու` Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է:
Մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ եթե այլ անձ մարզպետ նշանակվի, Վասակ Վարդանյանը դիմում կներկայացնի։ Նա ՔՊ-ի հնաբնակներից է, դեռ ՀՀԿ-ի ժամանակ մասնակցել է Հրազդանի համայնքապետի ընտրություններին եւ ավագանիում տեղ գտել։ Պաշտոնից հեռանալու մասին հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։