«Հրապարակ». Ողջ զինանոցը կիրառել է` անցել է շանտաժին
Tue, 03 Nov 2026 08:45:51 +0400
Հարցազրույց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի հետ։
– Ալիեւյան սահմանադրությունն ընդունելու համար խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունեցող խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, թե կփորձի համոզել ընդդիմությանը, որ կողմ քվեարկեն, եթե չստացվի, կգնա արտահերթ ընտրությունների։ Մի քանի օր անց փոշմանեց, ասաց, որ հանրային ճնշմամբ ընդդիմադիրները կողմ կքվեարկեն, ակնարկեց, երեկ էլ ասաց, որ նոր «հոկտեմբերի 2» կանի` ժողովուրդը կշրջափակի ԱԺ-ն։ Ձեր թիմում կլինե՞ն մարդիկ, որ տեղի կտան ժողովրդական ճնշմանը։
– Մենք մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք, որ Ալիեւի թելադրանքով գրված սահմանադրությունն անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է ճնշումներին, նախընտրական, ընտրական, հետընտրական գործընթացներում ճնշումների այդպիսի ձեւաչափ չի եղել, որ այս իշխանությունն ընդդիմության նկատմամբ կիրառեց։ Անգամ այդ պայմաններում ընդդիմությունը շարունակել է իր ամուր դիրքավորումը, որովհետեւ հանրային մեծ վստահություն ունի։ Նաեւ այդ ընտրությունների ժամանակ ժողովուրդն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է եւ զրկել է այս իշխանությանը սահմանադրություն փոխելու իրավունքից։ Ընդդիմությունը, լինելով նաեւ այդ արժեքների կրողն ու ժողովրդի վստահությունը ստանձնողը, բնականաբար, չի կարող այլ դիրքորոշում ունենալ, քան այն վստահությունը, որ ժողովուրդը տվել է ընդդիմությանը։ Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանն իր զինանոցի բոլոր գործիքակազմերը՝ հետապնդումներ, կալանավորումներ, ընտանիքի անդամների հետապնդումներ, աշխատանքից ազատումներ եւ այլն, թեպետ կիրառել է, բայց դրանք արդյունք չեն տվել եւ չեն տալու։ Հիմա անցել են շանտաժի, բայց մենք մեր դիրքորոշումը, ինչպես նշեցի, բազմիցս հայտնել ենք, որ մեզ համար ընդունելի չէ ալիեւյան սահմանադրությունը։
– Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների, եւ, ինչպես ինքն ու իր թիմակիցներն են ակնարկում, կարող են թույլ չտալ, որ դուք մասնակցեք։
– Ընտրություններն ընդամենը մի քանի ամիս առաջ են եղել, եւ ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքացին իր դիրքորոշումն արտահայտել է՝ դեմ լինելով, որ այս իշխանությունը շարունակի զիջումների ճանապարհը եւ շարունակի Հայաստանը տանել ալիեւյան օրակարգով. նկատի ունեմ, որ սահմանադրական մեծամասնություն չեն ստացել՝ անգամ վարչական ռեսուրսի ահռելի չափերի կիրառման, ճնշումների եւ պատերազմի սպառնալիքի պարագայում։ Փաշինյանը պետք է հասկանա, որ ժողովրդից չի ստացել սահմանադրություն փոխելու վստահության քվե։ Պետք է նաեւ արձանագրել, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամբողջովին փլուզված է, որովհետեւ բացարձակ մրցակցային միջավայր գոյություն չունի, եւ միանձնյա, ինչպես բռնապետական երկրներում է, փորձում են այդ ճանապարհով գնալ։
– Մյուս կողմից՝ ՏԻՄ-երն ուզուրպացնելով՝ Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք հենց այն նպատակը չի հետապնդում, որ արտահերթին սահմանադրական մեծամասնություն ստանա։
– Անգամ այդ պայմաններում` Ստեփանավանի օրինակով, որտեղ ընդդիմությունը մասնակցեց, անցնում է պայքարի ճանապարհ՝ չնայելով ոչ մի բանի, իրենց պլանները ձախողվում են, այնտեղ էլ չկարողացան իշխանություն վերցնել։
– Վերջին օրերին ձեր թիմակիցները, այդ թվում՝ խմբակցության ղեկավարը, երաշխիքների մասին են խոսում, ոմանց մոտ տպավորություն կա, որ եթե ստանաք այդ երաշխիքը, կողմ կքվեարկեք սահմանադրության նախագծին։
– ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որ ԹՐԻՓՓ-ն ու խաղաղության համաձայնագիրը մեկ փաթեթով են ներկայացված, ո՞րն էր խնդիրը, որ հիմա առաջնահերթություն է տրվում ԹՐԻՓՓ-ին, եւ մենք ասում ենք, որ խաղաղություն, որպես էդպիսին, չի լինելու։ Սա հերթական միֆն էր, այլապես մեկ փաթեթով կքննարկվեր, բայց եթե իրենք տալիս են առաջնահերթություն, սա նշանակում է, որ կատարում են Ալիեւի հերթական պահանջը։
– Եթե երաշխիք ստանաք, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի, եւ սահմանադրությունը փոխելը լինելու է վերջին պահանջը, կողմ կլինե՞ք այդ սահմանադրությանը։
– Այս իշխանությունը չի ասել մի բան, որն ամբողջովին իրականություն կդառնա, ըստ իրենց՝ խաղաղությունն արդեն հաստատված է, մենք խաղաղության դարաշրջանում ենք։ Հետո ասացին, որ կփորձեն մինչեւ 2031 թվականը կնքված պայմանագիրն ունենալ, ոչ մի խոստում իրականություն չի դարձել, հետեւաբար՝ հավատալ այս իշխանության որեւէ խոսքին, նշանակում է իրականությունից կտրված լինել։