«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին
Tue, 03 Nov 2026 10:25:57 +0400
Նոյեմբերի 29-ին Հայաստանի 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Այս անգամ եւս ընդդիմությունը բավականին պասիվ է գտնվել՝ 10 համայնքից 5-ում միակ առաջադրված ուժը «Քաղպայմանագիրն» է: Մեծամորում ՏԻՄ ընտրություններում կպայքարեն ՀՅԴ եւ ՔՊ կուսակցությունները: ՔՊ ցուցակում են ընդգրկվել համայնքի ղեկավարի տեղակալ, վարչական ղեկավարներ, նախկինում քրեական գործերով անցնող անձինք, անգամ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է նախընտրական ցուցակում հանգրվանել: Հայտնի է, որ մարզպետների լիազորություններն արդեն իսկ հիմնավորապես կրճատվել են, իսկ 2 տարուց առհասարակ այդ ինստիտուտը վերանալու է, ուստի մարզպետներն արդեն տաքուկ տեղեր են փնտրում։ Մի քանիսը խորհրդարան մտան, մյուսները համայնքապետեր են առաջադրվում, այլ պաշտոնների անցնում։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը եւս ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով «հին տաշտակին»՝ համայնքապետի աթոռին: Սակայն համայնքապետի պաշտոնն այժմ արդեն խոշորացված է, լայն լծակներ ունի եւ գրեթե մարզպետին համարժեք ազդեցություն։ Նախկինում ՀՀԿ անդամ Վահրամ Խաչատրյանը 2015-21թթ. եղել է Նորապատ համայնքի ղեկավարը։ Իշխանափոխության օրերին՝ 18-ին, նա արագ ճամբարափոխ է եղել՝ հրաժարվել ՀՀԿ-ից եւ դարձել ՔՊ-ական: 2021 թվականին Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ընտրվել է Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, կառավարության որոշմամբ, նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Մարզպետ աշխատած 4 տարիների ընթացքում Խաչատրյանի գործունեության հետ կապված մեծ թվով քննադատական հրապարակումներ են եղել։ Իսկ վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նա ընտրություններից առաջ ճնշումներ գործադրում պետական հիմնարկների աշխատողների, հատկապես՝ մարզի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատողների վրա, ցուցակներ պահանջում։ Ինչպես նաեւ՝ մարզի դպրոցների փառքի անկյունները հեռացնելու հրահանգ իջեցնում, որի արդյունքում տնօրեններից մեկը դիմում գրեց-հեռացավ: Պատկերացնում ենք, թե ինչ մեթոդներով է նա կազմակերպելու սեփական ընտրությունը։