«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ
Tue, 03 Nov 2026 09:45:25 +0400
«Երեկ չկարդացած զրո նամակ ունեի, այսինքն՝ բոլոր նամակները կարդացել էի: Այսօր առավոտյան գալիս եմ, էլփոստս բացում եմ, ու նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար: Բա ես հիմա ի՞նչ անեմ»,- ֆեյսբուքյան իր էջում լայվ է մտել ու հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք նաեւ, որ Փաշինյանն իր ամենօրյա լայվերի ընթացքում ուրիշ հնարքներ էլ է կիրառում, օրինակ, հատուկ դերասանական խաղով է հանդես գալիս: Երեկ, օրինակ, եթերի ժամանակ նա ներկայացրեց իր ծանր աշխատանքը եւ վերջում քնեց մի պահ, ապա արթնացավ: Երեւի՝ որ ցույց տա իր բազմաչարչար աշխատանքն ու տիտանական ջանքերը վարչապետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել, որ ով ինչ հարց ունի, թող էլեկտրոնային փոստով իրեն դիմի` ինքն անձամբ կպատասխանի, կլուծի: Եվ քաղաքացիները վարչապետին են սկսել դիմել` բարձրաձայնելով սոցիալական, կենցաղային կամ այլ խնդիրներ։ Նախկինում նույնպես Նիկոլ Փաշինյանը հաճախ է հրապարակային անդրադարձել քաղաքացիների նամակների քանակին եւ բովանդակությանը։ Բայց դա նաեւ փաստում է այն մասին, որ Հայաստանում պետական ինստիտուտները չեն աշխատում, եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է կատարել ողջ պետական ապարատի գործառույթը: Նա ե՛ւ ոստիկանի դեր է ստանձնել, ե՛ւ դատավորի, ե՛ւ դատախազի, ե՛ւ սոցիալական աշխատողի, ե՛ւ քննիչի, ե՛ւ տարբեր ոլորտների նախարարի:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, շեշտում է. «Անկեղծ ասած, ես վաղուց այդ մարդու ասածներին չեմ էլ հավատում եւ աշխատում եմ չհետեւել նրան: Նա այնքան շատ է սուտ խոսում, որ ուղղակի իմաստ չկա նրան լսելու: Վստահության պակաս կա նրա հանդեպ: Նրա ելույթները, որոնք դերասանական խաղով են ուղեկցվում, եւ այն շոուները, որոնց շատ հաճախ ականատես ենք լինում, այո, ուղղակի խայտառակում են պետական ինստիտուտները: Դասական իմաստով հարց է առաջանում, թե ինչու է քաղաքացին ինչ-որ հարց ունենալու պարագայում դիմում վարչապետին: Նախքան նրան հասնելը հազար ու մի ճանապարհ կա՝ հարցերին լուծում տալու: Ես՝ ինքս, այսօր երկու պետական հաստատություն եմ գնացել` փաստաթղթեր թարմացնելու համար, կարիք չեմ ունեցել որեւէ մեկին գրելու: Եթե մարդիկ շարունակ նրան են դիմում, դա նշանակում է, որ, այո, իրապես պետական ինստիտուտները չեն գործում, բայց ես ավելի շատ հակված եմ հավատալու, որ մեր պետությունը դեռեւս շարունակում է գոյատեւել որպես պետություն, որովհետեւ ունեցել ենք կայացած պետական ապարատ, եւ այդ ապարատի մնացորդներն են մինչ օրս շարունակում կատարել իր առաքելությունները: Փաշինյանն իր առջեւ դրել է այդ մնացորդների վերջին փշուրները եւս քանդել, ոչնչացնել: Նրա բոլոր գործողություններն այդ մասին են վկայում՝ քանդել պետությունը մինչեւ վերջ: Դժվար եմ պատկերացնում, որ խելամիտ մարդը կարող է ինչ-որ հարցով դիմել Նիկոլ Փաշինյանին: Խելոք մարդիկ մաքսիմալ հեռու են մնում նրանից: Ես ավելի շատ հակված եմ հավատալու, որ այս մարդը հերթական սուտն է խոսում: Մարդիկ հիասթափված են, խաբված են իրենց համարում, եւ, ցավոք, մեծամասնությունն այլեւս չի վստահում քաղաքական ուժերին, կլինի ընդդիմադիր, թե իշխանական ուժ: Անգամ կենսական նշանակություն ունեցող հարցերում պետությունը երբեմն այնպիսի գնահատականներ է տալիս, որ հանրությունն ուղղակի ապշում է: Դրա թարմ օրինակը Սյունիքում ադրբեջանցի զինվորի դեմ կռիվ տված կնոջն ուղղված գնահատականներն էին: Եթե հանրային ճնշում չլիներ, իշխանությունները գուցե Անի Ավետիսյանին մեղավոր հանեին»: